Սարդարապատը` ոգեղեն մատյան

img_0451

Սարդարապատը միայն ճակատամարտ չէր, դաս էր, դասագիրք, ոգեղեն մատյան…

Երևանին մոտիկ մի դաշտ կա, Գերման, ուր թվում էր 1918-ին ամեն ինչ պիտի վերջանար… Վերջանար 1918 թ. մայիսին…
Պիտի վերջանար աշխարհի ամենահին, ամենաառեղծվածային, իր հակասություններով հանդերձ, ամենաազնիվ ժողովուրդներից մեկը: Ազնիվ, որովհետև դարեդար ոչ միայն սեփական քրտինքով, այլև տառապանքով ու արյամբ էր մաքրվել:
Այստեղ պիտի վերջանար մի լեզու, որ դարձյալ աշխարհում ամենահներից էր և իր ժողովրդի հետ մի այնպիսի տառապալի, համառ ու հավատավոր ճանապարհ էր անցել, որ այդ տառապանքի հարստությամբ անհունորեն հարստացել էր, այդ համառության ոգին ժառանգած, դարձել էր ջղուտ և այդ հավատի ամրությունն առած, այնպես էր կարծրացել ու բյուրեղացել, որ գրավոր դառնալուց դեռ շատ առաջ, իր սքանչելի գողթան երգերում, ադամանդի փայլ էր ստացել…
Այստեղ պիտի վերջանար մի քաղաքակրթություն, որ դարձյալ աշխարհում ամենահներից էր: Յաթաղանի բիրտ հարվածը պիտի կտրեր այդ հնագույն քաղաքակրթություններից մեկի արմատը: Իսկ այնուհետև հայոց լեզուն պիտի համարվեր մեռյալ, գիտական գրադարանների դարակներում պիտի փոշոտվեին մեր չքնաղ առասպելները, Նարեկացու աստվածային զրույցը՝ համաշխարհային պոեզիայի այդ բարձրագույն թռիչքներից մեկը, քուչակյան հանճարեղ հայրենները պիտի ընթերցող չունեցող մատյանների էջերում ինքնանպատակ բոցկլտային, իսկ Թումանյանի բանաստեղծական հրաշքը, պիտի արժանանար այն տխուր փառքին, որին արժանացել են անհետացած ժողովուրդների հանճարները…
Իսկ մեր պատմական հուշարձանները կամ պիտի ավերվեին նվաճողների կողմից, ինչպես արվում է Արևմտյան Հայաստանում, կամ վերածվեին ոչխարի փարախների և կամ պիտի սեփականացվեին, մի բան, որ կեղծարարությամբ ու զեղծարարությամբ արվում է նաև այսօր:
Բայց այստեղ ամեն ինչ սկսվեց նորից…
Եվ սկսվեց մի այնպիսի ժամանակ, երբ մարդկային ամենահասարակ տրամաբանությունն իսկ ասում էր, թե այլևս ոչինչ չի կարող սկսվել, քանի որ բառացիորեն մեն-մենակ էինք արար աշխարհում, մենակ, անպաշտպան, ծվատված ու արյունաքամ…
Եվ դա լավ գիտեին թուրք բարբարոսները: Նրանք հաշվել էին, կշռել ու տեսել, որ ամեն ինչ իրենց օգտին է՝ ժամանակը, իրադրությունը, դիվանագիտությունը, ուժը: Եվ միայն մի բան հաշվի չէին առել՝ հայ ժողովրդի գաղտնիքը, առեղծվածը, ոգին, այդ ոգու յուրահատկությունը: Նրանք հույսը դրել էին նաև մեր ժողովրդի բնավորությանը ոչ առանց հիմքի վերագրված անմիաբանության վրա: Եվ այստեղ էլ էին սխալվել: Նրանք չէին սերտել մեր պատմությունը, չգիտեին նաև, որ այդ անմիաբան համարվող ժողովուրդը օրհասի պահին այնպես է միակամ ու միաձույլ, որ սեղմվում ու բռունցք է դառնում:

Սա այն դաշտն է, ուր թվում էր՝ ամեն ինչ պիտի վերջանար…

Պիտի վերջանար մի ազնվագույն ժողովուրդ, մի մեծասքանչ լեզու եւ մի փառահեղ քաղաքակրթություն։ Բայց այստեղ ամեն ինչ նորից սկսվեց…

Եվ սկսվեց մի այնպիսի ժամանակ, երբ մարդկային ամենահասարակ տրամաբանությունն իսկ ասում էր, թե այլևս ոչինչ չի կարող սկսվել, քանի որ բառացիորեն մեն-մենակ էինք արար աշխարհում, մենակ, անպաշտպան, ծվատված ու արյունաքամ…

Ճիշտ է, Սարդարապատի օրերին դեռ չէր հնչել Չարենցի պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայց նրա էությունը, որպես ժողովրդի հավաքական ենթագիտակցություն ու բնազդ, կար, գործում էր և Սարդարապատի օրերին գործեց մինչեւ այդ պատմության մեջ չտեսնված ուժով ու թափով, գործեց բարձրագույն լարումով։ Քրքրելով մեր պատմության կրակն ու մոխիրը, չի կարելի չգալ այն հաստատ համոզման, որ Սարդարապատը մեր ժողովրդին բաժին ընկած ամենասև փորձությունն էր, բայց և աստղային ամենավսեմ ժամը։ Նրա պատմական խորին խորհուրդը մինչև հիմա լիովին չի գիտակցված ու չի գնահատված։ Դա կյանքի ու մահու սահմանագիծ էր և իր նշանակությամբ շատ ու շատ ավելին, քան լեգենդացած ու սրբագործված Ավարայրը։ Հայաստանն այն ժամանակ թեև Պարսկաստանից ոչ անկախ, բայց ներքին զորությամբ ու կենսահյութով էր լի։ Կենաց ու մահու հարցը սպառնալիորեն չէր կախված Ավարայրի վրա։ 

Ավարայրը պատերազմ էր հանուն հավատի։ Սարդարապատը պատերազմ էր հանուն կյանքի և ընդդեմ մահի։

Հայ ժողովրդի մահը պարտվեց և հաղթեց կյանքը: Հրաշքի էր նման այդ հաղթանակը: Բայց հրաշք չկար: Կար ժողովրդական ոգու մի հրաշալի, աննախադեպ բռնկում: Կար այն վսեմ ճշմարտությունը, որ երբ ժողովրդի ոգին զարթնում, բռնկվում ու շիկացման է հասնում, դառնում է անպարտելի:
Եվ այն ամենը, ինչ պիտի վերջանար այստեղ, նորից սկսվեց:
Աշխարհի հնագույն ու ազնվագույն ժողովուրդներից մեկը իր նոր պետականության հիմքերը դրեց: Եվ սակայն ռուս, թուրք, ադրբեջանական սադրանքներով Հայկական այդ անկախ հանրապետությունը 2 տարվա կյանք ունեցավ:
Բայց անկախ ամեն ինչից, Սարդարապատը միայն ճակատամարտ չէր, դաս էր, դասագիրք, ոգեղեն մատյան:
Ապրելու համար, հարատևելու,  պիտի ամբողջ խորությամբ սերտել այդ դասը, այդ ոգեղեն մատյանը, ուր մեր գոյության աստեղային ժամերից մեկն է հավերժացել..

Աղբյուր`  Վահագն Դավթյան «Համառոտ պատմություն հայոց» (հատվածներ)

Էդգար Հովհաննիսյան. ինչպես ծնվեց «Սարդարապատ» երգը

Խոսք՝ Պարույր Սևակի, երաժշտություն՝  Էդգար Հավհաննիսյանի

1968 թվականն էր, երբ նշվում էր Սարդարապատի ճակատամարտի 50-ամյակը, և արդեն համարյա ավարտվել էր դրան նվիրված հուշարձան-կոթողի կառուցումը, ինձ զանգահարեց Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ասաց, որ շատ է հավանում Երևան-Էրեբունի երգը և շատ է ուզում, որ Սարդարապատ հուշարձանի զանգերի մեղեդին ես գրեմ: Այդ երգով զբաղվում էր հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովը որոշեց, որ զանգերի մեղեդին պետք է լինի զեյթունցիների քայլերգը, որ, հավանաբար, ճիշտ էր, որովհետև ավանդական մեր պատմական երգերից է. նոր մեղեդին կարող էր գոնե սկզբնական շրջանում խորթ թվալ: Այդ միտքը՝ Սարդարապատին նվիրված երաժշտություն ստեղծելը, մտավ իմ մեջ՝ շնորհիվ Ռաֆայել Իսրայելյանի:
Քանի որ մի երգ Պարույր Սևակի հետ ես գրել էի՝ «Երևան-Էրեբունի», և Պարույր Սևակին շատ մոտ էին նման գաղափարները, ես նորից դիմեցի նրան: Պարույրը, որը առաջներում միշտ հակառակ էր այն բանին, որ սկզբում ստեղծվում է երաժշտությունը, ապա հետո նրա համար բանաստեղծությունը գրվում, ասաց.
_ Գիտե՞ս` «Երևան-Էրեբունի» երգի փորձը ցույց է տալիս, որ դա սխալ չէ, արի դու սկզբից երգի երաժշտությունը գրիր, ես հետո այդ չափերով բանաստեղծությունը կստեղծեմ:
Եվ այսպես, այդ երգը ստեղծվեց:
Պետք է ասեմ, որ բանաստեղծությունը՝ երգի տեքստը, ընդունեցի հիացմունքով: Իրոք, շատ լավն էր, շատ բարձր պոեզիա էր: Հավանաբար, ժողովածուների մեջ չի մտել, որովհետև Սևակն ունի ավելի խորը, ավելի բարձրարժեք ստեղծագործություններ. չգիտեմ, բայց իր բովանդակությամբ, իր բանաստեղծական բնույթով, իր աֆորիզմով, որ կա այդ կարճ տեքստի մեջ, շատ բարձր ստեղծագործություն է:
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար:
Այդ բանաստեղծության ամեն մի տողը ուղղակի գլուխգործոց է և մարգարիտ: Պարույր Սևակի հետ ընդամենը երկու երգ գրեցինք: Մտադիր էինք մեծ կտավի ստեղծագործության վրա աշխատել, սակայն կյանքը մեզ այլ բան հրամցրեց…

Սկզբնաղբյուր`  1988 թ. Կ. Թերզյանի «Բույլ մեծաց» գիրք

Աղբյուր՝   magaghat.am

Նաև` Բաշ-Ապարանի հերոսամարտ կամ տոնդ շնորհավոր, Հայաստան ջան

Սարդարապատ կամ սրբազան պատերազմ

Ձեր` Հայկական կակաչ

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Սարդարապատը` ոգեղեն մատյան»

  1. Уведомление: Վահագն Դավթյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Սարդարապատ կամ սրբազան պատերազմ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Բաշ-Ապարանի հերոսամարտ կամ տոնդ շնորհավոր, Հայաստան ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Սիմոն Վրացյան «Խարխափումներ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s