Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոն

Էջմիածին
Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին:

Տոնի օրը մատուցվում է Սբ. Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Գ Ձորափորեցին:

Սահակ Գ Ձորափորեցին հեղինակ է ծիսական կանոնների և ճառերի, որոնցից նշանավոր է Ծաղկազարդին ձոնված «Ճառ Արմավենեացը»: Նա նաև հայ ամենահայտնի շարականագիրներից է, գրել է շուրջ 60 երգ: Դրանցից «Էջմիածինն ի Հօրէ», «Ուրախ լեր, սուրբ եկեղեցի», «Որ նշանաւ ամենայաղթ», «Ի Ս. Խաչն», «Այսօր ուրախացեալ» հետագայի հեղինակների համար ձեռք են բերել չափանմուշի նշանակություն:

«Էջմիածինն ի Հօրէ» շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է:

Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,
ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:
Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի,
պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ.
քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:

Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սբ. Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սբ. Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին:
Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքում բազմիցս ավերվել և վերակառուցվել է, այդուհանդերձ, Տաճարի ներկայիս տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին. «Եւ ի չորեցունց սեանցն ի վերայ խաչիցն կամարք զարմանատեսք ի միմեանս կապեցան. եւ ի վերայ այնորիկ տեսի գմբեթաձեւ խորանարդ ամպեղեն շինուած աստուածակերպ զարմանլի…..»:

Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի` «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար:

Ագաթանգեղոսի վկայությամբ`​ Մայր Տաճարը կառուցվել է Տրդատ 3-րդ թագավորի և Գրիրգոր Լուսավորիչ կաթողիկոսի օրոք` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (301-303թթ): Վերանորոգման աշխատանքներ իրականացվել են Ներսես Ա և Սահակ Պարթև կաթողիկոսների օրոք:

Ղազար Փարպեցու վկայությամբ` Մայրավանքը և այժմ գոյություն ունեցող խաչաձև և կենտրոնակազմ հորինվածքով տաճարը Վահան Մամիկոնյանի 483թ-ին կառուցածն է (բացի գմբեթից): 1654թ-ին Փիլիպոս կաթողիկոսը սկսեց արևմտյան ճակատին կից զանգակատան շինարարությունը, որն ավարտվեց Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի օրոք: Մայրավանքի որմնանկարները վերանորոգվել են 18-րդ դարում:

1955թ-ին տաճարի դրսի և ներսի կողմերից խոշոր շինարարական աշխատանքներ է ծավալել Վազգեն Ա կաթողիկոսը: Մայր տաճարի վերանորոգման հանձնաժողովի կազմի մեջ են եղել նաև Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Մարտիրոս Սարյանը, Ռաֆայել Իսրայելյանը:

Իսկ ըստ ազգային ավանդության` Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյ նահապետը այդտեղ է սեղան կանգնեցրել և գոհունակություն հայտնել Աստծուն:

Էջմիածնի Մայր տաճարի Ավագ խորանում Գրիգոր Ա Լուսավորիչը սեղան է կանգնեցրել և օծել Շողակաթ սուրբ Աստվածածին անունով: Մինչև XV դարը  Էջմիածնի Մայր տաճարը հայտնի է եղել Վաղարշապատի Սուրբ Կաթողիկե եկեղեցի, Շողակաթ Սուրբ Աստվածածին եկեղեցի անուններով: «Էջմիածին» անունը տաճարի համար առաջին անգամ կիրառել է Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը` XIII դ.-ում:

Էջմիածնի Մայր տաճարում են պահվում Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբությունները` սուրբ Գեղարդը, Թադեոս  առաքյալի Աջը, Գետարգելի սուրբ Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, սուրբ Հռիփսիմեի և սուրբ Գայանեի մասունքները, սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, սուրբ Արիստակես Ա Պարթևի Աջը, սուրբ Գևորգ Զորավարի, սուրբ Նիկողայոս Հրաշագործի մասունքները:

Մայր տաճարը, ի սկզբանե լինելով գմբեթավոր, աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է: Մայր տաճարի խաչաձև-կենտրոնագմբեթ, քառամույթ, քառախորան այս հորինվածքը հայկական եկեղեցական ճարտարապետության մեծ ավանդն է ողջ քրիստոնեության ճարտարապետության մեջ:

Մայրավանքի նմանությամբ կամ «էջմիածնատիպ» կառույցները Եվրոպայում տարածվեցին 8-9 դդ-ում: Էջմիածին-Բագարան տիպին են պատկանում Աախենի պալատական մատուռը՝  Սեն Շապելը, Քյոլնի Ս. Գեդեոնը, Ֆուլդայի Ս. Միքայելը, Սեն-Ֆիլիբեր դը Գրանլյո եկեղեցին (Ֆրանսիա), Սեն-Բազիլ դղյակային մատուռը (Բելգիա) և Միլանի Սան Սատիրոն (Իտալիա)։

1994թ. Մայր Տաճարի մանրակերտը տեղադրվել է «Մինի Մունդուսում» (համաշխարհային ճարտարապետության լավագույն նմուշների մանրակերտների բացօթյա թանգարան), իսկ 2000թ.-ին տաճարը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:

Աղբյուրը՝  Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան

Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք

Ղազար Փարպեցի «Հայոց պատմություն»

Ագաթանգեղոս «Հայոց պատմություն»

Մաղաքիա Օրմանյան «Ծիսական բառարան»

Նյութը պատրասատեց Նունե Մովսիսյանը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s