Մենք հանդիպեցինք քո երկրում, ինչպես սովորաբար ասվում է՝ պատահաբար, ոչ այնքան համեստ մի խորտկարանում:
Դու նստելուց առաջ մի խեթ հայացք ձգեցիր վրաս, ավելի ճիշտ հայացքն այդ ուղղված էր բաց ուսերիս և մերկ սրունքներիս: Դե, ոչինչ, արդեն վատ չեմ զգում. քո երկրում, վերջին շաբաթվա ընքացքում, սովորեցի ընդունել ու բաց թողնել նման հայացքներ: Իբր տղամարդկանց կծու ու մեղադրող հայացքները քիչ էին, հիմա էլ դու ես հաստատ մտածում, որ աննամուսի մեկն եմ:
Մանկահասակ կնոջն ուղեկցող տղամարդն իմ տեսադաշտից դուրս հայտնվեց. մեջքով դեպի ինձ էր նստած, դրա փոխարեն շատ լավ երևում էր կինը: Դու նստեցիր կողքի սեղանի մոտ՝ ուղիղ իմ դիմաց: Ես քաշվեցի մի կողմ, որպեսզի ավելորդ ուշադրություն չգրավեմ ու, չգիտեմ թե ինչու, որոշեցի հետևել քեզ:
Կինը, ինչպես իր երկրի շատ կանայք, փաթաթված էր (տատս կասեր՝ ջընդըրկված-բընդըրկված) հագուստի մեջ: Հագին սևին մոտ մուգ գույնի երկար զգեստ էր, որն ամբողջովին իր մեջ էր առնում դեռատի կնոջ մարմինը, գլխին՝ գլխաշոր: Թրքուհին ուտում էր և խոսում: Խոսում էր և … գերում: Ակնհայտ էր, որ գերում էր, բայց ինչպե՜ս…
Դիմացը նստած տղամարդուն նա գերում էր վառվող ու վառող աչքերով, տաքուկ ու ջերմ հայացքով, մոմե ձեռքերի արտահայտիչ շարժումներով, բազմերանգ միմիկայով, ձայնի ռիթմի տատանումներով, խոսքի դադարներով, վերջապես՝ իր ոսկերչական նրբության հասնող լռությամբ…
Եվ, երբ ընթրիքն ավարտելուց հետո Կինը գնաց` պարզորոշ հասկացա մի բան. սիրո արվեստը ոչ թե և ոչ այնքան մարմնի բարեմասնությունները մատուցելու, այլ հոգու թաքուն խորքերից սրտում եղածն արտահայտելու մեջ է…
Նկարի հեղինակ՝ Lamis Saaeb Al Hamwi
Ն. Մ.