Սկզբում քեզ կասեն` այլ կերպ հագնվիր, հետո կասեն, որ պետք է նիհարել: Այնուհետև կասեն, որ հարկավոր է աշխույժ շարժվել և ուրախ հայացքով նայել: Լավատե՛ս լինել: Եվ չբողոքե՛լ: Սանրվածքն էլ է պետք փոխել: Կարդալ մոդայիկ համարվող գրքեր և նայել ֆիլմեր` ինքնազարգացման համար: Եվ, երբ նիհարես, փոխես սանրվածքդ, այլ կերպ հագնվես և լայն ժպտաս, կասեն, որ դու դրա համար արդեն ծեր ես: Իսկ ի՞նչ անել այդ ժամանակ:
Այդպես էր ասում ամուսինը, ում հետ կինն ապրում էր քսանհինգ տարի: Նրանց համատեղ կյաքի ընթացքում կինը մարզասրահ էր գնում, վարժություններ էր անում, որպեսզի նիհարի, փոխում էր սանրվածքը, որպեսզի դուր գա ամուսնուն: Նայում էր ֆիլմեր, որոնք ամուսինն էր հավանում: Կարդում էր գրքեր, որոնք խորհուրդ էր տալիս ամուսինը: Արձակուրդին քայլում էր գետի երկայնքով և լեռներ էր մագլցում, իսկ երեկոները նստում էր խարույկի մոտ և մոծակներից խուսափելով` կիթառ նվագում և երգում: Ամուսինն այդպես էր սիրում անցկացնել արձակուրդը: Դե՛, կինն էլ անում էր այն, ինչն ամուսնուն էր դուր գալիս: Ընդունո՛ւմ էր քննադատությունը: Ջանքե՛ր էր գործադրում:
Կինը քայլում էր սպորտային մոդայիկ մարզահագուստով, մեջքին` ծանր ուսապարկ: Քայլում էր դժվարությամբ: Ամուսինը բարկացավ, որ կինը դանդաղ է քայլում և ասաց.
-Շա՛տ ես ծերացել:
Ինչպե՞ս վարվել այդ քննադատությանը: Սա արդեն քաշ չէ և ո՛չ էլ սանրվածք: Նոր ֆիլմ էլ չէ տիեզերական գիտակցության մասին, որ նստես ու նայես: Չես կարող հաշվի չառնել անցնող հիսունհինգ տարիները. դժվարանում ես քարշ տալ ծանր ուսապարկը և երգելով անցնել մառառուտը… Կես դար կինը հանուն ամուսնության ամեն ինչ արել էր այնպես, ինչպես ուզել էր ամուսինը: Արել էր, որպեսզի սեր և հասկացվածություն լինի:
Իսկ, հետո ամուսինը մեծ և արագ քայլերով առաջ անցավ կնոջից: Իսկ կինը նստեց ուսապարկի վրա և լաց եղավ. նա շա՜տ էր հոգնել: Ինչպես փոքրիկ, ծեր թզուկ` նստել էր անտառում և լաց էր լինում: Եվ այդ լացը դառն էր, որովհետև չէր ապրել այնպես, ինչպես ինքն էր ուզում. իրեն ստիպել էր սոված մնալ, քրտնել մարզասրահներում, իսկ արձակուրդին թափառել էր տայգաներում և լեռներ էր բարձրացել: Մինչդեռ ինքը լրիվ ուրիշ բան էր ուզում. ծովափին խաղաղ երեկոներ անցկացնել, կարկանդակներ թխել, երբեմն-երբեմն դրամաներ նայել կինոթատրոնում, երկար մազեր ունենալ, ժամանակ առ ժամանակ բազմոցին պառկած գիրք կարդալ, սիրուն շորիկով թատրոն գնալ…
Նա չէր ապրել իր կյանքը. արել էր այն, ինչ ամուսնուն էր դուր եկել: Նա չէր ցանկացել ամուսնուն կորցնել: Իսկ ամուսինը, ահա՛, իրեն ծեր կոչեց և թողեց անտառում` ինչ է թե, ինքը հազի՞վ է շարժվում:
Կինը հասավ կայարան` անտառում շպրտելով ծանր ուսապարկը: Մոտի եղած գումարը հազիվ բավարարեց տոմս առնելու համար, դա արդեն լավ է: Նա հեռացավ` գնացքի մթամած ապակիների միջից նայելով մռայլ անտառին, որից հրաշքով դուրս պրծավ…
Նա դուրս եկավ, իսկ ինչ-որ մեկը` դեռևս ոչ. մինչև հիմա նիհարում է, սանրվածք է փոխում, հանգստանում և ուտում է ոչ այնպես, ինչպես ինքն է ուզում, այլ այնպես, ինչպես հարկավոր է ուրիշներին: Եվ իզո՜ւր: Որովհետև, միևնո՛ւյնն է, կարող են թողնել անտառում` ինչ է թե մենք արդեն ծերացել ենք և հազիվ ենք քարշ տալիս մեջքի ծանր պայուսակը…
Աղբյուրը` Анна Валентиновна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Աննա Կիրյանովա» կայքէջին
I don’t understand anything but nice photo! ; D. Sorry it’s off topic but can i ask what language is that?
НравитсяНравится
Thank you. That is Armenian, one of the oldest languages in the world.
НравитсяНравится
Уведомление: Աննա Կիրյանովա «Ապրիր քո կյանքը» — Նանե Այնթաբյան
Уведомление: Ապրիր քո կյանքով. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան
Уведомление: Ժամանակակից հոգևոր նյութերի ընթերցում. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան