Օգոստոսի 31-ին ծնվել է Վիլյամ Սարոյանը:
Լևոն Մկրտչյանի հուշերից
Դեռ Լենինգրադում Սարոյանն ասում էր, որ հավանում է երևանյան տղամարդկանց կոշիկները՝ ամուր տակացուներով, կլոր եւ վերև ցցված ծայրերով: Եվ երբ նրան տվեցին հարյուր ռուբլի գումար՝ ամենօրյա ծախսերը հոգալու համար, նա ասաց.
— Շատ լավ: Կհասնենք Երևան, կառնեմ ինձ երևանյան կոշիկներ: Լևոնի կոշիկներից:
Երևանում նրան փոխանցեցին պարգևավճարը:
— Սա Ձեզ «Սովետական գրող» հրատարակչությունից:
— Շատ լավ: Ինձ կոշիկ կառնեմ: Լևոնի կոշիկներից:
— Սա Ձեզ հեռուստատեսությունից:
— Շատ լավ: Ինձ կոշիկ կառնեմ:
Եվ նա իսկապես գնեց հինգ զույգ երևանյան կոշիկ: Սակայն մեկնելիս, երբ նա հավաքում էր ճամպրուկները, ասաց.
— Ես կուզեի երկար ապրել Հայաստանում, այնքան երկար, որ մաշեի բոլոր առած կոշիկները, բայց հիմա ես գնում եմ, իսկ ճամպրուկներումս տեղ չկա: Թող այս կոշիկները մնան Երևանում: Ես կիմանամ, որ Երևանում շատ կոշիկներ ունեմ, որ Հայաստանում ես ոտաբոբիկ չեմ:
Երբ նա նստում էր մեքենան՝ օդանավակայան գնալու համար, մի աղջին մոտեցավ ու ծրար փոխանցեց նրան.
-Սա Ձեր պարգևավճարը՝ «Գրական թերթից»:
-Շատ լավ, — ժպտաց Սարոյանը, — ինձ կոշիկ կառնեմ: Լևոնի կոշիկներից: Եվ կքայլեմ ու կքայլեմ այս հողի վրա այնպես, ինչպես դեռ ոչ ոք չի քայլել…
Աղբյուրը` Մարինե Ասատրյանի ֆեյսբուքյան էջ
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Վիլյամ Սարոյան» կայքէջին
«Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը գնել էր աճուրդի հանված տունը, և այն արդեն այսօր վերածվում է թանգարանի։ Դա Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյում գտնվող տունն է, որտեղ նա ապրել է կյանքի վերջին 17 տարիները։ Այս տարի` օգոստոսի 31-ին, կբացվի Վիլյամ Սարոյանի ինտերակտիվ թանգարանը։