«Թող ողջ մնա իմ ժողովուրդը, նրա սրտում ես երբեք չեմ մրսի: Ինձ համար չկա ուրիշ երկինք, քան իմ ժողովրդի հարազատ հոգին»: Սեպտեմբերի 26-ին ծնվել է Կոմիտասը:
Կոմիտասը և Թերլեմեզյանը եղել են մտերիմ ընկերներ: Ստորև ձեզ ենք ներկայացնում «Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից հատվածներ: Պատմում է Փանոս Թերլեմեզյանը:
Մի անգամ, երբ ես իմ աշխատանոցում էի, խոհարարը եկավ, թե ոսկե զարդերով կառք կա կանգնած դռանը և քեզ են հարցնում: Վար իջա` տեսնեմ, կայսեր արարողապետ Իսմայիլ Ջանանի բեյը, որ կառքի միջից թույլատվություն խնդրեց նկարներս տեսնելու:
Բարձրացանք մեր տան երկրորդ և երրորդ հարկերը, ու նա ուշի ուշով դիտեց բոլոր նկարները: Վար իջնելիս, երբ Կոմիտասի սենյակի դռան առջևից էինք անցնում, ասի որ չէի՞ք բարեհաճում Կոմիտաս էֆենդիին ծանոթանալ: Նա պատասխանեց. «Կուզեի, բայց կրնա ըլլալ որ խանգարեմ»: Ասացի. «Բնավ չեք խանգարի» և Կոմիտասի սենյակի դուռը բանալով` ներս հրամցրի: Նրանք ծանոթացան և արարողապետը ոտքի վրա դիտեց այդ սենյակում կախված իմ նկարները: Սուրճ խմելուց հետո ինձ դարձավ` «Չեմ համարձակվում, ապա թե ոչ, պիտի խնդրեի Կոմիտաս էֆենդիին որևէ մի բան նվագել կամ երգել»:
Կոմիտասը լսելով այդ կամացուկ և ֆրանսերենով ասված նախադասությունը, անմիջապես գնաց պիանոյի մոտ և ինքն իրեն ակորդներ վերցնելով` երգեց Շուբերտից գերմաներեն մի երգ, անչափ խորունկ զգացումով, որ մենք քարացել էինք: Նրա վերջացնելուց հետո էլ բավական ժամանակ լուռ էինք, երբ Թուրքիո դիվանագետը` ինքն իրեն չկարողանալով զսպել` ձեռքը սեղանին խփեց և ասաց. «Sapristi: (գրողը տանի) ութ հարյուր տարվա պետություն ենք և ցարդ այսպիսի մի արվեստի և արվեստագետների տաճար չունեցանք»:
Այդ սուլթանական գործեր վարող դիվանագետը մեկնեց սրտմտած: Իսկ նրա մեկնելուց հետո` ես շնորհավորեցի Կոմիտասին այդ հաղթանակի համար և վերկացանք երկուսս միասին «Լաչիմ նանա» պարեցինք:
Այդ պարը նա սովորել էր Կոտայքի Ղըրխբուլաղ գյուղում` ճեմարանի աշակերտ եղած ժամանակ:
Աղբյուրը` hayagitaran.am
Սկզբնաղբյուր` Փանոս Թերլեմեզյան
Ժամանակակիցները Կոմիտասի մասին, էջ 190
Լուսանկարում` Կոմիտաս և Փանոս Թերլեմեզյան
1921 թվականին նկարիչ Փանոս Թերլեմեզյանը Վիլ-Էվրար հոգեբուժարանում այցելեց Կոմիտասին. «… Ես սենյակ մտա բուժքրոջ ուղեկցությամբ…Պառկած էր. վեր ցատկեց, ես էլ իր վզին ընկա եւ սկսեցի համբուրել իրեն։ Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով՝ ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»։ Հետո «նստիր» ասաց, եւ սկսեցինք խոսել։
-Կոմիտաս,- ասացի,- գիտեմ, չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել. մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում…
Սակայն նա բառերի ստուգաբանություն և փիլիսոփայություն էր անում: Հետզհետե ավելի լրջացավ: Նկարչության մասին հետևյալն ասաց. «Պետք չէ. հարկավոր է միայն լույս և բնություն»: Առաջարկեցի միասին Սևան գնալ:
— Ի՞նչ անեմ այնտեղ, — ասաց:
Էջմիածնի մասին էլ անտարբեր մնաց:
— Գնանք դուրս, ման գանք, — ասացի:
— Այստեղ շատ լավ է, — ասաց:
Կյանքի և մահվան մասին խոսելիս` ասաց, որ մահը գոյություն չունի և իսկույն սենյակի դուռը բանալով ավելացրեց. «Սա գերեզման չէ, ապա ի՞նչ է»: Կոմիտասին հանգստացնելուց հետո ասացի. «Գնամ, չձանձրացնեմ»:
«Չէ՛, եկել ես, նստիր, էլ ո՞ւր ես գնում»: Ասացի, որ իր բարեկամներից մեկին իրեն մոտ են բերելու, որը եկել է Փարիզ դերասանություն սովորելու:
— Ո՛չ, ինչի՞ է պետք այդ արվեստը:
Եվ Ագանթանգեղոսից մի քանի խոսք ասաց, և երբ չափազանց խրթնի գրաբար լինելուն համար սկսեցի մտածել, նա անմիջապես բացատրեց, — խոզերը երբ աղբաջրի մեջ կլողան, կարծում եմ, որ լավ լոգանք են անում:
Խոսեցի իր աշակերտների մասին. ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու:
Հարցրի` հա՞յ երաժշտությունն է լավ, թե եվրոպականը. «Եղբայր (բարկացած), դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը` իր»:
Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո´», ասաց: «Դե, Կոմիտաս ջան, մի բան երգի ինձ համար»: «Չէ՛, հիմա ես իմ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»:
Մի կես ժամ էլ դեսից դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց. դուռը բաց արավ և գնաց երեսը կպցրեց պատուհանի ապակուն և էլ չխոսեց: Հագնվեցի, մնաս բարով ասացի և առանց պատասխան ստանալու դուրս եկա:
1928 թվին մի անգամ ևս այցելեցի Կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցի նրանից:
Որոշ է, որ Կոմիտասը ամենեն ավելի ինքը կզգա իր էությունը բզկտող տառապանքը. «Զիս հանգիստ ձգեցեք», «ես իմ անելիքներս ունիմ…» — կըսե մեկու մը: Եվ երբ իր ներկայության ընդունված ուրիշ հայրենակից մը բաժանվելու ատեն փափագ կհայտնե կրկին այցելել, ան կհարե սրտառուչ կերպով. «Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճանփորդ եմ…»:
Աղբյուրը` komitas.am, lurer.com
Կարող եք ծանոթանալ նաև «Կոմիտաս» կայքէջին
Уведомление: ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ – Սոնա Բիանջյան
Уведомление: Կոմիտաս… – Նարօտ Դավթյան