Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն»

123124629_1168647830220275_2995175298062755227_o

Զարմանալի աշուն

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-

Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…

Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

Աշուն է նստել սեղանիդ

Աշուն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր,-
Թախիծը թվում է սպեղանի, խնդությունը թույն է արդեն:
Օ, երազն այս, երազն այս պատիր, այս ցնորքը մի՛շտ գրավիչ.-
Բայց դժվար թե նա ազատի քեզ գերող անդուռ այս ցավից…
Սեղանիդ նկարն այդ գունատ, սեղանիդ վարդերն այդ դեղին –
Ու հուշերն, հուշերն այդ թունոտ,-ու չկա ոչ մի ուղի…
Նա գնաց, անդարձ այդ ցնորքը, այդ ուրուն քո մտերիմ,-
Բայց իր մութ շիրիմի խորքից դեռ երկա՜ր քեզ կգերի…
Կգերի ու քեզ կասի, որ գնա՜ց կյանքը արդեն,-
Աշունն է նստել սեղանիդ՝ ճակատին թորշոմած վարդեր…

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:

Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է…

Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ…

Քամին

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին,

Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին,

Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է ասյտեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին,- երկարաթև թռչուն,-
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,-
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնծոտիներ հագած պառավների նման,-
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-
Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք…

Օ, գթացե՛ք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին…

1922

Աշնանային

Արևն արծաթել է ամպերը թիթեղ.
Լույսից սփրթնել են ամպերը տեղ-տեղ։

Դանդաղ բարձրանում է արևն արծաթե —
Սառցի պես հալչում է երկինքը կաթե։

Ու պաղ հիացքով մի, կարծես թե իզուր,
Սահում են լույսերը սարսուռ առ սարսուռ։

Աշունը թափում է թերթերս հիմա,
Ու թոնը թրջում է արտերս հիմա։

Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է.
Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։

Գարնա՛ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը,
Ու հովը թաղում է վարդերս հիմա…

Վերջերգ

Աշունը, ա՛խ, այնպես անցավ՝
Ե՜վ ցնցող, և՜ ծանր, ինչպես
Հանճարեղ ոճիր կամ հանցանք:

Ցերեկները ծնծղաներ հնչեց,
Ցնծության շեփորներ հնչեղ, —
Գիշերները — դարձավ զառանցանք: —

Եվ ի՞նչ էր այդպես շափշափում
Ցնծությամբ — այդքա՜ն անիմաստ, —
Արդյոք ի՞նձ էր, ի՞նձ էր խաբում…

Ա՛խ, — գիտեմ արդեն ես հիմա,
Որ աշնան ցնծուն տագնապում —
Արշավող ցրտերի դիմաց, —

Իր մեռած խոսքերն է թափում
Եվ նորոգ զրույցներ խորհում
Գալիքից տագնապող մի մարդ:

Որպեսզի գալիք սարսափում,
Օրերի վերջին տագնապում —
Չգտնեն իրեն — մերձիմահ…

Ախ, թերևս այն, որ տապում
Ծառերի մորմոքի — հենց հիմա
Իմ կյանքն է տագնապում մերձիմահ…

1935-1937թթ

Վերադարձած աշուն

Ցուրտ է, աշունը շրշում է, — ցուրտ է և սի՜րտըս՝ մըրսում է. —
Սիրտ իմ, հիշո՞ւմ ես — աշուն էր, ուշ մի աշուն էր Կարսում, —
Ճի՜շտ այսպիսի մի աշուն էր, ցո՜ւրտ՝ խշխշում էր աշունը, —
Թաց՝ սրթսրթում էր աշունը, ինչպես շունը՝ գիշերը դրսում…

Ե՞րբ էր, հիշո՞ւմ ես, օ, սի՜րտ իմ, — այն ե՞րբ էր խշշում այդ աշունը. —
Երե՞կ էր, տարինե՞ր առաջ, — ախ, գուցե դա՛ր է անցել…
Ո՜չ. — ընդամենը քսան և երկու տարի է — հիշում եմ. —
Կարծես քույրն է նրա այս աշունը, — նո՜ւյն շրշյունն է և նո՜ւյն քնքշությունը,
Կարծես տուն է դարձել մանկությունը՝ մանկությունը… հուշի՛ նման ծեր…
Մանկությո՞ւնը — ախ, ի՞նչ ես ասում, մանկություն և աշո՞ւն — մանկությունը
Կարո՞ղ է արդյոք առնչվել թովչության հետ անձրևի ու աշնան, —

Մանկությունը — ի՜նչ էլ որ լինի — առավոտ է, գարնան ցանկություն է,
Իսկ աշունը՝ մշուշ է, մահվան մուժ, — հուշերի տերևներ թոշնած…

Բայց էլի ինչ էլ որ ասեն, մենք գիտենք հո քեզ հետ, օ, սի՜րտ իմ,
Որ… մանկության նման լույս, մանկության նման կենսալի՝
Այն աշունը — առաջին մեր սիրո, առաջին երգերի մեր քույրն էր…
Որ անցած աշունն այն հեռու, — դա հենց ինքը՝ մեր մանկությունն էր…

Մանկությունն էր հեռու այդ աշունը, առավոտն էր մեր առաջին՝
Մանկության պես լուսեղ և անբիծ — այդ աշունը սիրո՝ մեր հերն էր…
Բայց — խնդությա՛ն էր նման այն հեռու աշնան տխրությունը, —
Եվ տխրության է նման այս աշնան բերած խնդությունն իսկ…

29. IX. 1936, Ծաղկաձոր

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Եղիշե Չարենց «Զարմանալի աշուն»

  1. Уведомление: Չարենցյան փաթեթ… — Անի Արղության

  2. Уведомление: Եղիշե Չարենց փաթեթ – Գարիկ Բարխուդարյան

  3. Уведомление: Չարենցյան փաթեթ… | Նաիրա Ազատյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s