Խեր լինի, ոնց որ վերջերս այս հարցը սկսել եմ հաճախակի տալ ինձ: Հավանաբար, կես դար ապրած մարդու հոգեբանական դրսևորում է, ի՞նչ իմանաս…
Նկատել եմ, չէ՛ զգացել եմ, որ կան մարդիկ, ովքեր ինձ սիրում են: Ճիշտն ասած` դժվարանում եմ հասկանալ, թե հատկապես ինչի համար են ինձ սիրում (ի՜նչ մի սիրելու բան եմ որ), բայց…հաստատ լավ են անում, որ սիրում են: Ես նրանց սիրուց թևեր եմ առնում և ձգտում էլ ավելի լավը դառնալ:
Ապրեք, որ ինձ սիրում եք: Այնպես որ, շնորհակալություն և պաչիկներ ինձ սիրողներին:
Նկատել եմ, չէ՛` զգացել եմ, որ կան մարդիկ էլ, ովքեր ինձ էնքան էլ չեն սիրում: Ճիշտն ասած` լավ էլ հասկանում եմ, թե ինչի համար կարող են ինձ չսիրել, բայց…լավ են անում, որ չեն սիրում: Ես դրանից հաստատ ինձ ավելի ուժեղ եմ զգում և ձգտում մի քիչ ավելի դիմացկուն դառնալ:
Ապրեք, որ ինձ չեք սիրում: Այնպես որ, շնորհակալություն և համբերություն ինձ դիմացողներին:
Ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասեմ` հանգիստ ու խաղաղ եմ վերաբերվում երկու դեպքում էլ: Առաջին դեպքում գլուխս չեմ կորցնում, երկրորդ դեպքում էլ` ծանր չեմ տանում: Երկու դեպքում էլ ընտրությունը իմը չէ, ուստի հարգանքով եմ վերաբերվում և՛ ինձ սիրողներին, և՛ հատկապես` ինձ չսիրողներին:
-Լա՛վ, բայց ո՞վ եմ ես:
Ասեմ` ես Ձեզանից մեկն եմ: Ուզեք, թե չուզեք` ես կա՛մ, ներկա՛ եմ այն մարդկանց մեջ, ովքեր ինձ սիրում են ու գնահատում: Իսկ նրանց, ում ես եմ սիրում ու գնահատում` ինձ հետ են մի՜շտ: Նրանց հետ ես մշտական, բայց անտեսանելի կապի մեջ եմ` հետները հաճախակի զրուցում եմ, հարց եմ տալիս ու պատասխան ստանում, անհանգստանում եմ նրանց համար, երբեմն էլ նրանց ժպտում եմ իմ փոսիկավոր ժպիտով, իսկ, եթե ինչ-որ բան այն չեմ արել կամ ասել` գլուխս կախ ներողություն եմ խնդրում ու մեծահոգաբար ներվում…
Այնպես որ, շնորհակալ եմ, որ Դուք կաք իմ կյանքում: Շնորհակալ եմ իմ կյանքում Ձեր ունեցած չափազանց կարևոր ներկայության համար: Ամեն տարվա նման` այսօր, վաղը և միշտ, խորին երախտագիտությամբ ընդունում եմ սեր, ժպիտներ, փայլփլուն աչքեր և պաչիկներ:
Առանց Ձեզ ես չէի կարող լինել այնպիսին, ինչպիսին եմ հիմա: Ինչպես Շառլ Ազնավուրը կասեր. «Ես այն եմ, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս»:
Միշտ Ձեր` Նունե
Լուսանկարը` Արմինե Թոփչյանի
Уведомление: Շնորհակալ եմ, որ Դուք կաք… — Անի Արղության