Հրանտ Մաթևոսյան «… Որ էս երկիրը երկիր դառնա»

49213161_672705023147894_474311608072404992_n

Հատվածներ Հրանտ Մաթևոսյանի «…Որ էս երկիրը երկիր դառնա» զրույցից

– Ի՞նչն է այս պահին հուզում Ձեզ, Նահապետ:
– Մեր անպատասխանատվությունը մեր իսկ հանրապետության նկատմամբ, յուրաքանչյուր հայ քաղաքացու անպատասխանատվությունը երեկ՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, այսօր՝ Անկախ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մենք, մեր ներսի անպատասխանատու ալարկոտի հետ դաշնակցած, մեր գործն ու վարքը կապում ենք՝ որպես թե դեմոկրատական շարժման, որպես թե բռնակալության տապալման, որպես թե Անկախ պետությունների համագործակցության անհեռանկարայնության հետ, և որպես թե ահա մենք ինչ-որ մի բանի առաջամարտիկներ ենք: Մինչդեռ ինքներս պիտի լինեինք մեր գլխի տերը, երեկ՝ նախկին հանրապետության, այսօր՝ այս նոր հանրապետության առջև մեր պարտականությունները կատարեինք բծախնդրությամբ… Երեկ բանակը չենք լիցքավորել հայկական ուժերով, երեկ առաջադրված բարեփոխումները չենք լցրել հայկական մտքի և ուժի կարողությամբ, չենք ենթարկվել երեկվա մեխանիզմին և չենք ենթարկվում այսօրվա մեխանիզմին… շատ անպատասխանատու ենք… Իսկապես, անիշխանություն է, անարխիստներ կան մեջներս. այս անիշխանությունը մենք հակադրում ենք որպես թե ազատամարտիկի մեր կեցվածքին, որպես թե ազատություն սիրողի, բանակային կարգի մեջ չմտնողի մեր ինչ-որ մի կեցվածքին, և փաստորեն դա փախստականություն է ինքներս մեզանից, փախստականություն՝ ազգային պարտականությունից… Պետությունը միայն բանակով է կայանում… Պատերազմը բռնություն է, բայց իրողություն: Պիտի իրողությանը ենթարկվես, պիտի մթի իրականության թելադրանքին ենթարկվես: Ոչ իրողությունը, ոչ կուրությունը քեզ այդ իրականությունից, միևնույն է, խուսանավել, խուսափել չի տալու: Իրականությունը իրենը պարտադրում է. դու պարտավոր ես բաց լինել նրա առաջ և տղամարդու պես բանաձևել, քո պատասխանը տալ դրան… Բայց էլի վազում ենք Տիզբոն, էլի վազում ենք Մոսկվա, էլի վազում ենք… Մենք մեզ պիտի կարգավորենք, մեր գնդերը կարգավորենք, մեզ իրականության առջև կանգնեցնենք, հետո, մեր ներսում անձնավորված, մեր հանրապետության ներսում պատրաստ լինելուց հետո, դիմենք հարևան և մյուս հանրապետություններին… Խնդրեմ, պիտի կանխենք՝ ահա սրանով… Մենք իսկապես պիտի պատրաստ լինենք: …Մեր իրականությանը պիտի տեր կանգնենք: …Մենք ուղղակի պիտի փակվենք և մեր խոսքը գտնենք, մեր խոսքին համապատասխան մեր վարքն ունենանք իրողության առաջ:

… Ղարաբաղն իմ պրոբլեմն է, Ղարաբաղն իմ հողն է, Ղարաբաղից չի կարելի հրաժարվել, եթե նույնիսկ թուրքի ետևում ով ասես կանգնած լինի, եթե նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այսպես, մնացածը ինձ համար բացարձակապես անընդունելի տարբերակներ են:

… Չի կարելի: Չի կարելի առանց փողկապի, չսափրված հայտնվել էկրանին, չի կարելի կոտրած ատամներով պետական պաշտոնյա լինել, չի կարելի 15 րոպե աշխատանքից ուշանալ, չի կարելի դեպքը պատահելուց 5 րոպե հետո այնտեղ չլինել, չի կարելի անառողջ լինել: Շատ բաներ չի կարելի: Մեզ հիանալի պետական չինովնիկներ են պետք, հոյակապ կատարողներ են պետք, լավ, հստակ ծառայողներ են պետք…

… Կորցրել ենք, չենք կորցրել, այդ մասին չխոսենք, որովհետև եթե ասենք կորցրել ենք, էլի ենք կորցնելու: Մարդը հակված է կառավարվելու, հակված է պաշտպանվելու, լավ պաշտպանվելու, ազգ դառնալու, ազգն էլ պետության վերաճեցնելու: Այդ հուսահատական բաները չեմ սիրում, թե՝ ազգը պառավել է՝ էս էլ թշնամու կողմից պարտադրված կոդ է: Սուլթանը, թուրքը մեզ անիշխան է որակել, որ մենք անիշխանների ազգ ենք: Ես էլ պատասխանում եմ. անիշխանների ազգ ենք, որովհետև իշխանությունը իմը չէ և դրա համար էլ իշխանություններին ըմբոստնել եմ: Իսկապես անիշխաններ չենք, և մենք մեր իշխանությունը կունենանք: Դրա պատասխանը ես կտամ, երբ մենք մեր իշխանությունը կունենանք և այդ իշխանությամբ կպատասխանենք թշնամու սարքած խարանին: Վերևում Աստված կա, պիտի մեր վարքն այնպիսին լինի, որ նույնիսկ թշնամին զարմանա, հիանա, թե էս ինչ գեղեցիկ զոհ էր, էս ինչ ճիշտ բան էր:

…Երբ պետությունը կուժեղանա, կտեսնենք, որ իշխանությունները զորեղանում են, արագ, արագ ժողովրդի կապերը կբացենք և կթողնենք ժողովրդին, որ պետությանը խփի, չթողնի, որ իշխանությունները լկտիանան:

…Փաստորեն կուսակցությունները խորհրդարանական աշխատանքների ճշգրիտ ձևեր են: Մարդկությունը կառավարման ուրիշ ձև չի գտել, սրանից ելնելով, փրկարար կոչը ոչ թե ժողովրդին պետք է հղել, այլ կուսակցություններին, որպեսզի նրանք իսկապես կարողանան վեր մնալ իրենց նեղ շահերից:

…Այո, այո, կուսակցականությունը կործանել է Հայաստանի առաջին հանրապետությունը և կկործանի նաև այս հանրապետությունը, եթե ուշքի չգանք: Հանրապետության նախագահին ես երևի պիտի ցանկանայի, որ հանրապետությունը պատերազմի եզրով տաներ, բայց երկիրը պատերազմի մեջ չքաշեր: Բայց, այդուհանդերձ, պատերազմի մեջ ենք, Արցախի կորուստը Հայաստանի կորուստն է: Եվ տղամարդկություն ունենանք ասելու՝ թուրքի բացարձակած լոզունգի տակ, որ Հայաստանի գոյությունը Կովկասում, առհասարակ, կասկածի տակ է: Հայաստանը լինի՝ հայությունն աշխարհում լինելու է, Հայաստանը չլինի, հայ չի լինի ու… Քո ոչ մի Դոքմեջյան, քո ոչ մի Ֆիլպեջյան, քո ոչ մի վաստակ աշխարհի առաջ, քո ոչ մի բարձրանուն չի կարող փոխարինել այն հասկացությանը, որ է՝ Հայաստանի Հանրապետություն: Սա հայության օրրանն է, օրորոցն է, վերջին հայրենիքն է, վերջին հողակտորն է: Հայաստանը որ վտանգվեց, վտանգվելու է ամբողջ հայերիս, ողջ հայերի ճակատագիրն աշխարհում բացարձակապես: Համարի գնչուների խմբեր՝ էստեղ-էնտեղ թափառող, ըստ Գարսիա Մարկեսի վեպի: Յուրաքանչյուր հայ քաղաքական գործչի, ում խոսքը և գործը արձագանք է գտնում, շարժում, նյութականանում է այս երկրում, նա պարտավոր է այս երկրի մասին մտածել որպես նախագահի, թեկուզ իր վիճակով չոբան լինի…

– Մեր մշակույթը, այն, ինչ որ կա, իրական Հայաստանն է, իրենք իրական Հայաստանի ձայներն են… Էսօրվա մեր գործիչները՝ մշակութային, քաղաքական, պարտավոր են իրենց էս նախնիների և ժամանակակիցների օրինակով խոսել մեր խոսքը, ասել մեր բառը, ոնց որ մեր մեծերը կարողացել են զատել. մեր Սարյանը, մեր Հակոբը (Հակոբյան), մեր Սուրենյանցը կարողացել են, էնպես էլ մենք պարտավոր ենք մեր խոսքը զատել և ուրիշի դուդուկի տակ չպարել. էդ չպարելու տակ նույնիսկ թշնամին մեզ բարեկամ կհամարի, երբ տեսնի, որ մենք մեր խոսքն ասում ենք, երբ տեսնի, որ մենք ամուր կանգնած ենք մեր հողին, ամուր՝ մռութն ու միտքը ջարդելու համոզմունքով:

«Հայաստանի Հանրապետություն», 20–21.08.1992 թ.

Աղբյուր`  hrantmatevossian.org

Լուսանկարը` ֆեյսբուքից

Կարող եք ծանոթանալ նաև «Հրանտ Մաթևոսյան» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий