Ես այսօր շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ինձ հետ կատարվել է անցնող տարիների ընթացքում: Այդ տարիները երկար են թվացել, թե կարճ են եղել, կարևոր չէ, որովհետև, եթե դա տեղի չունենար, ես չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ: Իսկ այնպիսին, ինչպիսին ես հիմա եմ` իմ սրտովն է:
Չեմ սիրում մեծանալ: Դա թակարդ է: Ինչ-որ ժամանակ ինձ թվում էր, որ, ահա, մի քիչ էլ կանցնի և իմ ներսում ամեն ինչ կփոխվի: Կդառնամ ուրիշ: Ինքս կլինեմ: Իմ սրտով կդառնամ: Մի տեսակ իմաստացած, աչքի ընկնող, կյանքի հետ «դու»-ով խոսող մեկը: Ի՞նչ կարող եմ ասել:
Իմաստացա՛: Աչքի՛ ընկա: Կյա՛նքը համտեսեցի: Եվ, ա՜յ քեզ բան, իմ ներսում առաջվա պես ոչինչ չփոխվեց: Հոգին ժամանակ չի ճանաչում, տարիք չունի: Մարմինը ծերանում է միայն այն ժամանակ, երբ մենք թույլ ենք տալիս, որ ծերանա, երբ հոգին հոգնում է այնտեղ ապրելուց: Եվ, որպեսզի հոգին պաշտպանենք հոգնությունից, հարկավոր է նրան թույլ տալ անել այն ամենը, ինչը ուզում է: Թույլ տալ, որ կատարի ցանկացած ցանկություն, անգամ ամենահիմարն ու անտրամաբանականը: Իսկ առաջին հերթին հարկավոր է թույլ տալ անել նման բաներ` հասկանալ քո ներքին լեզուն, լսել հոգուն, քո մեջ սիրել այն, ինչ կա, որովհետև հոգին չի սխալվում, ընդ որում, չի սխալվում եր-բեք:
Գնահատականներ մի՛ տվեք: Ուղղակի ուսումնասիրե՛ք: Ընդունե՛ք: Զարմացե՜ք: Բարին գոյություն ունի, որովհետև միայն, որ կա չարը: Սևը հարկավոր է, որպեսզի տեսնես սպիտակը: Բոլորը միասին պետք են, որպեսզի աշխարհն ամբողջական և կայուն լինի: Դե՛, աշխարհն այդպես է կառուցված, ի՞նչ կարող ես անել, դա է Աստվածային ֆիզիկան:
Ես հիշում եմ, թե ինչպես սկսվեց այս ամենը: Յուրաքանչյուր հանդիպում ինչ-որ բան նշանակում է. ինչ-որ մեկի հետ` հինգ րոպե, մեկ ուրիշի հետ` մի ամբողջ կյանք:
Ամեն ինչ հանուն այդ պահերի` ամփոփված հավերժության մեջ…
Աղբյուր` Александр Фёдоров
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի