Իմ կարծիքով, հավատի և սիրո մասին խոսելը գրեթե նույն բաներն են. ի սկզբանե չեմ ոգևորվել ու չեմ ոգևորվում նման ներանձնական թեմաներով հրապարակավ խոսելուց, բայց որոշել եմ ասել` ինչ եմ մտածում այս առիթով, այնուհետև կլռեմ:
Կյանքում կան բաներ, որոնք դու չես ընտրում` ծնողը, լեզուն, հավատը: Դրանք ի վերուստ տրվում են քեզ ու վերջ: Դու դրանք կարող ես համարել շնորհ կամ պարգև և հակառակը: Հակառակի` չընդունելու դեպքում, երևույթը նման է նրան, որ դու սրա, նրա մոտ կանգնես և բողոքես, դժգոհես քո ծնողից…
Ինձ համար հայոց լեզուն, ասել է թե` հայոց դպրոցը և հայ հավատը, ասել է թե` հայոց եկեղեցին, չափման մեկ միասնական ու ամբողջական միավորի մեջ են ամփոփված: Ես այլ կերպ չեմ էլ պատկերացնում: Ասեմ` ինչու եմ այդպես մտածում: Մտածում եմ` գրաբարը հավատի ծնունդ էր, դրա համար էլ ուժեղ էր ու կատարյալ, զորություն, աղոթք կար մեջը: Հիմա հայոց լեզուն անհամեմատ թույլ է ու անուժ, ոչ միայն ազգին, այլև ինքն իրեն չի կարողանում պաշտպանել և օգնության կարիք ունի, որովհետև …հավատն է պակասել, հոգին է պակասել մեր դպրոցներում…
Այդուհանդերձ, ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ մարդու ազգությունն ու դավանանքը, քաղաքական և կուսակցական հայացքները չպիտի խոչընդոտեն մարդկանց հետ հարաբերություններ հաստատելիս: Դժվարանում եմ հարաբերվել միայն մոլեռանդության կամ ագրեսիվ պահվածքի մշտական դրսևորումների դեպքում: Մեդիայում նման մարդկանց հանդիպելիս՝ արգելափակում եմ, իսկ ֆիզիկական միջավայրում աշխատում եմ շփում չունենալ, ասել է թե՝ ինձ եմ արգելափակում: Բայց պիտի ասեմ, որ հիմնականում կարողանում եմ հաղթահարել ներսումս առկա անհամաձայնությունը՝ ի շահ մարդու: Մարդն Աստծո ստեղծածն է, և անկախ ամեն ինչից, արժանի է հարգանքի:
Հարգանքով եմ վերաբերում մարդկանց հավատո հարցերին, բայց և, հարկ եղած դեպքում, փոխադարձաբար պահանջում եմ նույնը:
Խոսքս ուղղում եմ նրանց, ովքեր իրենց չեն համարում Հայաստանյայց եկեղեցու հետնորդներ: Հասկացանք, որ չեք ընդունում եկեղեցին և եկեղեցականին, այդ դեպքում, թույլ տվեք հարցնել` ինչո՞ւ եք ընդունում այդ հավատի արդյունքը՝ այբուբենը, գիրն ու գրականությունը: Չէ՞ որ այդ ամենը նույն այդ եկեղեցու ստեղծածն է, շահածն ու պահածը: Դա նման է, որ ասեք. «Ծիրան սիրում եմ, ընդունում եմ, ուտում եմ, բայց…ծիրանենին, գիտե՞ք, հեչ դուրս չի գալիս, սրտով չի էդ ծառը, վատն է: Չէ՛, չեմ ընդունում»:
Եթե ոչ բարձրաձայն, ապա գոնե ծածուկ, ինքներդ ձեզ խոստովանեք. եթե մեր միջից դուրս բերենք այն, ինչ ստեղծվել և մշակույթի լեզվով փոխանցվել է մեզ, ապա կմնանք դափ-դատարկ և ոտաբոբիկ:
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Հարգանքով՝ Նունե Մովսիսյան