Եթե դուք պարզապես նստած եք և զբաղված չեք ոչնչով, ուղղակի թուլացրեք ստորին ծնոտը և թեթևակի բացեք բերանը: Սկսեք շնչել բերանով, բայց ոչ խորքային շնչառությամբ: Թող մարմինը շնչի, և այդ շնչառությունը թող խորքային չլինի` աստիճանաբար դառնալով ավելի ու ավելի մակերեսային: Երբ դուք զգաք, որ շնչառությունը դառնում է շատ մակերեսային, բերանը կամաց բացվում է, իսկ ստորին ծնոտը թուլացել է` այդ պահից սկսած թուլությունը կսկսի տարածվել ձեր մարմնով մեկ:
Հենց այդ պահից էլ սկսեք զգալ ձեր ներսի ժպիտը` ոչ թե դեմքի վրա տարածվողին, այլ ձեր ներքին էության մեջ ծնված ժպիտին: Դուք դա կարո՛ղ եք: Դա շրթունքների վրա երևացող ժպիտը չէ, այն էքզիստենցիալ ժպիտ է, որը տարածվում է ներսից:
Փորձեք այսօր երեկոյան, և դուք կհասկանաք, թե դա ինչ է… որովհետև դա չի կարելի բացատրել:
Մի՛ ժպտացեք միայն շրթունքներով, դեմքի մկանների օգնությամբ, այլ ժպտացեք այնպես, կարծես ժպտում եք ներսից` որովայնից. ոչ թե դուք, այլ ձեր որովայնն է ժպտում: Այդ ժպիտը ծիծաղը չէ, այդ պատճառով այն շատ փափուկ է, նուրբ է ու փխրուն, կարծես ներսում ոչ մեծ մի վարդ է բացվել` բուրմունքը տարածելով մարմնում:
Հենց որ դուք գիտակցեք` ինչ է ներքին ժպիտը, երջանկության զգացողություն կունենաք քսանչորս ժամ շարունակ:
Ամեն անգամ, երբ դուք կզգաք, որ ձեր ներսում բացակայում է երջանկությունը, ուղղակի փակեք աչքերը և փորձեք կրկին որսալ ձեր ներսի ժպիտը, և այն նորից ձեզ մոտ կգա: Դուք կարող եք օրվա մեջ նրան բռնել այնքան, որքան ուզենաք:
Նա միշտ այնտեղ է` քո ներսում…
Աղբյուրը` Ошо — «Лекарство для души»
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Ընթերցում է Ալլա Քոչարը