Սարյանի «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը

Մարտիրոս Սարյանն իր հայտնի «Եղիշե Չարենցի դիմանկարը» ստեղծել է 1923 թվականին: 

1924 թվականին այն ցուցադրվել է Վենետիկի 14-րդ միջազգային բիենալեում: Տարիներ անցած, երբ Սարյանից պահանջում են նկարել Իոսիֆ Ստալինին, նա հրաժարվում է՝ պատասխանելով, որ իր սկզբունքներին դեմ է առանց բնորդի դիմանկար ստեղծելը:

1937 թվականին պատկերասրահի բակում այրում են Սարյանի վրձնած 12 դիմանկարները, որտեղ պատկերված էին «ժողովրդի թշնամի» հայտարարված հայ պետական գործիչներն ու մտավորականները:

Այդ դիմանկարներից փրկվում է միայն «Եղիշե Չարենցի դիմանկարը» կտավը, որը գրականագետ, արվեստաբան Նշան Մուրադյանն ու Պարգևուհի Սիմոնյանը կտավը թաքցրել են չերևացող մի անկյունում: Ավելի ուշ, երբ պարզվում է իրողությունը, հուզված Սարյանը որոշում է նկարը` որպես պարգև նվիրել Նշան Մուրադյանին: Գրականագետը հրաժարվում է:

Եղիշե Չարենցին Սարյանը հաճախ է նկարել

Վերոնշյալ կտավի ստեղծման մասին հետաքրքիր մի հուշ ունի հենց Մարտիրոս Սարյանը. «Մի օր իջնում էի Աստաֆյանով: Տեսնեմ դիմացից Չարենցն է գալիս՝ մի քանի գիրք թևի տակ: Մոտեցավ ու թե՝ «լա՛վ է չէ՞ մեր փողոցը, ճիշտ է, շատ է գավառական, բայց համ ու հոտ ունի, կոլորիտ ունի. հ՛ը, ի՞նչ կասես»: «Այդպես է, ասում եմ, – իսկ ե՞րբ ենք սկսում աշխատել»:

– Վա՛ղը, հենց վա՛ղը; Կիրակի օր էլ է: Վաղը 12-ին արի:

Հաջորդ օրը գնում եմ: Տանը բացի իրենից, ոչ ոք չկա: Ամեն ինչից զգում եմ, որ նախապատրաստել, տրամադրվել է նկարվելու: Նստում է:

Պատկերակալը տեղադրելու, երանգապնակն ու վրձինները դիտմամբ դանդաղ կարգի բերելու ընթացքում խոսում եմ դեսից դենից: Աշխատում եմ տրամադրությունը ցրել՝ չի ստացվում: Նայում եմ դեմքին՝ ի՛նքը չի: Ծուլորեն մի քանի պատահական գծեր եմ դնում կտավին և, իմիջիայլոց, հայտարարում, թե այսօր մի տեսակ վրձին բռնելու ցանկություն չունեմ:

– Ինչո՞ւ, – հարցնում է զարմացած:

– Չգիտեմ, վաղը գամ:

Մի քիչ խռոված տոնով պատասխանում է, որ աշխատանքի է:

 Ոչինչ, – ասում եմ, – գործդ վերցրու հետդ ու արի տուն: Դու կաշխատես, ես կամաց-կամաց կքսմսեմ՝ գուցե մի բան դուրս գա: Լռում է, մտքի մեջ հաշիվներ անում ու համաձայնում: Մի երկու ժամ էլ լավից վատից խոսում ենք ու բաժանվում: Փայտե պատկերակալը մնում է Չարենցի աշխատասենյակում, նրա գրասեղանից երկու-երեք քայլ հեռու՝ համր ու անտարբեր:

… Լուսիկն (Սարյանի կինը) արագ-արագ ճաշի պատրաստություն է տեսնում, հետն էլ կշտամբում  ինձ. «Ի՞նչ ես արել մարդու հետ, քո երեխա՞ն է, ինչ է. կնեղանա» և այլն, և այլն: «Հա՛, հա՛, երեխա է, բա ի՞նչ է, եթե ճիշտն ուզում ես իմանալ, երեխա՛ է»:

Եվ իսկապես երեխա էր, մեծ երեխա, ազնիվ, բյուրեղյա հոգու տեր:

Հաջորդ օրը տնից դուրս եմ գալիս, մտածելով՝ տեսնես փորձն արդյունք տվել է:

… Դուռը բացում է ինքը: Ա՛յ, սա հասկանալի է՝ տնեցիք էլ տանն են: Չարենցն էլ Չարենց է: Սովորական նախադասությունները փոխանակում ենք և անցնում գործի: Կարծես չի էլ նկատում ո՛չ պատկերակալը, ո՛չ ինձ: Երեկվա արհեստականությունից ոչինչ չի մնացել դեմքին: Բնական է գլխի շարժումը, դիմախաղը՝ ազատ, տիպիկ չարենցյան:

Տարածված հայկական տիպաժ է: Մազերը՝ սև, փոքր-ինչ ալիքավոր, խիտ ու ճակատաին թափված: Քիթը մեծ է, ներքևի շրթունքը՝ հաստ: Փոքրամարմին է, բայց ներքին կրակով այրվող մարդու ազդեցիկ արտահայտությունը և, հատկապես, խոշոր աչքերի սուր, արծվային հայացքը ժայռեղեն հսկայի տպավորություն են ստեղծում: Գեղեցիկ դեմք չէ, կարելի է նույնիսկ ասել, որ տգեղ է, բայց հմայիչ է ու համակրելի: Այդ դեմքն է, որ արտացոլում է նրա անհաշտ ու խիստ, ակտիվ ու բռնկվող բնավորությունը. Այդ դեմքն է, որ կրում է վեհ ու դրամատիկական հանճարի և մեծ հայի արտահայտությունը: Չարենց անձնավորության հիմնական հատկանիշներն են դրանք, որ պետք է ընդգծել ու խտացված ներկայացնել կտավի վրա …

Դիմանակարը դուր եկավ թե՛ իրեն, թե՛ ինձ:

– Մեկ էլ մի քսան տարի հետո այսպես հիմնավոր կնկարես, – ասաց, – հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլինեմ»:

Չարենցի դիմանկարի հետևի ֆոնի դիմակների մասին էլ, Սարյանը պատմում է հետևյալը. «Դիմակների նկատմամբ իմ հետաքրքրությունը ծնվեց եգիպտական արվեստին ծանոթանալիս: Մի տեսակ խորհրդավոր զորություն ունի դիմակը: Ամենաանարտահայտելի բանը կարելի է նրա միջոցով արտահայտել: Տարբեր ազգեր, տարբեր ժողովուրդներ, տարբեր իմաստ են դնում դիմակի մեջ: Ես այն դիտում եմ, մոտավորապես, իբրև հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ: կարծում եմ այս կոպիտ ձևակերպումը ինչ-որ բան կարող է հուշել Չարենցի դիմանկարը «կարդալու» համար:

Ի դեպ, Չարենցի դիմանկարի մետաքսե ծաղկազարդ գլխաշորն այսօր թեև մաշված ու գունաթափված է, բայց այն որպես ցուցանմուշ՝ գեղեցիկ ներկայացված է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, իսկ  հայտնի կտավը պահվում ու ցուցադրվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Հեղինակ՝  Նաիրա Եղիազարյան

Աղբյուրը`  vnews.am

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s