Ամուսնությունը` ինքնակազմակերպում
… Մենք, ըստ էության, կարող ենք ընտրել նրանց, ում սիրում ենք` հետները ապրելով մի ամբողջ կյանք: Ես, ի վերջո, եկել եմ հետևյալ եզրահանգման` երկարատև ամուսնությունն ինքնակազմակերպում է: Սերը գեղեցիկ է և անվերջ, ամբողջ խնդիրն այն մեկին գտնելն է, ում հետ որոշել ես ապրել կյանքդ:
Դրանից հետո կարող եք հանձնվել ժամանակի հոսքին և հետևել, թե ինչպես է կիրքը փոխակերպվում քնքշության, հիացմունքը` հարգանքի, հավատարմությունը` նվիրվածության, փոխադարձ հարաբերությունները` փոխըմբռնման: Չգիտեմ` ինչ, բայց հետո էլի ինչ-որ բան է տեղի ունենում, իսկ քո գործը դառնում է միայն այս ամենին հետևելը և ապրումակցելը:
Կարելի է և այս ամենին ընդդիմանալ կամ փախչել, լաց լինել, երբ թափվում են ծաղիկի թերթերը, կապված մնալ ճյուղերին և պտուղներին, փնտրել պտուղների ուշահաս տեսակներ, որոնք դեռևս թարմ են: Դա էլ է հետաքրքիր, միայն թե այդ դեպքում դու երբեք չես կարող տեսնել, թե ինչպես են ծլում այն սերմերը, որոնց դու չսպասեցիր…
Աղբյուր` Марта Кетро
Կյանքի որակ». այս երկու բառերը առանցքային են: Սա այն չէ, թե որքան ես դու վաստակում և կամ` որտեղ ես հանգստանում: Սա այն մասին է, թե որքան պիտի դիմանալ. ինչի հետ պիտի հաշտվել, էլի որքան ատամները սեղմել, աչքերը փակ պահել և շուրջը չնայել, քանի դեռ ապրելը գոնե մի քիչ չի թեթևացել:
Ֆիզիկական ցավ ունես, թե՞ փոխհարաբերությունների կարգավորման խնդիր, կարևոր չէ, հանկարծ մի օր հասկանում ես, որ դու ավելի շատ համակերպվել ես, քան ապրել: Սա դեռ ոչինչ, իսկական դժբախտություն է, երբ հանկարծ գիտակցում ես, որ անհանգստության մեջ ապրելը ամենևին էլ պարտադիր չէր:
«Միայն երրորդ օրը հնդկացի Շեղ Աչքը նկատեց, որ խցում չորրորդ պատը բացակայում է»: Դեռ լավ է, որ սա ամիսների հաշիվ լինի, և ոչ թե տասնամյակների:
Խնդրում եմ` ստուգե՛ք պատերի ամրությունը, որոնց ներսում դուք անհույս փակված եք:
Հրե՛ք յուրաքանչյուր դուռ, որը փակ է թվում:
Փորձե՛ք լուծել անլուծելի թվացող դժվար խնդիրները. երբեմն հին, ժանգոտված շղթաները ավելի ամուր չեն, քան սիրախաղերի համար նախատեսված վարդագույն ձեռնաշղթաները:
Իսկ ամենաահավորն այն է, երբ պարզվում է, որ երկարատև խնդիրները և դրանց լուծման ուղղված ձեր ջանքերը տարիների անիմաստ աշխատանք է եղել: Եվ, որ դուք կարող էիք երջանիկ լինել շատ տարիներ առաջ և ոչ թե հիմա` իներցիայի ուժը հաղթահարելուց հետո միայն: Եվ, որ ձեր կյանքի այդ տխուր և դժվար ժամանակահատվածը, ըստ ամենայնի, կարող էր և միանգամայն ուրիշ լինել, իսկ դուք չգիտեիք…
Աղբյուրը` Марта Кетро
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
էդպես ա…
НравитсяНравится