Հեղինակը` Աննա Կիրյանովան մեր ժամանակակիցն է: Նա գործող հոգեբան է, փիլիսոփա, բազմաթիվ գրքերի հեղինակ, ՌԴ գրողների միության անդամ:
Նրանք ուղղակի գալիս են ետևից
Աղջկան մայրն ուղեկցում էր մինչև դպրոց:
Թաղամասը վատն էր: Ժամանակները վատն էին: Ահա և ուղեկցում էր: Հետո վազում էր աշխատանքի. նա դիսպետչեր էր: Աղջիկը բարկանում էր: Ինքն արդեն մեծ էր` հինգերորդ դասարան: Բոլոր դասընկերները դպրոց էին գալիս ինքնուրույն: Եվ աղջիկն ամաչում էր, որ իրեն մայրն էր բերում: Բոլորը ծիծաղում էին: Մայրը վատ էր հագնվում: Նա հիվանդոտ գեր էր, ոտքերը` ուռած, ակնոցն ամրացված էր կպչուն ժապավենով. նոր շրջանակի համար փողը չէր բավականացնում: Բոլորը ծիծաղում էին…
Եվ շենքի անկյունադարձին` դպրոցին մոտ, աղջիկն առաջ էր անցնում և գնում էր մենակ: Իսկ մայրը ծանր շնչելով քայլում էր ետևից: Գնում էր` կարծես ինքն իր համար…Նա վախենում էր աղջկա համար: Ահա և ուղեկցում էր: Իսկ ճաշի ընդմիջմանը աղջկան դիմավորում էր անկյունում: Կանգնում էր, սպասում և դիմավորում` թույլտվություն խնդրելով աշխատանքի տեղից. նա մոտ էր աշխատում:
Բայց գլխավորը` առավոտյան ուղեկցումներն էին: Զայրացած աղջիկը գնում էր առջևից, իսկ մայրը որոշակի հեռավորությամբ` ետևից: Իսկ հետո աղջիկն էլ ավելի էր արագացնում քայլերը և թաքնվում դռների ետևում:
Անգամ շուռ չէր գալիս: Նա չարացած էր:
Հետո մայրը դադարեց նրան ճանապարհել:
Իսկ հետո անցան շատ տարիներ: Բոլորովին աննկատ անցան: Նախկին աղջնակը քայլում էր ցուրտ և մութ փողոցով: Մեծահասակ մի մորաքույր գնում էր մեն-մենակ: Օտար մարդիկ քայլում էին մոտով, անցնում էին ավտոմեքենաները, վառվում էին լույսերը: Հանկարծ կինը պարզորոշ զգաց, որ իրեն ուղեկցում են: Ինքը մենակ չի գնում…Նա նույնիսկ շուռ եկավ, բայց, իհարկե, ոչ մեկին չտեսավ: Մայրը վաղուց այս աշխարհում չէր: Նա վաղուց էր մահացել:
Նախկին աղջնակը գնում էր և լաց լինում մթության մեջ: Նա ամեն ինչ կտար, որ իրեն ուղեկցեին: Որ մայրը քայլեր կողքով, շնչեր, որ հնարավոր լիներ դիպչել նրան և ձեռքը բռնել: Բայց ոչ ոք չկար…
Հնարավոր է, որ մայրն ուղղակի շատ ետ է մնացել: Դիտմա՛մբ, որպեսզի չտեսնեն նրանք, ովքեր ծիծաղում էին: Եվ, որպեսզի աղջկան չզայրացնե՞ր: Ուղղակի ետ է մնացել, բայց կգա և կուղեկցի: Ինչպես նախկինում… Այդպես էր մտածում կինը: Այդպես էր նա զգում:
Որքա՜ն քիչ են նրանք, ովքեր ուղեկցում և հոգ են տանում մեզ: Այդպիսիք գրեթե չեն մնացել: Բայց, հնարավոր է` նրանք ուղղակի գալիս են ետևից: Նրանք ուղղակի ետ են ընկել. ուզում էինք, չէ՞, ինքնուրույն գնալ: Ահա և գնում ենք:
Բայց նրանք, միևնույնն է, ուղեկցում և պահպանում են մեզ…
Աղբյուր` Анна Валентиновна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` անձնական արխիվից
Հետգրություն
Մեռելոցի օրվա խորհրդին հետևելով` հիշենք նրանց, ովքեր մեր կողքին չեն, բայց գալիս են ետևից` ուղեկցելով և պահպանելով մեզ…
Уведомление: Ստեղծագործական բաց հավաքին ուղղված նախագիծ | Հռիփսիմե Գալստյանի բլոգ
Уведомление: Տնային աշխատանք 25.04.2019 — Ագապե Եիսսաղոլի
Уведомление: Խոնարհումս, մամ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)