Նրանց, ում սիրում են և նրանց, ում չեն սիրում` կարելի է տարբերել բազմաթիվ նշաններով:
Նրանց, ում սիրում են` մեկ տասներորդ հերցի չափով ավելի վստահ ձայն ունեն, իսկ ժպիտն այսպիսին է` կա՛մ վառում է, կա՛մ ջերմացնում. երբեք չես իմանա` դրանցից որ մեկն է քեզ այսօր բաժին ընկնելու:
Նրանց յուրաքանչյուր արարքի դեպքում դու քեզ ազատ ես զգում, նրանց յուրաքանչյուր գործողության մեջ հավասարակշռված կատարելություն կա. նրանց այնքա՜ն շատ են հավատում, որ թվում է` ամեն ինչ ստացվում է ինքն իրեն:
Նրանց, ում սիրում են, երևում են հեռվից. նրանց և՛ քայլվածքն է թեթև, և՛ քայլքն է մեղմ:
Աշնանը նրանց կարելի է բռնացնել խանութներում, ուր վաճառում են լապտերներ, գարնանը կարծես ճամփորդությունից վերադառնալիս լինեն, ձմռանը նրանց ձեռքերը միշտ տաք են, իսկ ամռանը, սովորաբար, ընդունում են նվերներ` դեղձեր, ավազե ամրոցներ կամ լուսաբաց:
Ցանկը կարելի է շարունակել` լրացնելով անվերջ:
Մինչդեռ նրանք, ովքեր սիրում են, միայն մեկ տարբերակիչ առանձնահատկություն ունեն ` տիեզերքը արտացոլված է նրանց աչքերում:
Եթե Աստվածը մյուսների հետ պահմտոցի է խաղում, ապա այս տիպի մարդկանց ազատ է թողնում: Ինչպե՞ս կարող են թաքնվել, երբ նրանց փայլը ճառագում է ներսից…
Աղբյուր` СОБИРАТЕЛЬ ЗВЁЗД
Ռուսերենից ազատ փոխադրությունը` Նունե Մովսիսյանի