Արձակ բանաստեղծություններ
Անջատման ցավն այս տարածվում է աշխարհով մեկ`
Անծայրածիր երկնքում ստեղծելով անհամար պատկերներ…
Անջատման տխրությունն այս ամբողջ գիշեր լո՜ւռ նայում է մի աստղից մյուսը`
Մթնշաղին ներդաշնություն ստեղծելով հուլիսյան անձրևից խշշացող տերևների մեջ…
Համապարփակ վիշտն այս սկզբնավորում է սեր և ցանկություն, տառապանք և ուրախություն,
Այդ նա՛ է հավերժորեն հալչում` պոետի իմ սիրտը երգեր լցնելով…
*****
Ամբողջ կյանքում իմ երգերը փնտրեցին քեզ.
Այդ նրա՛նք ինձ դռնեդուռ գցեցին, նրա՛նց միջոցով ես աշխարհը ճանաչեցի,
Այդ նրա՛նք ինձ ամեն ինչ սովորեցրին և ցույց տվեցին գաղտնի ուղիներ,
Նրա՛նք իմ աչքերում, իմ սրտի հորիզոնում բացեցին բյուրավոր աստղեր,
Նրա՛նք ինձ բացահայտեցին երկրային վայելքների և տառապանքի առեղծվածներ,
Եվ ի՞նչ դարպասների մոտ հասցրին մայրամուտին` իմ ուխտագնացության ավարտին…
*****
Ես քեզ կզարդարեմ ավարներով, ծաղկեպսակներով իմ պարտության,
Իմ ուժերից վեր է ինձ թաքցնել անվերապահ պարտությունից,
Ես լավ գիտեմ` հպարտությունն իմ կխորտակվի,
Իսկ կյանքն անչափելի ցավի մեջ կփշրի շղթաները,
Եվ ավերված սիրտն իմ կհեկեկա երգեր`
Նման դատարկ եղեգի, և քարը կհալչի արցունքներից,
Ես լավ գիտեմ`լոտոսի հարյուրավոր թերթիկներ չեն կարող
Փակ մնալ ընդմիշտ. մեղրը կծորա գաղտնի,
Կապույտ երկինքը հայացքն ինձ կդարձնի և կհորդորի լռել.
Ինձ ոչի՛նչ չի մնա, ոչի՛նչ, և ես մահը կընդունեմ քո ոտքերի մոտ…
*****
Երբ ես ղեկը թողնեմ` քո վերցնելու ժամանակը կգա,
Այն, ինչ պիտի լինի` կլինի. զուր է պայքարը,
Այնժամ սիրտը լուռ կհաշտվի իր պարտության հետ,
Եվ երջանկությունը կկանգնի քեզ համար նախատեսված տեղում,
Իմ ներսի ճրագները կամացո՜ւկ կմարեն քամու ամեն շնչի հետ,
Փորձելով վառ պահել իմ լույսը` ես կմոռանամ ամեն ինչ,
Բայց այս անգամ ես իմաստուն կգտնվեմ.
Կսպասեմ մթության մեջ` հատակին փռելով իմ գորգը.
Երբ քեզ հարմար է, Տե՛ր, լուռ արի և նստիր այստեղ…
Աղբյուրը` https://www.facebook.com/RabindranatTagor
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Ավելին ընթերցելու համար կարող եք ծանոթանալ «Ռաբինդրանաթ Թագոր» կայքէջին
Уведомление: Աստված-մարդ հիմնախնդիրն ըստ Թագորի և Նարեկացու | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)