Մեր կյանքում կան այնպիսի մարդիկ, ովքեր ուղղակի ներկա են մեր կյանքում և վերջ: Այնպես, ինչպես վերստյան սյուներն են, որոնք վաղուց կանգնած են ճանապարհների եզրերին: Այնպես, ինչպես դարավոր կաղնիներն են` հին զբոսայգում:
Պետերբուրգում պահպանվել են նման մի քանի գրանիտե սյուներ և ծառերի կղզյակներ` տեսանելի, ապրող, անսասան: Կարելի է հետները լուսանկարվել, գրկել, գրել, վատաբանել, քննադատել, համբուրել, շրջանցել, վերադառնալ ներման խնդրանքով կամ զայրացկոտ ճառ արտասանել: Նրանք պարզապես գոյություն ունեն. աճում են, ապրում են իրենց կյանքով և հանուն աշխարհի: Ապրում են առանց արժեզրկելու, չեն փորձում դուր գալ և չեն հակառակվում: Ես արդեն խոսում եմ մարդկանց մասին, ոչ թե սյուների…
Կարելի է հաճախ լսել. «Ես վախենում եմ, որ մարդիկ իմ մասին խոսեն: Ինձ քննադատեն: Մեղադրեն ինձ թիկունքից կամ իմ մասին վատ բաներ մտածեն»: Ի՞նչ կարելի է պատասխանել: Իհարկե՛, կարող են: Նրանք, ովքեր ապրում են և համարձակվում են ինչ-որ բան անել, միշտ էլ կգտնվի քննադատող ինչ-որ մեկը: Համարձակ, ոչ այնքան պարկեշտ, խելոք մարդիկ կգան, կծանոթանան, իրականությունը կմերժեն: Սակայն նման մարդկանց պետք չէ ապավինել:
Իսկ երբեմն էլ պատահում է, որ մարդիկ անձամբ չեն էլ ճանաչում ձեզ, բայց ձեր մասին շատ բան «գիտեն» և հաստատակամորեն վստահում են իրենց ճշմարտացիությանը: Կգան և աչքերը փայլեցնելով կխոսեն անձի հետ հաստատված իրենց` գոյություն չունեցող հարաբերությունների մասին: Դե՛, ի՞նչ կարող ես ասել:
Մենք ուղղակի կանք` անկախ այն բանից, թե ինչ են մտածում մեր մասին ուրիշները:
Եվ լա՛վ է, որ նման մարդկանց կողքին կան, ապրում են, կանգուն են նաև մարդիկ` վերստյան սյուներ, ովքեր չեն արժեզրկում, տարաձայնությունների մեջ չեն մտնում, պատասխան ապտակ չեն տալիս, այլ հաստատակամորեն և հանգիստ ներկա են մեր կյանքում: Բանն այն չէ, որ նրանք հավերժ են, այլ այն, որ նրանք դիմակայում են մեր անկայանությանը: Որպես օրինակ` լավ կլիներ, որ տարիքի հետ մենք ևս սովորեինք նման սյուներ դառնալ առաջին հերթին ինքներս մեզ համար, իսկ հետո` մյուսների:
Աղբյուր` Аглая Датешидзе
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Ագլայա Դատեշիձե» կայքէջ
Լուսանկարում` Պետերբուրգի վերստյան սյունն է
Ծանոթագրությունը` Նունե Մովսիսյանի
Վերստյան սյուներ-վերստ, չափման միավոր, որ համապատասխանում է 1067 մետրին: Վերստյան սյուները հնում դրվել են ճանապարհներին` քաղաքների միջև: Նման սյուներ կան, պահպանվել են Պետերբուրգում, Հռոմում, Դրեզդենում:
Կարդում է Ալլա Քոչարը
Երաժշտությունը՝ Հայկ Մարգարյանի