Հրանտ Մաթևոսյանն այն գրողներից է, ում ես ժամանակ առ ժամանակ պահանջ եմ զգում հանդիպելու, աչքերի մեջ նայելու, ինչ-ինչ բաներ հասկանալու, նաև` մաքրվելու համար…
Այնպես որ, «Ահնիձորը` գրական Ծմակուտ» նախագիծը, ասել է թե` Հրանտ Մաևոսյանին իր գյուղում` Ահնիձորում հանդիպելը նաև ներքին անհրաժեշտություն էր ինձ համար: Անհամբեր էի` ուզում էի ժամ առաջ տեսնել Մաթևոսյանի Ահնիձորը` հասկանալու համար Ահնիձոր-Ծմակուտի մաթևոսյանական գաղտնիքը…
«Երբ ես եկա՝ Ահնիձորը կար, Ծմակուտը չկար: Ծմակուտը իրական Ահնիձորի և այդ Ահնիձորի իմ սիրո միությունն է: Ծմակուտը լինելության մեջ է, քանի ես կամ՝ Ծմակուտը փոփոխվելու, մեծանալու, բազմամարդ է դառնալու»:
Վերջապես տեսա Ահնիձորը: Մաթևոսյանի Օհանես պապի ժամանակներից մեզ հասած նույն չքնաղ բնապատկերներն էին` կանաչ դաշտով, օրվա լուսուստվերով: Նույնն էին մնացել նաև մարդիկ` պարզ, մաքուր, բաց ու ազնիվ...
Զարմանահրաշ բան էր…այսքան էլ նմա՞ն: Ինչպես ջրի երկու կաթիլ` Ահնիձորը տեղով մեկ Հրանտ Մաթևոսյան գրողն էր, իսկ Մաթևոսյանը` ճիշտ նույն Ահնիձորը:
Տեսա Ահնիձոր-Ծմակուտը և իմ ներսում ալիք տվեց հուզմունքը, տխրությունն ու տագնապը: Եվ ես հասկացա` պարզորոշ գիտակցեցի, որ «Ծմակուտը իմ սերն է, իմ վերաբերմունքը, իմ տագնապը մարդու համար: Ծմակուտը ես եմ»:
Տագնապեցի այսօրվա Ահնիձորի համար, Ահնիձորում ապրող ամեն մեկի համար…
Հուզվեցի մեզ հետ քայլող ահնիձորցի երեխաների հոգատարությունից, երբ Չռիկ տանող ճանապարհին մտան մենակ ապրող Հովիկ պապի տուն, որպեսզի տեսնեն` ոնց է, հո վատ չի զգում…
Բոլորից թաքուն արցունքներս սրբեցի, երբ վերադարձա գյուղից դուրս բերող անմխիթար ճանապարհով…
Ինձ ու ինձ զայրացա` գրողը տանի, 20 կմ-ոց ճանապարհն ինչն է, որ Մաթևոսյան ծնած գյուղը մինչև հիմա չունի:
«…Մենք անընդհատ ասում ենք՝ չենք արել, չենք արել… Ո՞վ էր անելու, ինչո՞ւ չի արել: 1988 թվականից հետո բոլոր հաջորդ իշխանությունները կրկնել են նախորդների սխալները և ավելացրել են սեփականը: Մենք ինչո՞վ ենք, օրինակ, լավը բաբելացիներից, ասորեստանցիներից, մյուսներից, որոնք կորանգնացին. գուցե մենք էլ ենք կորել, պարզապես դեռ չենք գիտակցում…»:
Թե՞` «…Մթնոլորտը, ոչ, չի պարպվել. դեռ դարաններ են սքողվում, դեռ դղյակներ են հօդս ցնդելու, դեռ արյունոտ հաշվեհարդարներ են լինելու, Հայն ու Հայը, Հայն ու Հայաստանը դեռ անցնելիք ճանապարհ ունեն իրարից հեռանալու…»:
Պատճա՞ռը` «…Մեր ներսի անպատասխանատու ալարկոտի հետ դաշնակցած, մեր գործն ու վարքը կապում ենք՝ որպես թե դեմոկրատական շարժման, որպես թե բռնակալության տապալման, որպես թե Անկախ պետությունների համագործակցության անհեռանկարայնության հետ, և որպես թե ահա մենք ինչ-որ մի բանի առաջամարտիկներ ենք: Մինչդեռ ինքներս պիտի լինեինք մեր գլխի տերը, երեկ՝ նախկին հանրապետության, այսօր՝ այս նոր հանրապետության առջև մեր պարտականությունները կատարեինք բծախնդրությամբ… Երեկ բանակը չենք լիցքավորել հայկական ուժերով, երեկ առաջադրված բարեփոխումները չենք լցրել հայկական մտքի և ուժի կարողությամբ, չենք ենթարկվել երեկվա մեխանիզմին և չենք ենթարկվում այսօրվա մեխանիզմին…շատ անպատասխանատու ենք…»:
Մինչդեռ կարելի էր, չէ՞, մինչև հիմա կամ գոնե այսօր-վաղը մի կարգին ճանապարհ սարքել, գրողի տուն-թանգարանը ստեղծել, մեկ-երկու հյուրտուն բացել, գյուղացուն հնարավորության տալ ապրելու` Ահնիձորը դարձնելով զբոսաշրջության կենտրոն: Թե չէ էս խեղճությունից մարդու շունչ է կտրվում, դիմանալու բան չէ…
«Գնում Ահնիձորը նկարում են, բայց իմ սիրո փոխարեն ստեղծագործող մարդու իրենց սերն էին նկարելու, որը չգիտեմ իրենք ունե՞ն, չունե՞ն, իրենց ֆիլմերից դատելով՝ չունեն, և իրենց Ծմակուտը չի կայանում»:
Եվ վերջում` «Չկա գյուղագրություն կամ քաղաքագրություն. կա միայն մարդկային հայացք բնությանն ու աշխարհին»:
Կա միայն մարդկային հայացք բնությանն ու աշխարհին…
Ահա այսպիսի լայն հայացք` ուղղված բնությանը, աշխարհին, ինձ ու քեզ. «Համոզված եմ, որ աշխարհի ամենացավոտ հարցերին հնարավոր է պատասխանել առանց Ծմակուտից դուրս գալու, բառացիորեն` չհեռանալով Ծմակուտից: Վստահ եմ` յուրաքանչյուր Ծմակուտ իրենով ներկայացնում է աշխարհի ամբողջ բարդությունը»:
Յուրաքանչյուր Ծմակուտ իրենով ներկայացնում է աշխարհի ամբողջ բարդությունը…
Ահա և աշխարհի ամբողջ բարդությունն իր մեջ ամփոփած Ահնիձոր-իրականության թևավոր սիրո` գրական Ծմակուտի մաթևոսյանական գաղտնիքի էությունը:
Լուսանկարը` անձնական արխիվից. Ահնիձոր
Կարող եք ծանոթանալ նաև «Հրանտ Մաթևոսյան» կայքէջին
Նունե Մովսիսյան
Уведомление: «Ահնիձորը` գրական Ծմակուտ» նախագիծ — Սեբաստացիական մեդիադարակ