
Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Ստույգ նշանակությամբ «պենտան» հունարենից թարգմանվում է հինգ, իսկ «կոստեն»` տասնյակ: Հինգ տասը հիսունն է, իսկ Քրիստոսի Հարությունից մինչեւ Սուրբ Հոգու գալուստը հիսուն օր է:
Սբ. Հոգու գալուստը նկարագրված է Գործք Առաքելոցում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եւ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եւ նրանց երեւացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եւ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս»:
Աստվածաշնչյան այս հատվածում նշվում են տարբեր երկրների անուններ, որտեղից եկածները զարմանում են` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով: Հիշատակված տեղանունների թվում են նաեւ Միջագետքը, Հրեաստանը եւ Գամիրքը (Գործք 2:9): Եկեղեցական սուրբ հայրերից Տերտուղիանոսն ու Օգոստինոսը պնդում են, որ ավելի ճիշտ կլինի Հրեաստան բառը փոխարինել Հայաստան բառով, քանի որ ավելի տրամաբանական է, որ օտար երկրների շարքում նշված լինի Հայաստանը: Բացի այդ, աշխարհագրական առումով Միջագետքի և Գամիրքի միջև գտնվում է Հայաստանը:
Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սբ. Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սբ. Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է:
Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալին` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության` Սբ.Զատկից սկսած հիսուն օրերը մինչև Հոգեգալուստ (Պենտեկոստե) Հայ Առաքելական Եկեղեցում կոչվում են Հինունք կամ Հինանց շրջան՝ նվիրված Տիրոջ Հարության և Համբարձման խորհրդին: Այդ պատճառով ամբողջ շրջանը կոչվում է Տերունի: Հինունք անունը ծագում է հիսունքից: Առաջին քառասուն օրերը նվիրված են Հարուցյալ Քրիստոսի երևումներին: «Նա իր չարչարանքներից հետո իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով` քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծո արքայության մասին» (Գործք 1:3): Հինանց շրջանի վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանն ավարտվում է Հոգեգալստյան տոնով:
Աղբյուրը` Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները»
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան
Առաքելոյ աղաւնոյ. Հոգեգալուստի շարական
Առաքելոյ աղաւնոյ. իջանելով մեծաձայն հնչմամբ ի բարձանց. ի նմանութիւն լուսոյ փայլման հրազինեաց անկիզելի զաշակերտսն. մինչդեռ նստէին ի սուրբ վերնատանն:
Աննիւթական աղաւնի. անքննելի որ քննէ զխորս Աստուծոյ. զոր առեալ ի Հօրէ պատմէ զահաւոր եւ զմիւսանգամ գալուստն. զոր քարոզեցին համագոյական:
Օրհնութիւն ի բարձունս. ելողին ի Հօրէ Հոգւոյն Սրբոյ. որով առաքեալքն արբեցան անմահական բաժակաւն. եւ հրաւիրեցին զերկիրս ի յերկինս:
Տոնն ունի Ս. Ներսես Շնորհալի կաթողիկոսի (1166-1173) կողմից հաստատված յուրահատուկ ծիսակարգ, որով Պատարագի որոշ հատվածներ ընդմիջվում են Ս. Երրորդությանը նվիրված գեղեցիկ աղոթքներով:
Պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)