Հոգեբանական տեսանկյունից տրամադրությունը վարակիչ է, հատկապես` երկարատև հարաբերությունների ժամանակ: Բանն այն է, որ ուղեղում կան, այսպես կոչված` հայելային նեյրոններ, որոնք պատասխանատու են զգացմունքների և մեզ ուրիշ մեկի տեղը դնելու, ասել է թե` այլոց ապրումակցելու համար: Թեև, ընդհանուր առմամբ, այս ունակությունն օգտակար է, սակայն այն ունի նաև բացասական կողմ. մենք ընդունում ենք ոչ միայն լավը, այլ նաև վատը:
Բացասականը ծնում է բացասական
Ինդիանայի համալսարանում արված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուրիշների կարծիքները ազդում են մեր վարքագծի վրա, թեև միշտ չէ, որ մենք այդ փաստն ընդունում ենք: Ընդ որում, հոգեբանները բացահայտել են, որ բացասական կարծիքներն ունեն շատ ավելի մեծ կշիռ և ազդում են շատ ավելի ուժեղ, քան դրականը:
Մասնակիցները փորձարկման ընթացքում գնահատում էին տարբեր ապրանքատեսակներ: Այնուհետև նրանք իրենց` ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքները, ասում էին ուրիշներին: Գիտնականները պարզեցին, որ բացասական արձագանքներն ազդեցություն են ունենում այլոց` տվյալ ապրանքատեսակի հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա. եթե այն նախապես վատ էր, դառնում էր էլ ավելի վատ` եթե լավ էր, հաճախ փոխվում էր վատի:
Ավելին` երբ մասնակիցներն անձամբ շփվում էին այն մարդկանց հետ, ովքեր բացասական էին արձագանքել, ապա մասնակիցների մոտ էլ ավելի էր ամրապնդվում բացասական վերաբերմունքը: Եզրակացությունն առավել քան միանշանակ է. բացասականը առաջացնում բացասական:
Հարվարդի համալսարանի հոգեբաններն ուսումնասիրել են հուզական վիճակի և հարաբերությունների կապը: Նրանք վերլուծել են էմոցիաների ոչ սպոնտան պոռթկումների թողած ազդեցությունը, երբ մենք մեր զգացումները արտահայտում ենք այլ մարդկանց հետ հարաբերվելիս` ուսումնասիրելով մեր հուզական վիճակի ազդեցությունը սիրելիների հոգեբանության վրա:
Նրանք բացահայտել են, որ էմոցիաների տարածումը տեղի է ունենում ճիշտ վիրուսային վարակի նման, ընդ որում, տխրությունը շատ ավելի լավ է փոխանցվում, քան ուրախությունը: Այլ կերպ ասած` ուրախ ընկերը մեր ուրախությունը մեծացնում է 11% -ով, մինչդեռ դժբախտը կրկնապատկում է մեր դժբախտությունը:
Հոգեբանները բացասական էմոցիաները նմանեցնում են գրիպի հետ. որքան շատ վարակված ընկերներ ունեք, այնքան ավելի մեծ է հիվանդանալու հավանականությունը:
Վատ տրամադրությունը նույնպես վարակիչ է
Մենք անմիջապես նկատում ենք վատ տրամադրությունը և ագրեսիան, մեր ուղեղը այդ դրսևորումներին արձագանքում է յուրօրինակ ձևով: Ցանկացած նման հաղորդակցություն սկսվում է ընկալվել որպես կոպտություն, որի արդյունքում` մեր տրամադրությունն ընկնում է:
Փորձի ժամանակ Ֆլորիդայի համալսարանի հոգեբանները մասնակիցներին խնդրեցին զրուցել պատահականորեն ընտրված գործընկերների հետ: Պարզվեց` նրանք, ովքեր հանդիպում էին կոպտության, սկսում էին կոպիտ վարքագիծ դրսևորել հաջորդ գործընկերների հետ հարաբերվելիս, ընդ որում, ագրեսիվ տրամադրվածությունը երբեմն պահպանվում էր ամբողջ շաբաթ:
Հոգեբանները, մեկ այլ փորձի ժամանակ, մասնակիցներին խնդրեցին պատահական տառերից բառեր գտնել: Պարզվեց` նրանք, ովքեր հանդիպել են կոպտության, ավելի հաճախ գտնում են բացասական հույզերի հետ կապված բառեր:
Ստացվում է, որ մենք վերցնում ենք այն, ինչ մյուսները տալիս են, ընդ որում, վերցնում ենք հատկապես բացասական էմոցիաները:
Ձեզ շրջապատեք պոզիտիվ մարդկանցով
Ուզեք, թե չուզեք` շրջապատի մարդկանց տրամադրությունը փոխանցվում է և ազդում ձեր վարքագծի վրա: Հենց այդ պատճառով` անչափ կարևոր է, որ բացասական մարդիկ ձեզ շատ մոտ չլինեն: Բացասական մարդկանց հետ մշտական հաղորդակցությունը տխուր պտուղներ է տալիս, այդ պատճառով լավ կլինի, որ ձեզ շրջապատեք մարդկանցով, ովքեր դրական ազդեցություն են թողնում ձեզ վրա: Դե, իհարկե, դուք ևս պետք է ուրիշներին տաք միայն դրական էմոցիաներ:
Բացասականի էմոցիաների բախվելով` փորձեք հնարավորինս դրականորեն արձագանքել: Այո, դրական զգացմունքներն այնքան էլ վարակիչ չեն, բայց դա լավագույն բանն է, որ կարող ենք անել մարդու համար, ով վատ տրամադրություն ունի:
Աղբյուր` lifter.com
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Լուսանկարը` mskh.am-ից