Հեռախոսով մայր ու որդի խաղաղ զրուցում ենք:
-Մամ, ա՛յ մամ, դու էն ասա, Երևանս, իմ Երևանը ոնց է:
-Ո՞նց պիտի լինի քո Երևանը, Ար ջան, տաքության մեջ վառվում է` 39-40 է,- ասում եմ ես:
-Մամ, իմանաս` Երևանի ասֆալտի շոգին ո՜նց եմ կարոտել:
(Քիչ է մնում ասես` էլ բան չգտա՞ր կարոտելու, ա՛յ որդի, բայց, դե, ի՞նչ ասես: Զինվոր կա սիրած աղջկան է կարոտում, զինվոր էլ կա` Երևանի ասֆալտին…):
-Հըլը լսի, այ մամ, ի՞նչ անեմ, ես էլ ի՞նչ անեմ, որ իմոնք չհիվանդանան: Ախր, զինակից ընկերներիս ինձնից լավ եմ նայում, բայց հենց բարձրանում ենք դիրքեր, սկսում են հերթով հիվանդանալ: Ա՜յ քեզ գործ: Քայլում եմ, հա՛ քայլում խրամատի երկարությամբ, հետո սկսում եմ լայնքով գնալ ու գալ: Հետո սկսում եմ ընկերներիս փսխարեն քայլել ու քայլել:
Նայում եմ ժամացույցին` ընդամենը 5 րոպե է անցել:
Հիմա ի՞նչ անեմ: Սկսում եմ մտքում երգել, ոգևորվում եմ իմ երգելուց ու մտքում ասում եմ. «Էս ի՜նչ լավ եմ երգում»: Բայց հենց սկսում եմ բարձրաձայն երգել, սուսուփուս ձայնս կտրում եմ ու ինքս ինձ կամացուկ խոստովանում. «Վա՛յ, քո արա, էս ինչ վա՛տ եմ երգում»:
Նայում եմ ժամացույցին` 10 րոպե էլ անցավ:
Բա հիմա ի՞նչ անեմ, որ ժամանակն անցնի: Արի՛, կլինի պարեմ: Հա՛, ինչ: Ես ու հրացանս իրար գրկած մտքում հո պարել չենք պարում, հո չենք պարում, ընտիրությո՛ւն: Բայց հենց ուզում եմ բարձրաձայն պարել, ոտքերս փաթ են ընկնում, գրկում են իրար ու քիչ է մնում` ընկնեմ:
Նայում եմ ժամացույցին` մի հատ էլ 15 րոպե:
Լա՛վ, էլ ի՞նչ անեմ, հիմա ինչո՞վ զբաղվեմ: Էվրիկա՛, գտա՜: Արի կյանքս պլանավորեմ: Մինչև 99 տարեկան` կյանքիս բոլոր փուլերը գծում-գծմծում եմ: Մտքով գալիս եմ տուն, 5 տարի աշխատում եմ, հետո ամուսնանում եմ: Է՜, զահլես գնաց, էս էլ ոնց որ Կիկոսի հեքիաթը լինի` ասում-պատմում ես, մեջն էլ ըսկի բան չկա:
Նայում եմ ժամացույցին` մի հատ էլ 25 րոպե:
Էլ ի՞նչ անեմ: Հանկարծ հայացքս ընկնում է երկնքին: Վա՜յ, իմ աստղերը…դիրքերում եղած ժամանակ էնքան եմ նայել իրենց, որ դեմքով ճանաչում եմ բոլորին: Հետները հատիկ-հատիկ խոսում եմ, իրենք ինձ են ժպտում վերևից, ես էլ իրենց ներքևից: Ի՜նչ էլ ռոմանծիկ ստացվեց: Այ մարդ, չբռնեմ, օպերատորությունը մի կողմ թողնեմ` աստղագետ դառնամ: «Տիեզերք» ակումբ ջան, ականջդ կանչի…
Նայում եմ ժամացույցին` 25 րոպե էլ անցավ:
5+10+15+25+մի հատ էլ 25, արեց ժամ 20 րոպե, հեչ բան չմնաց` մի քիչ էլ ու լույսը կբացվի…
Կարող եք ծանոթանալ նաև`
Լուսանկարը` անձնական արխիվից
Уведомление: Իմ զինվորը վերադարձավ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)