Օգոստոսի 26-ին ծնվել է Մայր Թերեզան:
«Մենք կարող ենք հիվանդությունից ազատվել դեղերի օգնությամբ, մինչդեռ միայնությունից, հիասթափությունից և հուսահատությունից ազատվելու միակ դեղամիջոցը սերն է: Աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր մեռնում են սովից, բայց ավելի շատ են նրանք, ովքեր մեռնում են սիրո պակասից»: Մայր Թերեզա
Երբ դուք ձեզ դժբախտ և լքված եք զգում, փորձե՛ք ինչ-որ բան անել սիրով: Արտաբերեք գոնե մեկ բառ սիրով, ուղղակի ինչ-որ մեկի մասին մտածեք սիրով:
Բացե՛ք սիրտը և փորձե՛ք սեր արթնացնել: Դրա համար նախ հարկավոր է դադարել ուրիշների և քո մեջ միայն թերություններ և սխալներ տեսնել: Մարդիկ կան, ովքեր մեզ դուր են գալիս, մարդիկ էլ կան, ում մենք չենք հավանում: Հեշտ է սիրել մարդկանց, ովքեր մեզ դուր են գալիս: Բայց հաշվի առեք, որ սիրել մերձավորին` չի նշանակում հիանալ նրանով: Դժվար է հիանալ մարդասպանով կամ գողով: Բայց, միևնույնն է, նրանց պետք է բարին ցանկանալ: Սիրել մերձավորին` նշանակում է նրան բարին ցանկանալ:
Սերն արվեստ է, այն մարզումներ է պահանջում: Լավ բժիշկները, երաժիշտները, նկարիչները, մարզիկները ժամեր շարունակ չարչարվում են, որպեսզի կատարելագործեն իրենց հմտությունները և կարողությունները: Այդպես է և սիրո դեպքում: Եթե մենք ջանքեր չգործադրենք սիրելու համար` մենք միայնակ և դժբախտ կլինենք:
Աղբյուրը` Мать Тереза
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Մայր Թերեզայի Նոբելյան ճառը
Մայր Թերեզա «Աստված խոսում է սրտի լռության մեջ»
Մայր Թերեզա «Ձգվեք դեպի մարդիկ», Մայր Թերեզա «Ամեն անգամ»