Սովորել ամպերը ցրել` այդքան էլ դժվար չէ: Շատ ավելի դժվար է ամպերին հանգիստ թողնելը. թող անեն` ինչ ուզում են: «Թող իր ուզածն անի»,- սա է սիրո բանաձևը, սիրո հիմքը: Մնացած բոլոր դեպքերում` սերը միայն ձևացնում է, որ ինքը կա:
Եթե դուք իսկապես սիրում եք կյանքը (այսինքն ՝ թույլ եք տալիս, որ կյանքը լինի այնպիսին, ինչպիսին որ կա), ապա եղանակը վերափոխելու հարկ այլևս չի լինի: Եղանակը չվերափոխելն իրականում շատ կարևոր է: Որովհետև գրեթե ոչ մեկն էլ իրականում չի կարող եղանակը փոփոխել, սակայն դրա փոխարեն բոլորն էլ անգիտակցաբար կարողանում են վատնել իրենց ուժերը` անգիտակցաբար փորձելով փոխել եղանակը: Ամենայն հավանականությամբ, մարդիկ չեն կարողանում դադարեցնել փորձել:
Էդ ո՞նց, բարի՛ եղեք, ասացե՛ք խնդրեմ` ինչպե՞ս կարելի է սովորել դադարեցնել այն, ինչ չես գիտակցում:
Մարդը սիրով ու վախով լցված անոթ է: Որքան շատ է մեկը, այնքան պակաս է մյուսը: Մնացած բոլոր զգացմունքներն այս երկուսի ածանցյալներն են: Բանն այն է` զգացմունքը, որն ավանդաբար «սեր» ենք անվանում, ուղղակի վախի քողարկված բազմազան ձևերից մեկն է (թողնելու վախ, չստանալու վախ և ամենասարսափելին` կորցնելու վախ այն, ինչն արդեն ունես): Սիրո դեպքում էլ է նույնը: Ճիշտ և ճիշտ` նույնը:
Գիտակցությունը միակ գործիքն է, որի օգնությամբ կարելի է դուրս գալ այս մղձավանջից: Պետք չէ պայքարել ինքդ քո դեմ, առավել ևս պետք չէ պայքարել ուրիշների դեմ (ցանկացած պայքար նույն այդ վախի արդյունքն է), պարզապես սկզբի համար հարկավոր է գիտակցել հարյուրից առնվազն մեկ գործողություն և մեկ հոգևոր շարժում:
Կարևոր չէ, թե ինչպես ես քեզ դրսևորում, ինչ ես ասում և ինչ ես անում, եթե այդ ամենը տեղի է ունենում գիտակցաբար: Գիտակցված գործողությունները չեն կարող «վատը» լինել, հենց դրանք են կյանքը:
Գիտակցությունն ազատություն տանող միակ բանալին է և միևնույն ժամանակ ինքնին ազատությունն այն ձևով, որը հասանելի է մարդուն այս երկրի վրա: Այն գրեթե անհնար է վերցնել, բայց և չվերցնել այն` մեծագույն սխալմունք է:
Աղբյուրը` Макс Фрай
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի