Ինձ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր ծերանալուց չեն վախենում: Այդ մարդիկ խելացի են, իսկական ռազմիկներ: Նրանք, որպես կանոն, լինում են առանց կոսմետիկ և պլաստիկ վերահատությունների, բայց դրա փոխարեն միտքը փայլում է աչքերում, թոռներով շրջապատված են, գործ էլ ունեն: Եթե մարդը ծերությունը դիմավորում է առանց հիստերիայի, ուրեմն նրա հոգում հաստատ կա մի բան:
Նաև ինձ դուր են գալիս մարդիկ, ում շուրջբոլորը մաքուր է: Մաքուր է տունը, տան հարևանությամբ գտնվող տարածքը, աշխատավայրը: Եթե խոզանոց է շուրջը, նշանակում է` մարդկանց ներսում էլ է նույն խոզանոցը: Կեղտը ուղեղում և սրտի խորքերից փչող գարշահոտությունը արտահայտվում է շուրջը թափթփված դատարկ շշերով, կոնֆետի թղթերի կույտերով, ցանկապատի վրայի գրություններով:
Դուր են գալիս մարդիկ, ովքեր կարողանում են զարմացնել… Մտածում ես` պարզ մարդը է, վերին աստիճանի սովորական մեկը, ինչ-որ տեղ` նույնիսկ անհետաքրքիր: Եվ հանկարծ ժամանակի ընթացքում մարդը դրսևորում է բնավորության նորանոր որակներ, և դու հասկանում ես, որ էլի շատ որակներ պիտի բացահայտվեն: Պարզապես նա այդ ամենը իզուր տեղը միանգամից չի ցուցադրում:
Լավն են այն մարդիկ, ովքեր ինչ-որ բան սիրում են անել սեփական ձեռքերով, ովքեր ոչ միայն չեն վախենում որևէ աշխատանքից, այլև այն անում են սիրով: Աշխատող մարդիկ սովորաբար լուռ են լինում: Խելոք մարդը չի սիրում ուժերը վատնել խոսք ու զրույցի մեջ: Նա գիտի, որ ոչինչ այնքան չի դատարկում և չի թուլացնում հոգին, որքան անպտուղ և անիմաստ շաղակրատանքը:
Մեկ էլ դուր են գալիս նրանք, ովքեր գիրք են կարդում` ոչ թե որ կրթական աստիճանն է այդպես պահանջում, այլ որովհետև հոգին գիրք սիրում է, չնայած շատ հնարավոր է, որ այդ մարդն ունի շատ պարզ մի աշխատանք:
Եթե նման մարդիկ ինձ դուր են գալիս, նշանակում է` նրանք իրական կյանքում կան: Չէ՞ որ չի կարող ինձ կամ ուրիշ մեկին դուր գալ մի բան, որը գոյություն չունի բնության մեջ: Լինելը` կան, բայց նման մարդիկ այնքան էլ շատ չեն, որովհետև այն, ինչը չափազանց շատ է լինում, միշտ կորցնում է արժեքը և դադարում է զարմացնել:
Մարդիկ, ովքեր ինձ դուր են գալիս, կա՛ն, թեև կարող էին և շատ լինել: Աշխարհը պետք է որ հենարան ունենա, և շատ հնարավոր է, որ հե՛նց այդ մարդկանցով է աշխարհը կանգուն:
Աղբյուր` Протоиерей Андрей Ткачев
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Դասավանդողի հաշվետվություն (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Դասավանդողի ուսումնական գործունեության ամփոփում (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ