Պատրաստվել կյանքին:
Դու երբեք պատրաստ չես լինելու կյանքին: Ոչ մեկն էլ երբեք պատրաստ չի լինելու: Դու անվերջ սպասելու ես, թե երբ ես պատրաստ լինելու կյանքին:
Կյանքին նախապատրաստվելը սուտ է:
Դու պատրաստ չէիր, երբ ծնվեցիր: Ծնվելիս անսպասելիությունից ճչացիր` փրկելով քո կյանքը: Դու սարսափ և ընկճվածություն էիր զգում, դժվարանում էիր շնչել, այո՛ , դա ավելի շատ շոկ էր և լույսի նկատմամբ վախ, բայց ոչ երբեք պատրաստվածություն:
Դու պատրաստ չէիր, երբ առաջին օրը դպրոց գնացիր: Դու վախենում էիր, անհանգիստ էիր նոր աշխարհ մտնելուց առաջ` մեռնող հին աշխարհի շեմին. դու պատրաստ չէիր դրան:
Քո հոր մահը, հնարավոր է` սպասելի էր, հնարավոր է` ենթադրվում էր, բայց, մեկ է, դու պատրաստ չէիր: Ինչպե՞ս հնարավոր է, գրողը տանի, պատրաստ լինել վշտին, մեղքին, ուրախությանը կամ` պատրաստ լինել քաղցկեղի ախտորոշմանը, աշխատանք կորցնելուն, անսպասելի նորությանը: Դու պատրաստ չէիր:
Բայց դու բաց էիր և շարունակեցիր գնալ:
Դու չկայիր, բայց դու կենդանի մնացիր, և դու շնչեցիր այնտեղ, որտեղ հայրդ չկարողացավ, և դու այդ ամենը տեղավորեցիր քո հին սրտի մեջ:
Դու սայթաքեցիր, ընկար, վնասվեցիր: Քեզ հավաքեցիր: Կորցրիր ճանապարհը:
Բայց դու երբեք պատրաստ չեղար դրան: Ինչի՞ն` ցավի՞ն, ընկնելո՞ւն, հարվածների՞ն: Ի՞նչ է, պատրաստ լինելու համար դու պիտի ունենայիր կյանքի ուղեցո՞ւյց կամ հեղինակավոր ուղղորդո՞ղ:
Այնպես որ` սիրի՛ր քո վայրէջքները, սխալները, քո կասկածները: Այն, ինչ դու ասում ես և ոչ թե այն, ինչ հարկավոր է ասել: Սիրի՛ր քո կյանքի խառնաշփոթը: Ծիծաղի՛ր, երբ քո երազանքները ցրիվ են գալիս փոշու պես:
Ուղղակի սկսիր ապրել այսօր, եթե անգամ դու չգիտես, թե ինչպես դա անել: Տարածի՛ր գույներ ամենուր: Կտավը լուսավորի՛ր կյանքով: Հասկացի՛ր սխալները և քեզ լավ զգա:
Դու կարող ես պատրաստ չլինել կյանքին: Բայց դու ամեն դեպքում փորձիր ապրել և դիմանալ ձախողումներին` հանձնվելով կյանքի հորձանուտին:
Աղբյուրը` Джефф Фостер
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Ջեֆ Ֆոստեր»