Անսերությունն այն է, երբ չես կարող միջամտել, զրուցել, ծիծաղել, գրկաբաց լինել: Չի կարելի խոսել քո ապրումներից. դա անհեթեթություն է: Չի կարելի ինչ-որ բան խնդրել, պարզապես հասկանալ է պետք, որ հիմա իրավիճակն այն չէ: Եվ ընդհանրապես, քո ինչի՞ն է դա պետք:
Չի կարելի հույսը դնել օգնության վրա. մեծահասակները պետք է ինքնուրույն հաղթահարեն: Եթե նույնիսկ հինգ տարեկան է, ուրեմն` արդեն մեծ է: Իսկ, եթե երեսունհինգ տարեկան է, ուրեմն` ընդհանրապես ծեր է: Նման պատկառելի տարիքում էլ ի՞նչ աջակցության մասին է խոսքը:
Անսերությունն այն է, երբ առանձնապես չեն հայհոյում, բայց չեն էլ գովաբանում: Ուղղակի չեն նկատում: Երբ սիրելի մարդու մոտ շատ ուտելն անհարմար է. կարող է ասել, որ դու շատ ես ուտում: Իսկ քո պատրաստած կերակուրն ուտում են և ոչինչ չեն ասում: Չեն նկատում տունը կոկիկ պահելու և ծաղկամանի մեջ ծաղիկներ դնելու քո ջանքները:
Անսերությունն այն է, երբ ոչինչ չի կարելի, երբ նյարդայնացնում ես, միջամտում ես, աղմուկ ես բարձրացնում, անհեթեթություն ես ասում, ուղեղ ես ծամում: Բարի՛ եղիր, հանգիստ նստիր անկյունում և սպասիր, երբ քեզ զբոսանքի կտանեն: Մի՛ նվնվա և մի՛ գոռգոռա. ուղղակի ուղիղ նստիր և սպասիր: Եթե մարդիկ չեն ընկրկում` ասելով. «դո՛ւ ես մեղավորը», ուրեմն` գործ ունենք անսերության հետ:
Անսերությունն այն է, երբ քեզ ոչինչ չեն տալիս: Երբ ափսոսում են քո վրա փող ծախսել: Դա ատելություն չէ: Դա երբեմն նույնիսկ ավելի վատ է, քան ատելությունը, որովհետև ատում են ինչ-որ բանի համար, օրինակ` նախանձում են: Նման դեպքերում կարելի է հեռանալ կամ պատասխան հարված տալ: Իսկ չեն սիրում, որովհետև… ուղղակի չեն սիրում և վերջ: Հա՛, թեև ասում են. «դե՛, լավ էլի, ես քեզ սիրում եմ, միայն թե հանգիստ թող, էլի նորից չսկսես քոնը»: Այ, հենց սա է անսերությունը: Իսկ դրանից մեռնում են, հատկապես` ծերերը, երեխաները և շները: Եվ մեծահասակները, ովքեր անպաշտպան են և զգայուն:
Անսերությունը մարդուն դարձնում է վախկոտ, ապաշնորհ, ինքնամփոփ և ոչ գեղեցիկ. նա վախենում է ամեն ինչ փչացնելուց, միջամտելուց, նյարդայնացնելուց…
Ոչինչ անել չես կարող. ուղղակի եթե ուժ ունես` հեռացիր թեկուզ փայտին հենվելով: Կամ գոնե փորձիր հասկանալ` ինչը դուր չի գալիս և կամ` ինչու սեր չէ, այլ անսերություն…
Աղբյուրը` Анна Кирьянова
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ