Եվ այսպես, սիրելի՛ս, երբ դու ծերանաս, հիշի՛ր…
Երբեք ոչ մեկին մի՛ սովորեցրու: Նույնիսկ, եթե հաստատ գիտես, որ դու ճիշտ ես: Հիշի՛ր, թե ինչպես էր դա քեզ նյարդայնացնում ժամանակին, իսկ դու հետևո՞ւմ էիր մեծերի խորհուրդներին…
Մի՛ փորձիր օգնել, եթե քեզ չեն խնդրում: Ոչ մեկին ոչինչ մի՛ պարտադրիր: Մի՛ փորձիր քո սիրելիներին պաշտպանել աշխարհի բոլոր դժբախտություններից: Ուղղակի սիրի՛ր նրանց:
Մի՛ բողոքիր առողջությունից, հարևաններից, կառավարությունից, կենսաթոշակային ֆոնդից: Մի՛ նմանվիր շենքի մուտքի մոտ նստող փնթփնթան պառավի:
Շնորհակալություն մի՛ սպասիր երեխաներիցդ: Հիշի՛ր`չկան անշնորհակալ երեխաներ, կան հիմար ծնողներ, ովքեր երեխաներից երախտագիտություն են ակնկալում:
Մի՛ ասա այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «Ես քո տարիքում…», «Ես քեզ տվել եմ լավագույն տարիներս …», «Ես ավելի մեծ եմ, այդ պատճառով ավելի լավ գիտեմ …»: Դա անտանելի է:
Երբ դու թոռներ ունենաս, մի՛ պնդիր, որ նրանք «տատիկի» փոխարեն քեզ անունով դիմեն: Դա հիմարություն է:
Քո վերջին գումարը մի՛ ծախսիր երիտասարդացնող բուժումների վրա: Դա անիմաստ է: Ավելի լավ է դրանք ծախսել ուղևորության վրա:
Կիսամութ սենյակում մի՛ նայիր հայելու մեջ և դիմահարդարում մի արա: Մի՛ քծնիր ինքդ քեզ: Ուղղակի փորձիր հնարավորինս էլեգանտ տեսք ունենալ: Այո՛, հենց էլեգանտ, ոչ թե երիտասարդ: Հավատա՛ ինձ, այդպես ավելի լավ կլինի:
Հոգ տար քո տղամարդուն, նույնիսկ, եթե նա հիմա կնճռոտ, անօգնական, ամեն ինչից դժգոհ ծերուկ է: Մի՛ մոռացիր, որ նա ինչ-որ ժամանակ եղել է ջահել, ուժեղ և ուրախ: Անշուշտ, նա էլ այն քչերից է, ով քեզ հիշում է երիտասարդ, բարակիրան և գեղեցիկ: Եվ հնարավոր է, որ նա միակն է, ում դու իսկապես պետք ես հիմա…
Մի՛ փորձիր ամեն գնով ժամանակին հետևել` գլուխ հանել նոր տեխնոլոգիաներից, հասնել նորությունների մրցավազքի ետևից, անընդհատ նոր բաներ սովորել «կյանքից ետ չմնալու» համար: Դա ծիծաղելի է: Արա՛ այն, ինչը քեզ դուր է գալիս: Ինչքա՞ն: Դե՛, ինչքան որ կարողանում ես:
Ինքդ քեզ ոչ մի բանի համար մի՛ մեղադրիր: Դու երեխաներիդ և քեզ համար արել ես այն ամենը, ինչը կարողացել ես անել: Եվ գլխավորը` ցանկացած իրադրությունում պահպանի՛ր արժանապատվությունը: Մինչև վերջ: Փորձիր, սիրելի՛ս, սա շատ կարևոր է:
Եվ հիշի՛ր, եթե դու դեռ կենդանի ես, ուրեմն ինչ-որ մեկին դա պետք է…
Աղբյուրը` vk.com