Երբ մարդիկ չեն կարողանում լույս ճառագել` ստվեր են նետում: Մեր կյանքում հանդիպում են մարդիկ, ովքեր բառացիորեն լցված են լույսով և շուրջը լուսավորում են ամեն ինչ: Կան մարդիկ էլ, ովքեր ընդհակառակը` «փայլում» են կուրացնելով իրենց թույնով: Ապշեցուցիչն այն է, որ այդ թունավոր «լապտերները» հայտնվում են հենց այն պահերին, երբ մենք երջանիկ ենք. ուզում ենք «գրկել ամբողջ աշխարհը» և մեր ուրախությունը կիսել բոլորի հետ:
Լույսը և ստվերը մարդու բնության մի մասն են: Ինչ-որ մեկը հոգում լույս ունի, ինչ-որ մեկը` խավար, այսինքն` նախանձ և չարություն: Խնդիրն այն է, որ մենք ուզենք, թե չուզենք պետք է շփվենք այդ «խավարի կրողների» հետ, հետն էլ ցավով արձանագրենք, որ նրանք թունավորում են մեր «լույսը»:
Բանն այն է, որ որոշ մարդիկ պետք է ձեզնից լույս խլեն, որպեսզի իրենց լավ զգան: Դե՛, որովհետև նրանց հոգում ապրում է միայն չարը, իսկ նրանց անոթներով հոսում է ոչ թե արյուն, այլ նախանձ:
Բայց, եթե մարդը ի վիճակի չէ կիսել մեր երջանկությունը, ապա ի՞նչ ենք մենք անում նրա կողքին: Լույսը մարելը շատ հեշտ է, իսկ, ահա նորից լույս վառելը միշտ չէ, որ կստացվի: Արդ` որքան երկար եք մնում թունավոր մարդկանց կողքին, այնքան ավելի դժվար է հետագայում վերադառնալ նախկին վիճակին:
Երբ մենք ուրախություն ենք ունենում սրտերում, ապա շտապում ենք այդ ուրախությունը կիսել նրանց հետ, ում լավ գիտենք: Սա բացարձակապես նորմալ արձագանք է. ուզում ենք պատմել ուրիշներին, որ մենք գտել ենք մեր փոքրիկ երջանկությունը Երկրի վրա: Ամեն մարդ դա անում է յուրովի. ինչ-որ մեկը գրառում է թողնում սոցցանցում, ինչ-որ մեկը զանգում է և հաղորդում նորությունը, մյուսները բանաստեղծություն են հորինում… Ձևերը բազմազան են, բայց էությունը մեկն է` մենք ուզում ենք կիսել մեր ուրախությունը այն մեկի հետ, որպեսզի նրա հոգին ևս լուսավորվի: Երբեմն նման պահերին բախվում ես դժգոհ հայացքների և նախանձոտ փսփսոցների. ավելի վատ բան չես էլ կարող պատկերացնել: Կարծես ուրախությունը «ձեռքիցդ դուրս է լողում»: Զրուցակցի դեմքի (կամ հնչերանգի) մի արտահայտությունն էլ բավական է հասկանալու համար, որ մեր ուրախությունը խրվել-մնացել է ինչ-որ մեկի կոկորդում: Առավել ևս, երբ մենք, ի պատասխան մեր ուրախության, դիմացինից ակնկալում էինք հրճվանք և հիացմունք. «Օ՜, դա ուղղակի ֆանտաստիկ է: Շնորհավորո՜ւմ եմ, ընկե՛ր»:
Բայց մեր լույսը հանդիպում է մռայլ խավարի: Եվ լույսը սկսում է մարմրել…Ասես ինչ-որ մեկը թռիչքի թևերը կտրած լինի: Զգացմունքները մարում են, իսկ ուրախությունը ինչ-որ տեղ է անհետանում…
Եթե դուք նման վարքագիծ հաճախակի եք նկատում ձեր ընկերոջ կամ սիրելիի մոտ, ապա ժամանակն է մտածել` իրականում ինչ գործ ունեք նրա կողքին: Երջանկությունն իսկապես վարակիչ է, բայց միայն նրանց համար, ովքեր ներսից նույնպես փայլում են:
«Խավարի մարդկանց» մեջ ուրիշի ուրախությունը տհաճություն և ագրեսիա է առաջացնում: Միայն թե չմտածեք` խնդիրը ձեր մեջ է: Ոչ մի անձնական բան: Նրանց անառողջ արձագանքը բացառապես կապված է տրավմաների և կոմպլեքսների հետ:
Ձեր լույսը պետք է փայլի և լուսավորի այս աշխարհը բարությամբ և ուրախությամբ: Եվ մարդիկ, ովքեր ապրում են խավարի մեջ, չպետք է խանգարեն դրան: Հեռացրե՛ք նրանց համարձակորեն և շարունակեք ուրախանալ կյանքով:
Աղբյուրը` fit4brain.com
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Երբ լույս չեն ճառագում`ստվեր են նետում. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան