Ինչու չունեցանք Տերյանի երազած Հոգևոր Հայաստանը

vahan-teryan

Փետրվարի 9-ին ծնվել է Վահան Տերյանը:

Չեմ էլ հիշում` որերորդ անգամ եմ թերթում Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը: Կարդում եմ ու մտածում: Մտածում եմ ու տխրում: Ախր, ինչո՞ւ չկարողացանք, ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած հոգևոր Հայաստանը:

Արդյո՞ք պատճառը մեր թշվառ ու դժբախտ լինելն է: «Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում»։ Վահան Տերյան

Թե՞ ինքներս մեր ներսը նայելու և ինքներս մեզ քննադատելու վախն է: «Երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի»։ Վահան Տերյան

Գուցե ներքին կամքի ու հավատի կամ էլ ցանկության և կամքի բացակայությո՞ւնը: «Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլեւ իր անդամների ներքին մտավոր-հոգեկան կապով: Պետք է, բացի արտաքին հնարավորությունից, լինի եւ ներքին մի զորություն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախումբը ազգ է դարձնում: Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է՝ մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու: Ահա թե ինչու՛, ես կարծում եմ, որ բացի արտաքին արգելքները հաղթահարելուց, ամեն մի՝ ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներն են»:

Միգուցե նյութականն ունենալու և ցուցադրվելու միջոցով ինքնահաստատվելու մոլո՞ւցքը: «Չկամենանք շքեղ շենքերի հայրենիք դարձնել մեր Հայրենիքը, հոգու եւ մտքի՛ հպարտությամբ ճոխացնենք նրան»:

Իսկ մենք ունե՞նք հոգու և մտքի հպարտություն: «Քննեցեք ձեր սիրտը եւ նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգեւոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել: Չպետք է մատնանիշ անել արտաքին արգելքներն ու խոչընդոտները՝ դրանք միշտ կան, եւ դրանց դեմ, այո՛, պետք է կռվել: Բայց նախ պետք է ներքին կամք, ներքին հավատ, անխախտ գիտակցություն. առանց այդ՝ ավելորդ է եւ արտաքին արգելքների դեմ կռվելը, ավելորդ է այդ պատնեշները ջնջելը, քանի որ, երբ ընկնեն այդ պատնեշները, հանկարծ պիտի տեսնեք դուք, որ զուր էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար…»:

Մենք չունեցանք ինքներս մեզնից ու մեր ցավից վեր կանգնելու քաջությունը, ցավո՛ք, չունեցանք: Չունեցանք ցավից դեպի պայծառություն տանող ինքնամաքրումը, դժբախտաբար, չունեցանք: Չունեցանք հոգուն այդքա՜ն վեհություն ու ազնվություն բերող ներքին կամքն ու ներքին հավատը: Եվ վերջապես չունեցանք կամքի ու հավատի ծնունդը՝ պայծառությունը:

Իսկ ինչո՞ւ չունեցանք: Չունեցանք, որովհետև վաղո՜ւց չունենք հոգևոր ասվածը մեր ներսում: Ինչպե՞ս կարող ենք հոգևոր Հայաստան ունենալ, եթե չունենք հոգևոր աշխարհ մեր ներսում: Հոգևոր ու ոգի տանող ճանապարհը մեկն է՝ սերը: Իսկ սեր տանող ճանապարհի անունը՝  հավատ: Ու, քանի դեռ  մենք չունենք այդ սերն ու հավատը, հոգևորն ու ոգեղենը աննյութեղեն երազի պես կախված կմնան օդում…

«Դուք երևակայել չեք կարող, թե ինչպես է անցնում իմ կյանքը, ոչ թե անցնում է, այլ այրվում է մի ներքին կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական: Հայրենիքի ցավը մեզ այնպես է ջլատում, կեղեքում, որ մենք դառնում ենք անընդունակ ուրիշ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթահարելի մոլություն է, դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը»: Վահան Տերյան

Նունե Մովսիսյան

Լուսանկարը՝  Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան էջից

Հորս

Սիրո քարոզիչ, այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
Հայտնվիր դու ինձ խաղաղ, անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
Տանջանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինքն ոսկեշող,
Որպես գուգուրող հիասքանչ արև:
Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,
Ես քեզ եմ բերում հույզերս բոլոր:
Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով…

Կա խորհրդավոր մի հըրապուրանք

Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ-որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։
Մի այլ երկրային երաժըշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան…
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին…

Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի

Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի,
Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս,
Որ որոնածըդ բնավ չես գտնի…
Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի,
Վերջին լույսերը մեղմ կվախճանեն,
Վերջին հույսերդ կըդավաճանեն, —
Դու որոնածըդ բնավ չես գտնի…
Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի,
Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս,
Հողը կըգրկես և կըհեկեկաս. —
Ո՛չ,- կարձագանքվի,- բնավ չես գտնի..

Որպես ծաղիկն է անխոս գունատվում 

Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի…
Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ կժպտամ բախտավորի պես,—
Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ.
Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե…

Ցերեկը լռեց… Երկինքը վառեց ոսկե բուրվառներ

Ցերեկը լռեց… Երկինքը վառեց ոսկե բուրվառներ,
Լույսերը քնքուշ գրկեցին անուշ երկինք, ծով ու հող.
— Ա՜խ, եթե մեկը իմ հոգին այդ մեղմ լույսերին խառներ
Եվ փայփայեր իմ հոգնատանջ սրտի թախիծը մաշող…
Լքված իմ հոգին տանջում է կրկին տանջանքը մռայլ,
Եվ անուն չունի տանջանքը սրտիս, տենչանքը գաղտնի.
— Ա՜խ, եթե մեկը իմ սրտին նետեր նոր հույսերի փայլ,
Մեղմաբար ասեր, քնքուշ համոզեր, որ նա կըգտնի…

Հուշերի երկրում

Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.
Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
Անցյալն ու ներկան իրար է խառնում,
Ւմ սրտում ոսկե անձրև է մաղում։
Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար —
Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,
Կա խորհրդավոր, դյութող մի խավար,
Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք։
Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,
Վերհուշերի մեջ — մի անսուտ դրախտ,
Մի անանց վայելք, անխաբ հիացում —
Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ…

Ծնունդդ շնորհավոր, Վահան Տերյան

Կարող եք ծանոթանալ նաև «Վահան Տերյան» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Ինչու չունեցանք Տերյանի երազած Հոգևոր Հայաստանը

  1. Уведомление: Ինչու չունեցանք Տերյանի երազած Հոգևոր Հայաստանը — Վահե Մուսայելյանի բլոգ

  2. Уведомление: Վահան Տերյան փաթեթ… — Անի Արղության

  3. Уведомление: Վահան Տերյան փաթեթ… | Նաիրա Ազատյան

  4. Уведомление: Վահան Տերյան – Գարիկ Բարխուդարյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s