Այսօրվա դպրոցական պատանին է վաղվա զինվորը

9af79ea37

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց գալիս են ոչ միայն մեր Միջին դպրոցի սովորողները, այլև Երևան քաղաքի և հարակից բնակավայրերի պատանիները՝ իրենց հետ բերելով հեղինակային կրթական ծրագրին խորթ «մշակույթ»:

Փորձեմ ընդհանուր դիտարկումներ անել` ներկայացնելով հայաստանյան կրթական համակարգի «դրոշմը» կրող մեր դեռահասների խնդիրները:

Եվ այսպես։

Առաջին։ Պատկերացնել անգամ չեք կարող, թե որքան չարություն և բացասական էներգիա կա կուտակված այդ տարիքի պատանիների մեջ: Եվ գիտե՞ք, ես ամենևին չեմ զարմանում, առավել ևս` չեմ մեղադրում նրանց: Ինչո՞ւ: Շատ պարզ տրամաբանությամբ: Ի՞նչ եք կարծում, եթե ձեզ փակեին մի տեղում, որի անունը թեկուզ և «դպրոց» է (մեղա, մեղա), շենքը ցանկապատեին, պահակ կամ ոստիկան կարգեին ձեզ վրա, խոչընդոտեին ձեր մուտքն ու ելքը՝ պատճառաբանելով, որ անվտանգություն են ապահովում (իսկ երեխաներին հարցրե՞լ եք՝ իրենք ուզո՞ւմ են), հետաքրքիր է, դուք ինչպիսի՞ն կդառնայիք: Հարց եմ տալիս` չէի՞ք վիրավորվի և չէի՞ք չարանա: Էլ չեմ ասում, որ նման անվտանգությունն ի սկզբանե «խարխուլ» է, կարելի է ենթադրել, որ նույն այդ երեխաները դասերն ավարտելուց հետո դուրս չեն գալիս փողոց և չեն շրջում: Ի՞նչ եք առաջարկում՝ ոստիկանների ուղեկցությա՞մբ տուն գնան: Է, հետո՞…

Երկրորդ՝ ատելության հասնող անվստահություն ուսուցիչների նկատմամբ: Եթե տնօրեն ես, եթե ուսուցիչ ես, մի խոսքով` եթե մեծ ես, ուրեմն վատն ես, չես կարող լավը լինել, ուղղակի չես կարող: Ինչո՞ւ: Դե՛, որովհետև, ուսուցիչ ջան, դու ինձ կոպտում ես, կոտրում ես, ստորացնում ես, արժանատվությունս վիրավորում ես իմ ընկերների ներկայությամբ: Ես ինչպե՞ս կարող եմ քեզ ընդունել:

Երրորդ՝ երևակայության, վերլուծական մտածողության, առհասարակ մտածելու կարողության պակաս: Վարժություն տուր՝ քաշվիր մի կողմ. ռոբոտի նման կանի, դեռ մի բան էլ ավելին, բայց հենց հերթը հասնում է մտածելուն կամ տրամաբանելուն, կարծիք հայտնելուն կամ վերաբերմունքը հիմնավորելուն, չկան, բոբիկ են լաց լինելու աստիճանի…

Չորրորդ. եթե բնորոշելու լինեմ մարդկային որակները, ապա մեկ բառով ասելու եմ` տխուր: Ռաբիսի տակ մեծացած, «Կիսաբաց լուսամուտ» նայած, տափակ հումորներ լսած, հայկական ապուշացնող սերիալներով «դաստիարակված» սերունդը մարդկային ի՞նչ որակներ կարող է ունենալ: Ի՞նչ որակների մասին կարող է խոսք լինել:

Հինգերորդ։ Փողով, հագուստով, առհասարակ` նյութական միջոցներով ինքնահաստատման գնացող պատանին վաղը, մյուս օրը բանակում հայտնվելիս, ինչ եք կարծում, ի՞նչ պիտի անի: Հարց եմ տալիս` իրեն ո՞նց պիտի պահի:

Ներառականություն, շփման, ապրումակցման, համատեղ կյանքի ի՞նչ դրսևորումներ կան դպրոցում, ի՞նչ գործով են զարգանում մարդկային վեհ որակները, միայն խրատներով-քարոզներով, այլոց (թեկուզ և հերոսների) օրինակով հայրենասիրություն, եղբայրություն դաստիարակել կլինի՞։ Ինչպե՞ս են դպրոցում յուրացնում արտակարգ իրավիճակներում, ոչ տնային պայմաններում ապրելու հմտություններ։

Եվ ուզում ենք, որ այսքանից հետո մեր տղաները բանակ գնան և խնդիրներ չունենա՞ն իրար հետ, իրենց նման իրենց հրամանատարների հետ: Լինելու բան չէ: Ինչպե՞ս կարող են խնդիրներ չունենալ, եթե տարիներ շարունակ հոգեբանական ճնշման են ենթարկվում (արի կլինի՝ ֆիզիկական բռնության մասին լռեմ, էլի) սկզբում` մանկապարտեզում, հետո` դպրոցում, հիմա էլ` բանակում: Եթե սրան էլ գումարենք մեր բանակի փակվածությունը և անազատ կարգավիճակը` պատկերը քիչ թե շատ հասկանալի կդառնա:

Այնպես որ, ցավ զգալուց, մեղադրանքներ ներկայացնելուց առաջ և հետո, բարի լինենք, հարցերի խորքային պատասխանները փնտրենք` փորձելով լուծումներ գտնել:

Իսկ ո՞րն է լուծումը: Կարող եմ բերել կրթահամալիրի օրինակը:

Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայրը, ազատ ներսուդուրս անելու հնարավորությունը, զանգի բացակայությունը, ընտրելու հնարավորությունը իսկական ներառականության միջավայր են ստեղծում։

Սովորողների տարատարիք խմբերի հայրենագիտական ճամփորդությունները, միօրյա թե բազմօրյա արշավները, բարձունքների հաղթահարումը, հայրենիքը միասին թափառումով ճանաչելը, ծիսական տոնախմբությունները և ճամբարային գործունեությունը մարդկային շփման գործուն հարթակներ են: Այդ գործունեության ժամանակ հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտից խոսելու կարիք էլ չի լինում։

Այսօրվա դպրոցական պատանին վաղվա զինվորն է: Ինչպիսին կլինի այսօրվա դպրոցի մեր աշակերտը, այնպիսին էլ կլինի  մեր բանակի վաղվա զինվորը…

Նունե Մովսիսյան

Լուսանկարը` panarmenian.net

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Այսօրվա դպրոցական պատանին է վաղվա զինվորը

  1. Տիկին Նունե ջան, բոլոր նշված կետերի տակ ես էլ եմ ստորագրում՝ ի նշան համաձայնության: Շատ դիպուկ է ասված՝ ճիշտ նշանակետին:

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s