Մեծն Թումանյանի հետ

9ba3c6cddf0f82339d1f36687a6b1bcc

Տասնյոթամյա աղջիկ էի, երբ Թելավիի ս. Նինոյի գիշերօթիկ դպրոցն ավարտելուն պես փոխադրվեցի Թիֆլիս: Դա 1918 թվականին էր: Գավառական քաղաքացի՝ ուղղակի ընկա վրաց «Կապույտ եղջյուր» ընկերակցության երիտասարդ բանաստեղծների շրջանը: Գարնան  մի օր Տիցիան Տաբիձեի հետ քայլում էինք Ռուսթավելու անվան պողոտայով, հրճվալից դիտում փողոցն ու մարդկանց: Հանկարծ տեսնում եմ հեռվից, դեմ-դիմաց գալիս է բարձրահասակ ու ալեհեր մի մարդ` արևի նման ժպտալով շուրջը: Թվաց, թե նա կյանք ու խնդություն է տալիս ամբողջ շրջապատին: Նրան նկատելով, ես կանգ առա. ինչ-որ բան, անմեկնելի բան ինձ սաստիկ հուզեց: Տիցիանի թևից քաշեցի ու հարցրի.

-Ո՞վ է նա:                                                                                                                                                  Հենց այդ պահին ալեհեր մարդը մոտեցավ մեզ և պարզ ու բերկրալի ժպիտը դեմքին, զույգ ձեռքերով սեղմեց Տիցիանի ձեռքը: Դա Հովհաննես Թումանյանն էր, հռչակավոր հայ բանաստեղծը, հայ ժողովրդի ամբողջ ազնվության և դարավոր տառապանքների լավագույն արտահայտիչը: Այն ժամանակ ես հայր չունեի և այդ հանդիպումից ի վեր հանձին Հովհաննես Թումանյանի ես գտա իմ հորը: Այնուհետև, համարյա ամեն օր հանդիպում էի նրան և առաջին տպավորությունս  հետագայում ոչ միայն չնվազեց, այլև հետզհետե ավելի ու ավելի հարստացավ ու խորացավ։ Նա ներկա էր լինում բոլոր երեկոներին, որ կազմակերպում էին մեր բանաստեղծները, հանդես էր գալիս անձամբ ինքը, կամ ընթերցվում էր բարեկամական հմայքով լի նրա նամակները։

Չէր լինում այնպիսի մի ուրախալի կամ ծանր օր,  որ Հովհաննես Թումանյանը չներկայանար որպես բարի հանճար։ Հիշում եմ 1920 թվականին կատարված հետևյալ դեպքը․ մի օր, առավոտյան, թերթում կարդում եմ հայտարարություն, թե Տիցիան Տաբիձեի բնակարանում  Սերգեյ Գորոդեցկին կկարդա զեկուցում պոեզիայի մասին։ Հայտարարությունը ինձ նետում է զարհուրանքի  մեջ։ Ես սոսկում ու մոլորվում եմ․ ախր ես ու Տիցիանը հենց նորերս ենք ամուսնացել, բնակարանը դատարկ է, խղճուկ, ոչ մի կոպեկ չունենք․․․ Մինչ ես մտորումների ծովն եմ ընկել, ահա գալիս է զեկուցողը ՝ Սերգեյ Միտրոֆանովիչ Գորոդեցկին։ Հարձակվում եմ նրա վրա․

-Այդ ի՞նչ արեցիք։ Երեկո եք հրավիրում, մինչդեռ մեր տանը կա ընդամենը չորս աթոռ, և ոչ մի կոպեկ չունենք․․․Նա շատ հանգիստ պատասխանում է, որ ինքն էլ ոչ մի կոպեկ չունի, ապա ավելացնում է․

-Ոչինչ, աթոռներ կհավաքենք հարևաններից։ Ինձ անհանգստացնում է  այն միտքը, որ եթե երեկոյից հետո մի մասը ցրվի էլ, մյուս մասը կմնա, ինչո՞վ հյուրասիրել նրանց․․․Զեկուցումից հետո շատերը ցրվեցին, բացի մեր բարեկամներից։ Մնացին Հովհաննես Թումանյանը, նկարիչ Սուդեյկինը՝  իր տիկնոջ հետ, պոետներ Պաոլո Իաշվիլին, Նիկոլոզ Միծիշվիլին, նկարիչներ Գուդիաշվիլին, Սորինը, Ֆուտուրիստ Զդանևիչը և շատ ուրիշներ։ Բոլորը նստել են սեղանի շուրջը։ Ինձ դարձյալ պաշարել է տարակուսանքը․․․  հանկարծ Հովհաննես Թումանյանը սենյակից դուրս է գնում։ Ես հետևում եմ նրան։ Նա հայրաբար շոյում է գլուխս և ասում, որ ինքը շուտով կվերադառնա․․․ մի ժամ էլ չանցած, մեկը բախեց ննջարանի դուռը։ Մոտենում եմ, բացում․ Հովհաննեսը կանգնել է իր մշտական  պայծառ ժպիտը դեմքին, աստիճաններով բարձրանում են վիթխարի զամբյուղներ շալակած մշակները։

– Աղջիկս, – ասում է Հովհաննեսը , – այժմ կարող ես չհուզվել, ամեն ինչ բերել եմ: Նայում եմ՝ մի զամբյուղում խորտիկներ են, ամանեղեն, իսկ մյուսում՝ գինի և այլ ըմպելիքներ։ Ինքն ինձ օգնում է սեղան բացել։ Խնջույքը տևեց մինչև լուսաբաց։ Մենք լսում էինք Հովհաննեսի բոցաշունչ խոսքը ժողովուրդների բարեկամության մասին, նրա զվարթ կատակներն ու բովանդակալի զրույցները։

* * *

Ես հաճախ մոռանում էի մեր հարսանեկան տոնը՝ իսկ նա՝ երբեք։ Եթե մենք տանը չէինք լինում, Հովհաննես Թումանյանը թողնում էր ծաղկեփունջ և շնորհավորագիր։ Այդ օրը նրա համար անձնական տոն էր։ Նա առավոտյան ուղարկում էր նամակ ու ծաղիկները, ապա գալիս էր ինքը, որպեսզի մեզ հետ միասին նշեր մեր տոնը։ Ես չեմ հիշում մեր տանը անցկացված ոչ մի երեկույթ, որին չմասնակցեր նա։ Երբեմն Հովհաննեսը քնատ-քնատ հագնում էր խալաթը, դուրս գալիս պատշգամբ ու խոսում մեզ հետ։ Նրան արտահայտելով մեր սերը, հրաժեշտ էինք տալիս և աղմուկով հեռանում՝ հոգեպես բավարարված, որ տեսանք նրան։ Թումանյանը հաճախ առավոտները մեր տուն էր գալիս, երբ ես դեռևս պառկած էի լինում անկողնում․ վերցնում էր աթոռը, նստում մոտիկ, ինձ տալիս թուղթ ու մատիտ և թելադրում էր բանաստեղծությունները ռուսերեն լեզվով։ Ես տողացի թարգմանում էի վրացերենի։ Ես շատ էի սիրում նրա բնակարանը, որտեղ միշտ լինում էր հաճելի բուրմունք, շատ մրգեր ու ծաղիկներ։ Նա նստում էր որպես սիրո նահապետ և խոսում ցածրաձայն։ Բանաստեղծին ամենից շատ անհանգստացնում էր հայ-վրացական փոխհարաբերությունը։ Նա շատ սուր կերպով էր վերապրում ու հաճախ խորհրդածում այն հարցի մասին, թե ինչպես վերցնել մենշևիկյան իշխանության օրոք եղբայրական երկու ժողովուրդների միջև ծագած անիմաբանությունը։ Իր այդ հոգսը Հովհաննեսն առանձնապես արտահայտվել է Տիցիան Տաբիձեին ուղղած բաց նամակի մեջ․․․

* * *

Վերջին անգամ Թումանյանին տեսա, երբ նա հիվանդ էր ու պետք է մեկներ բուժվելու։ Իրեն վատ էր զգում, պառկած էր Շահպարոնյանի հիվանդանոցում։ Գնում էինք հիվանդանոց, հարցնում առողջությունը, գրություններ ու ծաղիկներ ուղարկում, սակայն ինքներս մոտը չէինք գնում, որպեսզի չանհանգստացնենք․․․ Հովհաննեսը պետք է մկրտեր իմ աղջկան։ Բանաստեղծին փոխարինեց նրա դուստրը` Նվարդը։ Եվ ես երջանիկ եմ, որ իմ դուստրը նրա դստեր հետ կապվեց ինչպես հարազատ քրոջ։

* * *

Մեծ բանաստեղծի հուղարկավորությունը վերածվեց Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության վիթխարի ցույցի։ Ես չեմ հիշում մի այլ դեպք, երբ տարբեր ժողովուրդների  բանաստեղծները որևէ մեկին ուղևորեին այդքա՜ն անկեղծ, այդքա՜ն ջերմ զգացմունքներով։ Թումանյանը  կտակել էր, որպեսզի իր աճյունը հուղարկավորեն իր այդքա՜ն սիրած Թիֆլիսում՝ Վրաստանի մայրաքաղաքում։Նրա ցանկությունը կատարվեց։ Այդ հանգամանքը մեզ հավեժապես կապում է մի մեծ բանաստեղծի հետ, որը ամբողջ կյանքը նվիրաբերեց իր մայր ժողովրդին, իր մեծ սրտի անսահման սերը դարձրեց ժողովրդների բարեկամության դրոշ։ Այն, որ հայ ժողովրդի անմահ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի շիրիմը գտնվում է վրացական հողում, մեզ հարազատ  է դարձնում նրա պոեզիան, նրա աշխարհը, նրա ժողովրդին։

Աղբյուրը՝  Նինա Տաբիձե «Մեծն Թումանյանի հետ»

Կամուրջ, Թբիլիսի 2009, էջ 400

Կարող եք ծանոթանալ նաև  «Թումանյան» կայքէջին

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s