Արդյո՞ք նկատել եք` ինչ է տեղի ունենում, երբ ինչ-որ մեկը ձեր ձեռքը նրբորեն իր ափի մեջ է առնում և ջերմությամբ, սիրով, զգուշորեն սեղմում է այն: Անսպասելիորեն ձեր ձեռքը կենդանություն է ստանում, նոր ուրախություն է հորդում: Ընդամենը մի ակնթարթ, և ձեր ձեռքը վերածնվում է, այդ պահին ավելի կենդանի է դառնում, քան ձեր մարմնի ցանկացած այլ մաս: Ձեր ձեռքն ավելի ու ավելի է ջերմանում: Այն զգում է ուրախություն, ձեզ ողջունող ուրիշ մեկի ուրախությունը, որը փոխանցվում է ձեզ: Ձեր ձեռքը համապատասխանաբար սկսում է արձագանքել` թրթռում է, մարմնում էներգիայի որոշակի հոսքի զգացողություն է լինում:
Հոգեբաններն ասում են, որ երեխան, ում ծնողները երբեք չեն գրկում, ամբողջ կյանքում մնում է մեռած: Նրա մարմինը երբեք չի կենդանանում: Երեխան կարիք ունի, որ իրեն գրկեն: Երեխան կարիք ունի, որ իրեն նորից ու նորից գրկեն, փայփայեն և համբուրեն: Հակառակ դեպքում նա երբեք չի ճանաչի այն կյանքը, որ հոսում է իր մարմնում: Նա բառիս բուն իմաստով սառը կմնա և երբեք չի զգա իր ներսում հորդացող ջերմությունը: Իսկ, եթե նա չզգա իր ներսում հոսող ջերմությունը, նա չի կարողանա պատասխանել սեփական ջերմությամբ: Իսկ, որպեսզի այդ ջերմությունը առաջանա, այն հրահրվելու պետք ունի:
Երբ ինչ-որ մեկը ձեզ գրկում է, և գրկախառնությունն այդ ոչ թե հենց այնպես արված շարժում է կամ դատարկ ժեստ, այլ իսկական է և անկեղծ, այն որպես էներգիա հոսում է ձեր մեջ` մեծացնելով սիրո ձեր էներգիան: Ձեր մարմինը դառնում է ավելի կենդանի, դուք զգում եք կյանքի բոլորովին այլ որակ: Դուք սկսում եք շարժվել առավելագույնի ուղղությամբ (մարդիկ, սովորաբար, ապրում են նվազագույն կենսաձևով. ապրում են միօրինակ կյանքով, նրանց կյանքը զուրկ է կտրուկ շրջադարձերից):
Ես ձեզ ասում եմ. հետևեք ձեր մարմնին` ինչ է տեղի ունենում, երբ դուք սիրով ինչ-որ մեկին գրկում եք: Մարմնի այն հատվածը, որին դուք սիրով դիպչում եք մարդուն գրկելիս և, որը փոխադարձաբար զգում է ուրիշ մեկի սերը` կյանք է ստանում: Սերն այնպիսի կյանք է տալիս, որը չի կարող տալ և ոչ մի բան:
Աղբյուրը` Ошо
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին