Դավթի ամուսնությունը (կրճատումներով)
Որբ տղա էր, պահող, ականջ արող չկար.
Որ գնաց կռիվ, էկավ, փոխվավ, լցվավ.
Ով կը տեսներ էնոր խորոտ աչքեր,
Կարմիր էրեսներ, խորոտ քի՛թ-բերան,
Էնոր գլխեն իր խելք կ’էրթար։
*****
Դավիթ որ Մըսրա Մելքին հաղթեց,
Ձեն ի ձեն հասավ Կապուտկող,
Կապուտկողի թագավոր Վաչոյ-Մարջոյին,
Էնոր աղջկան՝ Խանդութ խանումին։
Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր,
Խանդութ՝ թե՛ խորոտ էր, թե՛ քաջ էր.
Էնոր սիրունություն աշխարհ բռներ էր։
Շապուհ արքան լսեր էր էնոր ձեն՝
Մարդ ղրկեր, Խանդութին կ’ուզեր։
Ուրիշ քաջ մարդիկ քառսուն հոգով
Իրենց ուժին վստահ,
Էկած են Խանդութին ուզելու։
Էդոր սիրուն կ’ուտեն, կը խմեն,
Որ բալքի հավներ, մեկին առն՛եր։
Համա Խանդաթ՝ Դավթի ձեն լսեր էր,
Իրեն մտքի մեջ կ’ասեր՝
«Իմն որ կա՝ Դավիթն է.
Իմն որ չկա՝ Դավիթն է.
Էդոնք ի՞նչ մարդ են՝ որ ես էդոնցմե առնեմ»։
Մեկ օր Խանդաթ նստած էր պատուհան,
Տեսավ իրեք գուսան կ’անցնեն փողոցով։
Կանչեց էնոնց, ասաց.
— Գո՛ւսաններ, մի էկե՛ք էստեղ։—
Հարցուց էդ գուսաններուն.
— Գուսաննե՛ր, օրական դուք ի՞նչ կ’առնեք։
Ասին.— Խա՛նում, գուսանություն է,
Մենք ի՞նչ գիտնանք, որ ասենք.
Օր կա՝ շատ կառնենք, օր կա՝ քիչ.
Օր կա՝ մեկ արծաթ, օր կա՝ էրկու։
Խանդաթ ասաց.— Գո՛ւսաններ,
Դուք էկեք, գնացեք Սասուն.
Քանի օր գնացիք, էկաք,
Օրական ձեզի մեկական արծաթ փող տամ։
Գուսաններ շուտ մի էլան, դարձան,
Ուրախ-ուրախ դեմ ի Սասուն գնացին։
Խանդութ ասաց.— Գո՛ւսաններ, ո՞ւր կ’էրթաք։
Գուսաններ ասին.— Խա՛նում, դու չասի՞ր՝
Էլե՛ք, գնացեք Սասան, էկեք։
Ասաց.— Աստված ձեր տուն քանդի,
Սասուն որ կ’էրթաք, ես բանի կը ճամփեմ,
Հո՛ դատարկ չե՛ք էրթա, գա։
— Խա՛նում,— ասին,– ի՞նչ կ’ասես։
— Գուսաններ,– ասաց,— կ’էրթաք Սասուն.
Կը հարցուք Դավթի սենեկ,
Կ’էրթաք, կը նստեք էնտեղ,
Դավթի առջև ինձի կը գովեք,
Որ էլնի, գա, ինձի առնի՛։
Թե հավնա՜վ ինձի, հավնա՛վ,
Թե չըհավնավ՝ գլուխ քար, էրես պատ,
Էն էլ ինձի պետք չի։
Գուսաններ էլան, գնացին.
Գնացին դեմ ի Սասուն։
Հասան Սասնա քաղաք։
Էդոնց տղաներ կը խաղային։
Գուսաններ տղաներուց հարցուցին,
Թե.– Դավթի սենեկ ո՞ր մեկն է։
Տղաներ մոտեցան էդոնց, ասին.
— Արե՛ք, ձեզի տանենք Դավթի սենեկ։
Էնոնք որ մոտիկցան գուսաններուն,
Տեսան՝ մեկ-մեկ փետ կա էդոնց թև,
Էդ փետերի վերան էլ ականջ կա։
Հասան տղաներ, ձեռ քցեցին,
Էդ գուսաններու սազեր բռնեցին։
Ասին, թե.— էդ ի՞նչ տեսակ փետ է.
Ձեռ քսվավ էն մեկ սազի թելին,
Էդ սազի միջեն ձեն էլավ։
— Վա՛յ,— ասին էդ տղաներ,
Ու թափան գուսաններու վերան,
Որ սազեր էնոնց ձեռեն առնեն։
Էնոնք մեկ-մեկի ասին.
— Տըղա՛, էդ փետի միջեն ձեն կ’էլնի,
Մի արի՛, աչկենք, տեսնենք էդ ի՞նչ է.
Քեռի Թորոս տեսավ, էկավ.
Էկավ, էդ տղաներուն բարկացավ.
Իմկնի Սասունա ծռեր,
Էդ գուսա՛ն է, սա՛զ է.
Ձեն կ’էլնի մոտեն, անո՜ւշ-անո՜ւշ։
Դուք իսկի բան չեք տեսե,
Արե՛ք, տանեմ մեր սենեկ,
Էդոնք սազ զարկեն, խաղ ասեն,
Մենք էլ ականջ անենք…
Առա՛վ գուսաններուն, գնաց իր սենեկ։
Հաց բերել էտու, գուսաններ կերան։
— Դե՛,— ասաց,— փշուր մի մեզի դամ արեք,
Մենք էլ մեր ձեռնեն գալած նվեր կը տանք,
Կ’էլնեք, կ’էրթաք ձեր տուն։
Գուսաններ ասին.— Մենք էկեր ենք,
Խանդութ խանում Դավթի համար գովենք։
Քեռի Թորոս ասաց.— Դավիթ ե՛ս եմ,
Դե՛հ, տեսնեմ՝ ինձի համար գովեցեք։
Գուսաններ հանեցին թևերուց սազեր,
Թելներ զըլցուցին, սազեցին,
Դարձան զԽանդութ խանում գովեցին։
Որ գովեցին պրծան,
Քեռի Թորոս հարցուց, ասաց.
— Գո՛ւսաններ, էդ ո՞րտեղ է ձեր գոված Խանդութ։
Գուսաններ ասին.— Կապուտկող է,
Վաչոյ-Մարջոյ աղջիկն է։
Քեռին դարձավ տղաներուն, ասաց.
— Զարկե՛ք էդ գուսաններուն։
Էդոնք էկեր են, որ խաբեն,
Մեր էղնիկի սիրտ ավերեն։
Քեռին ձեռաց հասկացավ,
Որ Խանդութ ճամփեր է գուսաններ՝
Դավիթ հասկանա, էրթա իրեն առնի։
Զարկեցին գուսաններուն, սազեր ջարդեցին,
Գուսաններ էլան փախան…
Էկան,— քաղքի տակ կամուրջ մի կար,—
Կամրջի գլուխ կայնան, միտք արին, ասին.
«Կ’էլնի՝ մենք Խանդութի ասած չասինք,
Որ մեզի ծեծեցին, զարկեցին։
Չէ՛, աղբեր, Խանդութ մեզի էդպես սովորցուց,
Ապա էդոնք ծո՞ւռ են,
Ինչի՞ մեզի ծեծեցին, զարկեցին»։
Էդ որ գուսաններ կ’ասեին,
Դավիթ Ավագ սարեն որս վեր թևին՝
Կուգար դեմ ի իրենց տուն։
Իրիկուն էր. կամրջի գլուխ կայներ
Գուսաններու ասած ականջ կաներ։
Դավիթ մոտեցավ էնոնց, ասաց.
— Գո՛ւսաններ, էդ ի՞նչ է, որ կասեք։
Գուսաններ ասին.— Մենք գնացինք Սասուն,
Խանդութ Դավթի համար տի գովեինք,
Դավիթ էլավ, Սասունա ծուռ ճժեր
Մեր վերան լարեց, մեր սազեր ջարդեցին,
Մեզի ծեծեցին, քաղքեն հանին…
Մեր հույս վեր են սազերին էր։
Ասաց.– Գո՛ւսաններ, Դավիթ որ կա, ես եմ,
Էն իմ քեռին է էղեր։
Առեք էսա փողեր՝
Գնացեք, ձեր սազեր տվեք շինել,
Ոսկի թել տվեք քաշել վերան,
Բերեք, ինձի համար Խանդութ խանում գովեցեք։
Գուսաններ գնացին, սազեր տվին շինել,
Էկան Դավթի սենեկ,
Իրեքն էլ ջոկ-ջոկ խաղ ասին,
Ամեն մեկ՝ մեկ դիր Խանդութ խանում գովեց։
Առաջին դիր էն սիպտակմորուս գուսան
Առավ ձեռ իր դամբուրեն, լարեց,
Խանդութ խանում գովեց, ասաց.
«Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
Էնոր բոյ գյռլու էղեգ նման է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
Էնոր սրտիկ Քուռկիկ Ջալալու մեյդանն է,
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
Էնոր բերան մեղրով բացած է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
Էնոր ատամներ մարգըրիտ շարած է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին.
Էնոր աչքեր գինու կթխա է։
Տ’ասեմ, տի գովեմ Խանդութ խանում Դավթին»։
Էնոր էտևեն էն թուխմորուս գուսան
Առավ ձեռ իր տամբուրեն, լարեց,
Խանդութ խանում գովեց, ասաց.
«Կ’իրիշկեմ Խանդութ խանում, ձեռ-ոտ կալամով քաշած է՜,
Ա՜խ, հալա տըգո, կալամով քաշած է։
Կ’իրիշկեմ՝ էնոր էղնգներ, ռանդայով տաշած է,
Ա՜խ, հալա տըգո, ռանդայով տաշած է։
Կ’իրիշկեմ՝ էնոր ծամեր, քառսուն ճուղ ծամ է,
Ա՜խ, հալա տըգո, քառսուն ճուղ ծամ է։
Կ’իրիշկեմ՝ բոյն ու բուսաթ, շատ նման է քաղքի բրջին,
Ա՜խ, հալա տըգո, քաղքի բրջին։
Կ’իրիշկեմ՝ էրեսի կարմրություն, նռան գինի է,
Ա՜խ, հալա տըգո, նռան գինի է.
Կ’իրիշկեմ՝ էնոր ծըծեր մեջ ծոցին,
Քանց Հալապա շաքար քաղցր է,
Ա՜խ, հալա տըգո, քաղցր է»։
Վրա իրեք դիր էն ջահել գուսան
Առավ ձեռ իր սազ, լարեց,
Խանդութ խանում գովեց, ասաց.
«Ընդրա բոյն ասեմ,
Քառսուն գազ է, լգո՜, մե չափ ավելի*.
Ընդրա աչքի թարթափներ ասեմ,
Կռնկի թևի նման է, լգո՛, մե չափ ավելի—
Ընդրա սրտի լենք գովեմ,
Յոթը գազ է, լգո՛, մե չափ ավելի.
Ընդրա սիպտկություն ասեմ,
Քանց մեկ օրվա գալած ձուն սիպտակ է, լգո՜, սիպտակ է:
Ընդրա կակղություն ասեմ,
Քանց բամբակի քուլեն կակուղ է, լըգո՜ կակուղ է»:
Դավիթ որ Խանդութ խանումի գովք լսեց,
Էն ինչ գուսաններ իրեք դիր գովեցին,
Առավ ձեռ իր սազ, լարեց, ասաց.
«Գո՛ւսաններ, դուք բարով էկաք.
Իմ սիրտ քանց կաթն անարատ էր,
Մերան թալիք, մակարդիք։
Իմ սիրտ քանց Սասնա բերդն ամուր էր,
Քլունգ առաք, իմ հիմ քանդեցիք։
Իմ սիրտ քանց աշունքվա գետ զուլալ էր,
Գարնան հեղեղի նման պղտորիք։
Գուսաններ, դուք ինձի հալիք, մաշեցիք,
Դեհ ձեր Խանդութ խանում ինձի քաշեցեք»
Դավիթ որ պրծավ, սազ էդիր գետին, ասաց.
— Գուսաննե՛ր, էդ ո՞րտեղ է Ձեր գոված Խանդութ խանում։
— Կապուտկող է, Վաչոյ-Մարջոյ աղջիկն է:
Ասաց.— Գո՛ւսաններ, կ’էրթաք, կ’ասեք,
Դավիթ ասաց՝ վեց օր կը սպասի,
Յոթն ավուր վերան իրեն հյուրն եմ։
Իմ ճաշ կ’ուտեմ Ճաժվան,
Խրամենց կը գամ Բանդումահին,
Ընթրիսին կը հասնեմ սեր խանումին։
Հանեց, քանի մի փող էտու նվեր,
Բարով էրթաք ասաց, ճամփու էդիր։
Գուսաններ՝ «Տը՜մբ, տը՜մբ»… սազեր զարկեցին,
Էլան, ընկան ճամփա։
Դավիթ էլավ, գնաց տուն, Հրողբոր կնկան ասաց.
— Իմ շորեր լվա, ես տեղ տ’էրթամ։
Դառավ հրողբորն ասաց.
— Ես Չմշկիկ Սուլթան չե՛մ առնի.
Տ’էրթամ, Խանդութ խանում բերեմ։
Հրողբեր ասաց.— Դա՛վիթ, էս յոթ տարի էղավ,
Քառսուն փահլևան նստած են առջև էնոր դուռ.
Դու էլ կ’էրթաս առջև էնոր պատուհան.
Թե քե նշան էտու, կ’էրթաս.
Թե չէտու, կը դառնաս, կը գաս։
Գուսաններ էկան, հասան Կապուտկող։
Խանդութ խանում պատուհան նստած էր.
Որ տեսավ էնոնց, հարցուց, ասաց.
— Գո՛ւսաններ, գնացի՞ք Սասուն։
Ասին.— Հրամանք ես, խանո՛ւմ։
Աստված էնոնց տուն ավերի,
Էդոնք ամեն ծուռ են։
Գնացինք Դավթի սենեկ,
Քեզի տի գովեինք,
Բռնեցին մեզի ծեծեցին, մեր սազեր ջարդին,
Էկանք քաղքի տակ,—
Էլի աստված կյանք տա էն Դավթին,
Մեր սազեր էտու շինել, ասաց.
«Կերթաք Խանդութին կասեք՝ վեց օր կը սպասի,
Յոթն ավուր վերան իրեն հյուրն եմ։
Իմ ճաշ կուտեմ Ճաժվան,
Խրամենց կը գամ Բանդումահին,
Ընթրիսին կը հասնեմ սեր խանումին»։
Խանդութ գուսանների փող հաշվեց,
Քանի օր գնացեր, էկեր էին, էտու։
Գուսաններ էլան, գնացին իրենց տուն։
Դավիթ խոսք տվածին պես,
Վեց օրեն գնաց իր սենեկ,
Սնդուկ էբաց, շորեր հագավ,
Թուր Կեծակին կապեց,
Քուռկիկ Ջալալին քաշեց դուրս,
Սանձ էդի բերան, թամք էդի մեջքին,
Հեծա՛վ, ընկավ ճամփա։
*****
Վեց օր որ էկավ անցավ,
Խանդութ խանում առավոտ լուսուն՝
Էլավ, նստավ պատուհան,
Դավթի ճամփան բռնեց։
Մեկ էլ իրիշկեց՝ ինչ տեսնի.
Կրակ մեջ էրկինք, մեջ գետինք կը տա։
Մեկ ձիավոր մի մեջ էրկինք, մեջ գետինք կը գա,
Հազիվհազ կերևա։
Ասաց. «Կա-չկա էս Դավիթն է»:
Դարձավ դռնապանին, ասաց. —
Գորգիզ, հասի, դուռ զարկ.
Գահ է, որ ձիավոր մի հասնի դուռ։
Գորգիզ հասավ, դուռ էզար.
Խոսք դեռ բերանն էր, Դավիթ հասավ վեր դռան,
Քշեց, գնաց առջև Խանդութի պատուհան։
Խանդութ խանում՝ որ աչք ընկավ,
ԶԴավիթ տեսավ՝ ուրախացավ.
Ուրախությունե խնձոր մէզար Դավթին։
Դավիթ խնձոր բռնեց վեր ձիուն,
Խնդացավ վեր խնձորին։
Իրիշկեց, տեսավ զԽանդութ
Գուսաններ ինչ գովացեր էին,
Դեռ կեսն էլ չէին ասե։
*****
Էն փահլևաններու մեջ
Խանդութ խանում Դավթին հավնեցավ,
Ասաց. — Թող Դավիթ գա վեր,
Մեկէլ քառսունին հաց տանեն էնտեղ։
Դավիթ էլավ, գնաց Խանդութի սենեկ։
Ինչ աչք ընկավ, Խանդութին տեսավ,
Դե՛, ջահել տղա էր, չդիմացավ,
Ձեռ թալեց, զԽանդութ խանում կիք մի գրկեց,
Թև էթալ վիզ, ճակատ պագեց,
Սիրտ չըհովացավ.
Մեկ էլ՝ էրես պագեց,
Էլի սիրտ չըհովացավ.
Մեկ էլ` ձեռ թալեց, որ սիրտ պագի,
Խանդութ թռունցքի մէզար Դավթի քիթ-բերան։
Ինչ աղբուր ջուր կը թալի,
Էնպես արուն Դավթի բերնեն թալեց։
Ասաց.— Դու քո հոր կտրիճն ես, ես էլ իմ.
Դու էն մեկ անգամ իմ ճակատ պագեցիր,
Քո ճամփու խաթրի համար, ինչ դու էկեր էիր.
Էն մեկէլ անգամ, որ իմ էրես պագեցիր,
Քո ջահելության համար, քեզ հալալ էր.
Դու ինչի՞ վրա իրեք դիր իմ սիրտ տի պագնեիր։
Դավիթ ըռըկավ, դարձավ ետ,
Էկավ Գորգիզին ասաց.
— Գո՛րգիզ, իմ ձին քաշի դուրս։
Գորգիզ գնաց ձին բերեց,
Դավիթ հեծավ, տ’էրթար,
Խանթուդ խանում ընկավ էտև,
Լացեց, աղաչեց Դավթին։
Դավիթ ետ չըդառավ։
Խանդութ խանում էնպես գնաց,
Չմուշկներ թողեց, թաթացիկ գնաց.
Թաթեր կտըրտվան, ոտքեր ընկան գետին,
Փշուր մի բոբիկ գնաց.
Ոտքեր ճղճըղվան, վիրավոր էլան,
Արուն-արնջուր լցվավ տակ.
Էնտեղ ինչ ոտ կը դներ, լիք արուն կ’էլներ գետին։
Դավիթ վեր ձիուն հա՛ կը գա, հա՛ ականջ կ’անի.
Իրիշկեց մեկ ձեն կը գա, հա՛ կը բոռա.
— Դավի թ, Դավի՛թ, կանգնի,
Կանգնի, չուր ես գամ, հասնեմ.
Իրիշկի էտև՝ իմ հալ տես, նոր գնա։
Դավիթ ձիու վերևեն կը դառնա, կիրիշկի,
Կը տեսնի Խանդութ խանում՝
Բոբիկ էտևեն կը վազի։—
Է՜, էսքան ժամանակ Խանդութ խանում
Բոբիկ ոտ գետին չէր դրե,
Հիմի բոբիկ դաշտի մեջ կը վազի.
Ոտ ամեն էդեր է արուն։
Խանդութ Դավթին ասաց.
— Իմ մեղք մի՛ թալի քո վիզ, դարձի էրթանք.
Դավի՛թ, տնա՛շեն, ի՜նչ շուտ նեղացար։
Դավիթ ասաց.— Ես Սսաունա քո ապով էկա.
Էսքան ճամփա էկա, հասա քո մոտ.
Մեկ անգամ քո էրես պագի.
Ապա էն բռունցքին դու ինձի զարկիր,
Հալբա՛թ կը նեղանամ։
Խանդութ ասաց.— Ուխտ ըլնի՝ քանի հոգի ինձի կա,
Ես քո էտևեն բոբիկ տի գամ։
Դավիթ խղճացավ, դարձավ։
Ինք, Խանդութ էկան տուն։
*****
Լուսուն Խանդութ ասաց.
— Ո՞վ տ’էրթա ձեզնեն կռիվ։
Էն քառսուն փահլևան ասին.
— Ով տ’էրթա մեզնեն կռի՜վ.
Խնձոր ում տվեր ե՛ս՝ էն տ’էրթա կռիվ։
Թե կուզես խաբար մեզ տուր, մենք էրթանք կռիվ։
Դավիթ լսավ էդ խոսքեր, ասաց.
— Էն կռիվ իմ բանն է.
Ես տ’էլնեմ, էրթամ կռիվ։
Էլավ, Խանդութի կամքն առավ, ասաց.
— Ես գնացի կռիվ…
Իրեք օր որ լըմընցավ, էկա՝ էկա,
Որ չ’էկա, ես սպանվա.
Գաս, սպանվածներու, մեջեն
Իմ մարմին վերցնես, տաս թաղել։
Իմ նշան էլ ի՞նչ է.—
Խաչ Պատերազմին վեր իմ աջ թևին։
Էն խաչով ինձի կը ճանչենաս,
Իմ մարմին կը բերես, կը հորես։
*****
Էն օր իրիկուն Դավիթ չէկավ Խանդութի մոտ։
Խանդութ գիտցավ, որ Դավիթ սպաներ են,
Կսկծուց իր սիրտ վառվավ։
Լուսուն էլավ, մարդանակ շորեր հագավ,
Նիզակ առավ, ձին հեծավ, ասաց.
— Էրթամ Դավթի մարմին ջոկեմ, բերեմ, թաղեմ։
Գնաց, ընկավ մեջ լեշերուն։
Ինչ կը տեսներ, որ մեծ լեշ է,
Նիզակ կը տար, կը հաներ վեր,
Կը տար առջև արեգական,
Ու կ’իրիշկեր՝ խաչ կա՞ թևին։
Մեկ էլ տեսավ՝ էն մեկ կողմեն,
Մեջ լեշերուն մեկ մի էկավ։
Դավիթ պրծեր իր կոտորած,
Մեջ լեշերուն էլեր, կը գար։
Իրիշկեց, տեսավ Խանդութ խանում
Նիզակ կը զարկի մեջ լեշերուն,
Լեշ կը վերցի, թև կ’իրիշկի։
Դավիթ կանչեց.– Է՛յ, ի՞նչ կը փնտռես.
Ում ետևեն տու ման կը գաս,
Իրեք օր կա սպաներ եմ,
Թե մարդ կուզես, ես քեզի մարդ։
Խանդութ աչքեց, աչքեց, ասաց.
«Էսա ձին Դավթի ձին է,
Ամա ինք չը նըմաներ զԴավիթ, էս ո՞վ Է»։
Դարձավ ասաց.— Բերանդ շատ մի՛ ցրվի.
Քենե ավել է, դու էն մարդ սպանէս.
Քսան քե պես, տասն էլ իմ պես
Մատաղ կ’անեմ էնոր էղնգին,
Էնոր սպանած լե՛շն էլ տեսնեմ,
Քենե՛ ավել է ինձ համար։
Դավիթ ասաց.
— Որ էնպես է, մենք տի կռվենք։
Էլան, կռվան.
Թոզ ու դուման զդաշտ բռնեց։
Հող ճղվավ ձիերու ոտքերու տակ։
Շատ կռվան, իրարու չ’աղթեցին.
Դավիթ սրտով չէր զարնի,—
Ամա Խանդութ կ’ուզեր սպանի։
Մեկ էլ տեսար՝ իր գուրզ քաշեց,
Արեց որ զարնի Դավթին,
Դավիթ վահան դեմ էտու,
Խանդութ դառավ, որ փախնի,
Դավիթ քշեց Քուռկիկ Ջալալին,
Շիտկավ թամքին, դարձավ, ասաց.
«Հացն ու գինին, տեր կենդանին»,
Քաշեց իր գուրզ, որ զարներ,
Խանդութ էտևանց ծամեր էթող,
Թռավ ձիուց, իջավ գետին։
Էնոր ետևեն Դավիթ թռավ,
Վերուց, գԽանդութ էտու գետին,
Չոքեր զարկեց էնոր սրտին։
Խանդութ խանում ասաց.
— Ամա՜ն, կտրի՛ճ, ինձ մի՛ սպանի, ես կնիկ եմ։
Դավիթ ասաց.— Ես գիտեմ դու կնիկ ես,
Էսիկ էն ավուր փոխ՝
Մի՞տդ է, ինչ դու բռունցքի մ’ զարկիր՝
Արուն-արնջուր էկավ բերնես։
Խանդութ ասաց.— Դավիթ, դո՞ւ ես։
Դավիթ ասաց.— Ես եմ, Խանդութ։
— Որ էդպես է, ինձի թող դու.
Տեսա՞ր, Դավիթ, քառսուն փահլևան,
Յոթ տարի կա էնտեղ նստած.
Զիմ նշան ես տվի քեզի,
Ինչ դու էկար, իջար իմ տուն.
Դավիթ, ինձի թող դու,
Դոր ես քե կնիկ, դու ինձի մարդ։
Դավիթ Խանդութին թող էտու։
Էլան մեկտեղ, էկան դեհ տուն։
Ճամփեն Խանդութ Դավթին ասաց.
— Դավի՛թ, բան մի պատմեմ քեզի,
Էրկու-իրեք տարի կ’ըլնի՝
Ինձի տարան մեկ թագավորի տղի,
Դրին մեկ սենեկի մեջ.
Մարդս էլ էկավ, մտավ էնտեղ.
Հետ իրարու հանաք արինք.
Ձեռս թալի որ թև բռնեմ, տեղեն պրծավ
Թագավորի տղա է, ասի,
Չ’էրթա վար-ցանք ինձի համար.
Անթև էլ ինձ բավական է։
Ձեռս թալի էն մեկէլ թև,
Համ մեջք կոտրավ, համ թև պրծավ,
Շունչը փչեց, ընկավ, մեռավ։
Ես նոր իմացա իմ ուժի չափ։
Թագավորն էլ դւսրձավ, ասաց.
«Վա՜խ, էդա հարս մարդասպան է»։
Ինձի նորեն մեր տուն ճամփին։
Էլ մ’էլ էկա իմ հոր տուն.
Ուխտ արեցի, ասի էնտեղ՝
«Ով իմ մեջք գետին դնի՝
Ես էնոր կ’առնեմ»։
Էսօր ես՝ դու կռիվ արինք,
Դու դրեցիր իմ մեջք գետին.
Էստուց ետքը՝ ես քե կնիկ, դու ինձի մարդ,
Ուր կը տանես՝ ա՛ռ ինձի տար։
Ինչ հասան տուն, Խանդութ կանչեց ծառաներին.
Էկան Քուռկիկ Ջալալին տարան,
Դավթի արնոտ շորեր լվացին։
Դավիթ ու Խանդութ սեղան նստեցին.
Կերան, խմեցին, էլան քնեցին…
Իրեք օր որ անցավ, Դավիթ քաշեց ձին,
Մեկ ձի էլ Խանդութ բերեց.
Էլան էրկսով հեծան էն ձիեր,
Թև-թևի զարկին, էկան դեհ Սասուն։
Որ էկան հասան Խլաթ՝
Առջև Ձմշկիկ Սուլթանի պատուհան տի անցնեին։
Չմշկիկ Սուլթան զԴավիթ տեսւսվ,
Էկավ էնոր առջև,
Ասաց.— Թըլո՛ր Դավիթ,
Դու ուխտ արիր ինձի առնեիր.
Մենք մատնիքներ իրարու հետ փոխեցինք,
Դու ինձի թողիր, գնացիր Խանդութին բերիր.
Ինչի՞, ես խորոտ չէ՞ի,
Դու ինձի չը հավնար,
Գնացիր էնոր բերիր։
Տի գաս, ես դու կռիվ անենք.
Կամ ես քեզի տի սպանեմ,
Ես էլ, Խանդութ խանումն էլ մնանք որբևարի.
Կամ դու ինձի սպանես,
Նոր էրթաս Խանդութ խանումի ծոց պառկես։
Դավիթ ասաց.— Չմշկիկ Սուլթան,
Խնդիրք կ’անեմ քո մոտեն.
Կնիկարմատ կա հետ ինձի.
Թող ես էրթամ իմ տուն,
Յոթ օր որ լրանա,
Ես կը գամ, կռիվ անենք։
Չմշկիկ Սուլթան ասաց.
— Դե՛, էրդըվցի՝ Մարութա բարձր Աստվածածին,
Խաչ Պատերազմին վեր քո աջ թևին,
Ինչ յոթ օր լրանա,
Գաս հետ ինձ կռիվ,—
Որ թողնեմ դու էրթաս։
Դավիթ ասաց.— Մարութա բարձր Աստվածածին
Խաչ Պատերազմին, ինչ վեր իմ աջ թևին,
Ինչ յոթ օր լրանա,
Ես կը գամ, կռիվ անենք։
Ասաց, առավ զԽանդութ խանում, էկավ դեհ Սասուն:
Որ էկան, հասան տուն,
Բերեցին յոթ ձեռք գուսան,
Յոթն օր, յոթ գիշեր հարսնիք արին,
Դավիթ ու Խանդութ պսակեցին…
Ուտել, խմել, մեծ ու պստիկ ուրախացան…
Ինչ Դավիթ Խանդութ խանումի ծոց պառկավ,
Խաչ Պատերազմին, որ էրդում էր արե,
Մոռացավ:
Աղբյուրը՝ «Սասնա ծռեր»