1879 թ.-ի արտի 14-ին ծնվել է Ալբերտ Էյնշտեյնը: Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ ճանաչվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»։ 1921 թվ-ին արժանացել է Նոբելյան մրցանակի «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր` ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։ Զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը։ Այս նվաճման համար Էյնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր: Գիտնականը հրատարակել է ավելի քան 300 գիտական հոդվածներ և 150-ից ավելի ոչ գիտական աշխատություններ։ Նրա մտավոր ձեռքբերումների և ինքնատիպության շնորհիվ «Էյնշտեյն» և «հանճար» բառերը դարձրել են հոմանիշներ։
1952 թ.-ին Էյնշտեյնը առաջարկ է ստացել դառնալ Իսրայելի նախագահ, որից գիտնականը հրաժարվել է: Իր բոլոր նամակները, ձեռագրերը և արտոնագրերը Ալբերտ Էյնշտեյնը կտակել է Երուսաղեմի հրեական համալսարանին։
Այդուհանդերձ, Էյնշտեյնին հանճար են համարում ոչ միայն գիտնական լինելու համար: Էյնշտեյնին միշտ հետաքրքրել է գիտական փիլիսոփայությունը, նա բազմաթիվ հետազոտական աշխատություններ է գրել այդ թեմայով։ Եվ պատահական չէր, որ 1949 թվ-ին նրա 70-ամյակին լույս տեսած հոբելյանական ժողովածուն կոչվել է «Ալբերտ Էյնշտեյն. փիլիսոփա-գիտնականը»։ Պրոֆեսոր Էյնշտեյնը փիլիսոփա էր, ով հստակորեն հասկանում էր նաև հաջողության օրենքները` դրանք բացատրելով նույնքան լավ, որքան իր հավասարումները:
Տեղեկությունները` Վիքիպեդիայից
Մտքեր Էյնշտեյնից
Ես միշտ մտածել եմ, որ իմ ներքին և արտաքին կյանքը կապ ունի կենդանի և մահացած մարդկանց աշխատանքի և մտքերի հետ և, որ ես պարտավոր եմ զարգացնել ինձ, որպեսզի կարողանամ աշխարհին տալ նույնքան, որքան ես ստացել և շարունակում եմ ստանալ հիմա:
Մարդը, ով երբեք չի սխալվում, երբեք նոր բան չի կարող անել:
Մարդկանց մեծամասնությունը չի փորձում նոր բան անել անհաջողության մատնվելու վախից: Բայց դրանից պետք չէ վախենալ: Հաճախ պարտվողը սովորում է, թե ինչպես կարելի է ավելիին հասնել, քան այն մարդը, ով անմիջապես հաջողում է:
Կրթությունն այն է, ինչ մնում է այն բանից հետո, երբ մոռանում ես, թե ինչ են սովորեցրել դպրոցում:
30 տարի հետո դուք հաստատ կմոռանաք այն ամենը, ինչ պարտադրված սովորել եք դպրոցում: Հիշելու եք միայն այն, ինչ ինքներդ եք սովորել:
Ես երևակայությանս մեջ կարող եմ նկարել ինչպես նկարիչ: Երևակայությունը գիտելիքից կարևոր է: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունն ընդգրկում է ամբողջ աշխարհը:
Երբ հասկանում ես, թե մարդկային կյանքը հիմա որքան հեռու է քարանձավային ժամանակներից` երևակայության ուժը զգացվում է ամբողջ ծավալով: Այն ամենին, ինչին հիմա մենք հասել ենք` մեր ապուապերի երևակայության արդյունքն է: Իսկ այն, ինչ մենք կունենանք ապագայում` կկառուցվի մեր երևակայության օգնությամբ:
Ստեղծագործելու գաղտնիքը քո ոգեշնչման աղբյուրները թաքցնելու կարողության մեջ է:
Ստեղծարար լինելու ձեր յուրահատկությունը հաճախ կախված է նրանից, թե որքան խնամքով եք դուք թաքցնում ձեր ոգեշնչման աղբյուրները: Ձեզ կարող են ոգեշնչել այլ մեծ մարդիկ, բայց, եթե դուք այնպիսի դիրքում եք, որ ձեզ նայում են մարդիկ, ապա ձեր գաղափարները պետք է լինեն եզակի:
Անձի արժեքը պետք է որոշի այն, ինչ նա տալիս է և, ոչ թե այն, ինչին նա կարող է հասնել: Փորձեք ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր մարդ լինել:
Եթե դուք նայեք աշխարհահռչակ մարդկանց, ապա կարող եք տեսնել, որ նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ բան տվել է այս աշխարհին: Պետք է տալ, որպեսզի կարողանաք վերցնել: Հենց դուք որոշեք` ձեր նպատակը աշխարհում արժեքները բարձրացնելն է` դուք կբարձրանաք կյանքի հաջորդ մակարդակ:
Կյանքն ապրելու երկու ձև կա. դուք կյանքն ապրում եք այնպես, կարծես հրաշքներ գոյություն չունեն և կյանքն ապրում եք այնպես, կարծես այս աշխարհում ամեն ինչ հրաշք է:
Եթե դուք ապրում եք` կարծես այս աշխարհում ոչ մի բան հրաշք չէ, ապա կկարողանաք անել այն, ինչ ուզում եք: Այդ դեպքում դուք խոչընդոտներ չեք ունենա: Եվ, եթե դուք ապրում եք այնպես, կարծես այս աշխարհում ամեն ինչ հրաշք է, ապա կարող եք վայելել գեղեցկության նույնիսկ ամենափոքր դրսևորումները: Իսկ, եթե դուք կյանքը, միևնույն ժամանակ, ապրում եք երկու ձևով, ապա ձեր ապրած կյանքը կլինի երջանիկ և արդյունավետ:
Երբ ես ուսումնասիրում եմ ինձ և իմ մտածելակերպը, ապա գալիս եմ հետևյալ եզրակացության` երևակայությունը և ստեղծագործական ֆանտազիան ինձ համար ավելին են նշանակում, քան աբստրակտ մտածողության ցանկացած դրսևորում:
Ամեն ինչի մասին երազելը, որին դուք կկարողանայիք հասնել կյանքում` դրական կյանքի կարևորագույն տարրն է: Թույլ տվեք, որպեսզի ձեր երևակայությունն ազատ թափառի` ստեղծելով այն աշխարհը, որտեղ դուք կուզենայիք ապրել:
Ոչխարների հոտի անթերի անդամ դառնալու համար նախ պետք է ոչխար լինել:
Եթե դուք ցանկանում եք դառնալ հաջողակ գործարար` նախ պետք է բիզնես սկսեք: Իսկ, եթե ցանկանում եք սկսել, բայց վախենում եք հետևանքներից, ապա դուք ոչ մի բանի էլ չեք հասնի: Սա ճիշտ է կյանքի այլ ոլորտներում ևս. հաղթելու համար նախ պետք է խաղալ:
Հարկավոր է սովորել խաղի կանոնները: Իսկ, հետո պետք է խաղալ բոլորից լավ:
Իմացեք կանոնները և խաղացեք բոլորից լավ: Պարզ է` ինչպես բոլոր հանճարեղ բաները:
Շատ կարևոր է չդադարել հարցեր տալը: Հետաքրքրասիրությունը հենց այնպես չի տրվում մարդուն:
Խելոք մարդիկ միշտ հարցեր են տալիս: Հարցրու քեզ և ուրիշներին, որպեսզի գտնես պատասխան: Դա թույլ կտա ձեզ սովորել նոր բաներ և վերլուծել սեփական աճը:
Նաև`
- Անսահման են միայն Տիեզերքը և մարդկային հիմարությունը, ընդ որում, առաջինի անվերջության հետ կապված ես կասկածներ ունեմ:
- Բարենպաստ հնարավորությունը թաքնվում է դժվարությւոնների և խնդիրների մեջ:
- Ես ջահել տարիներին հայտնաբերեցի, որ ոտքի բութ մատը, վաղը թե ուշ, պատռում է գուլպան: Այդ պատճառով դադարեցի գուլպաներ հագնել:
- Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը:
- Հնարավոր չէ խնդիրը լուծել այն մակարդակի վրա, որտեղ որ դա առաջացել է: Հարկավոր է վեր բարձրանալ այդ խնդրից` տեղափոխվելով հաջորդ մակարդակ:
- Կրթությունն այն է, ինչ մնում է այն ամենից հետո, երբ մոռանում ենք այն, ինչը մեզ սովորեցրել են:
Աղբյուր` xochu-vse-znat
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը
Уведомление: Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)