Ծերության ժամանակ մենք ամենից շատ կզղջանք ոչ թե, որ քիչ ենք ճամփորդել:
Ո՛չ էլ, որ քիչ ենք ուշադրություն դարձրել մեր հոգևոր զարգացմանը: Եվ ո՛չ էլ, որ վատ ենք դաստիարակել մեր երեխաներին: Հա՛, ոչ էլ, որ մեզ չենք նվիրաբերել արվեստին: Չնայած շատ էլ հավանական է, որ կզղջանք դրա համար. այդպես են գրում որոշ հոգեբաններ: Եվ գրում են նրանք, ովքեր դեռ շատ հեռու են ծեր լինելուց:
Ես զրուցել եմ խելքը գլխին շատ տարեց մարդկանց հետ: Ամենից շատ նրանք ափսոսում էին, որ թույլ են տվել իրենց օգտագործել: Եվ կուլ են տվել վիրավորանքը` իրենց թույլ և անպաշտպան զգալով:
Տարեց մի տիկին հիշում էր հարազատներին, ովքեր հյուր էին գալիս իրեն, այն դեպքում, երբ ինքը մեկսենյականոց բնականում հազիվ էր տեղավորվում ամուսնու և երկու փոքրիկների հետ: Գալիս էին և շաբաթներով մնում: Եվ ինքն ամեն ինչ հավաքում էր, լվանում, եփում և հյուրասիրում, ինչպես հարկն էր, թեև… ով էր հաշվի առնում որ:
Ինչ-որ մեկը հանդուրժել էր հարբած ամուսնու դաժանությունները:
Ինչ-որ մեկը կատարել էր անծանոթ մարդկանց պահանջները: Արել էր ոչ թե վախկոտությունից դրդված, այլ պարզապես, որ չէր ուզեցել ոչ մեկին նեղացնել:
Մարդկանց աչքին բարի երևալ. ահա սա էին ցանկացել բոլորն էլ: Հիմա նրանք բարձրաձայն խորհում էին անցած տարիների հեռվից և զարմանում, թե ինչու ժամանակին չէին մերժել:
Մի կին պատմում էր, որ ջուր տալիս էին շաբաթվա մեջ երկու անգամ: Նա ապրում էր երեք երեխաների հետ: Այդ օրերին նրանց տուն գալիս էր ամբողջ ազգուտակը: Բոլորն էլ լողանում էին, իսկ իրեն և երեխաներին այդպես էլ հերթ չէր հասնում: Եվ իննսուն տարեկան այդ կինը դառնությամբ և տարակուսանքով ոչ թե հարազատներին էր մեղադրում, այլ իրեն` ինչո՞ւ այդպես էլ չկարողացավ մերժել, ինչո՞ւ չգտնվեցին բառեր: Ա՛խր, ինքն ամաչում էր…
Ահա թե ինչի համար մենք հաստատ կզղջանք `աննպատակ վատնած ժամանակի, ջանքերի և զոհողությունների համար: Կզղջանք կամավոր ստրկության համար: Անտեղի համբերության համար, որը ոչ ոք չէր գնահատում: Այնպես որ, պետք չէ ատամները սեղմած դիմանալ: Այդպես չվարվելու դեպքում` ուժ և ժամանակ կմնա և՛ ճամփորդելու, և՛ երեխաների, և՛ թոռների, և՛ արվեստի համար: Առողջությունն էլ կմնա: Եվ հոգու մեջ էլ դառնություն չի լինի: Պարզապես պետք է սովորել «ոչ» ասել: Եվ վերջ: Կամ էլ պարզապես անտեսեք ուրիշների ոչ տեղին պահանջները` ձեզ չզրկելով արվեստից, ճամփորդությունից, հանգստից, երեխաների դաստիարակությունից…
Աղբյուրը` Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ
Уведомление: Ինչի համար մենք կզղջանք — Նանե Այնթաբյան
Уведомление: Հեռավար-առցանց ընթերցանություն — Նանե Այնթաբյան
Уведомление: Հեռավար ընթերցում – Ջուլիա 😊 Ստեփանյան