Հասարակությունը չի ընդունում սերը, որովհետև, եթե մարդն իրոք խորապես սիրում է, ապա նրան հնարավոր չէ մատների վրա խաղացնել: Դուք չեք կարող նրան պատերազմ ուղարկել: Նա կասի. «Ես այնքան երջանիկ եմ: Դուք ինձ ո՞ւր եք ուղարկում: Եվ ինչո՞ւ ես պիտի գնամ ու սպանեմ ինձ անծանոթ մարդկանց, ովքեր հնարավոր է, որ երջանիկ ապրում են իրենց տներում: Մեր միջև չկա որևէ հակամարտություն, հետաքրքրությունների որևէ բախում…»:
Եթե երիտասարդ սերունդը սիրո մեջ ավելի ու ավելի խորանա, ապա պատերազմները կվերանան, որովհետև դուք չեք գտնի բավարար չափով հիմար մարդկանց` պատերազմ ուղարկելու համար:
Եթե դուք սիրում եք, նշանակում է` կյանքում հասցրել եք ինչ-ինչ բաներ զգալ և չեք ուզենա, որպեսզի մարդիկ սպանվեն և մեռնեն: Իսկ, եթե չեք սիրում, ուրեմն չեք փորձել կյանքը. դուք սիրում եք մահը:
Վախը սպանում է, ցանկանում է սպանել: Վախը կործանարար է, սերը ստեղծագործական էներգիա է:
Երբ դուք սիրում եք, ցանկություն եք ունենում արարելու, ուզում եք երգել, նկարել կամ պոեզիա ստեղծել, դուք չեք ուզենա վերցնել սվին կամ ատոմային ռումբ և շտապել սպանել մարդկանց, ովքեր ձեզ բացարձակապես ծանոթ չեն, ովքեր ոչ մի վատ բան չեն արել ձեզ. նրանք նույնքան անծանոթ են ձեզ, որքան դուք` իրենց:
Աշխարհը պատերազմներից կազատվի այն ժամանակ միայն, երբ սերը կրկին այս աշխարհ գա: Քաղաքական գործիչները չեն ցանկանում, որ դուք սիրեք, հասարակությունը չի ցանկանում, որ դուք սիրեք, ընտանիքը թույլ չի տալիս, որ դուք սիրեք. բոլորն էլ ուզում են կառավարել ձեր սիրո էներգիան, որովհետև դա է միակ էներգիան: Հենց դրա համար էլ գոյություն ունի վախը:
Եթե դուք ինձ ճիշտ եք հասկացել, ապա թոթափե՛ք ձեր բոլոր վախերը և ավելի շատ սիրեք, սիրե՛ք անվերապահ կերպով, և մի՛ մտածեք, թե դուք ինչ-որ բան եք անում ուրիշի համար. երբ դուք սիրում եք, դուք ինչ-որ բան անում եք հե՛նց ձեզ համար:
Երբ դուք սիրում եք, այն բարեպատեհություն է հենց ձեզ համար: Այնպես որ, մի՛ սպասեք և մի՛ ասեք` թող ուրիշները սկսեն ինձ սիրել, այդ դեպքում ես նույնպես կսիրեմ: Դա փաստարկ չէ:
Եսասե՛ր եղեք: Սերը եսասեր է: Սիրե՛ք մարդկանց, այդ սիրո շնորհիվ դուք կլցվեք: Իսկ սիրով լցված լինելու շնորհիվ` դուք կունենաք ավելի մեծ երջանկություն:
Երբ սերը խորանում է, վախը վերանում է. սերը լույս է, իսկ վախը` մութը…
Աղբյուրը` Ошо Разговоры о Дао
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև «Օշո» կայքէջին
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Սերը լույս է. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան