Ընթերցող ջան, շուտ եմ ասել՝ եթե ընդունում ես, որ յուրաքանչյուր երևույթ, իրադրություն, իրավիճակ ունի ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի կողմ, ապա շարունակիր իմ այս գրառումը կարդալ, եթե չէ՝ իզուր ժամանակ մի կորցրու, որովհետև այն, ինչ գրելու եմ, ամենայն հավանականությամբ, քեզ դուր չի գա:
Փորձելու ենք նայել թագավարակի մյուս՝ անտեսանելի երեսը: Այդ պատճառով, միտումնավոր կերպով բաց կթողնենք կորոնավիրուսի բերած տեսանելիի տիրույթը: Բնականաբար այն, ինչ տեսնում ենք կամ լսում, ցավալի իրողություն է: Սա քննարկման ոչ ենթակա՝ կասկածից վեր տխուր իրականություն է, որն այս պահին բռնել է աշխարհի կոկորդը: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է բռնել: Խոսքը մարդու, առհասարակ՝ աշխարհի ներսում բուն դրած, մարդուն և աշխարհին «սեփականաշնորհած» վարակի մասին է, որը պարբերաբար գլուխ է բարձրացնում, երբ մարդը և աշխարհն այլևս առողջ չեն, հիվանդացել են՝ իրենց եսասիրության պատճառով բոլորիս մոլորակը հասցնելով կործանման եզրին:
Աշխարհ ջան, հիմա դու ես ու քո վիրուսը: Ի՞նչ պիտի անես, սկզբում մահու չափ վախենալու ես, հետո նեղսրտելու ես, իսկ հետո, ճարդ ինչ, ստիպված սկսելու ես մտածել և փորձել հասկանալ՝ ինչո՞ւ: Ա՛յ, այսօր աշխարհն այդ վիճակում է և, գրողը տանի, գոնե հիմա փորձի հասկանալ այդ ինչուն (երանի՜ թե հասկանար այդ ինչուն):
Երանի՜ թե, աշխարհ ջան, այլևս առաջվանը չլինեիր…
Երանի՜ աշխարհում և մարդու ներսում փլուզվեր այն ամենը, ինչը կեղծ է ու արհեստական, շինծու է ու փուչ:
Երանի՜ աշխարհում և մարդու ներսում ջնջվեին, կորչեին արտաքին ու ներքին սահմանները, պատերն ու ցանկապատերը:
Երանի՜ մարդկանց և պետությունների հարաբերությունները չլինեին շահի վրա հիմնված, ինչպես ընդունված է ասել՝ «փոխշահավետ համագործակցություն». միավորեր ոչ թե շահը կամ արժույթը, այլ սերն ու համերաշխությունը:
Երանի՜ աշխարհը և մարդը չլինեին առաջվանը՝ ագահ, սպառող, սրբությունները ոտնահարող:
Երանի՜ մարդկանց և աշխարհի այս մեկուսացումը միացներ Բնության, Աստծո հետ երբևէ ընդհատված բոլոր լռված ու չխոսկան կապերը:
Երանի՜ թե, աշխարհ ջան, այլևս առաջվանը չլինեիր: Երանի՜ թե, ամենից առաջ հենց ես ու դու առաջվանը չլինեինք:
Երանի՜ թե աշխարհի և մարդու սրտի, մտքի, հոգու աչքերը, ի վերջո, բացվեին…
Հակառակ դեպքում՝ տարիներ անց կհայտնվի մեկ այլ վարակ, և ամեն ինչ կսկսվի նորից, միայն թե ավելի սարսափելի, ավելի ցավոտ, էլ ավելի կործանարար…
Սեր, Խելք ու Միտք՝ հնացած ու հոգնած այս հիվանդ աշխարհին:
Խաղաղություն և առողջություն ամենքիս:
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Նունե Մովսիսյան
Ինչպես նաև՝ Իմ արտակարգ դրությունը
Уведомление: Աշխարհը քննությունը չհանձնեց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)