Մի բան ասե՞մ: Ես տխրում եմ, ավելին` լրջորեն անհանգստանում եմ երկու դեպքում՝
- երբ երկար ժամանակ ոչ մի տեղս չի ցավում
- երբ երկար ժամանակ որևէ լավ բան ունենալու ցանկություն չեմ ունենում, իմ դեպքում դա ամենից առաջ կարող է սպասված ճամփորդություն լինել կամ ինչ-որ մի բան. ի՞նչ իմանամ՝ հազար ու մի բան կարող է սիրտս քաշել: Ընդ որում, երկրորդ դեպքում շատ ավելի եմ անհանգստանում, քան առաջին:
Էն որ հիվանդանալը լավ բան է, վաղուց եմ ասել, խնդրեմ՝ հիվանդանալու մեջ էլ լավ բան կա: Մտածում եմ, որ ինչ-որ բան այն չէ, թե չէ ինչո՞ւ պիտի չհիվանդանայի: Նշանակում է` անուշադրության եմ մատնել ինձ կամ էլ բռնություն եմ գործադրել, լռեցրել եմ ցավոտ տեղս, որ հանկարծ գլուխ չբարձրացնի: Նշանակում է` բանականությամբ ճնշել եմ զգացմունքներս ու խնդրեմ` հիմա հակամարտությունն անխուսափելի է: Նման դեպքերում, որպես հոգևոր մակարդակի ինքնապաշտպանություն ու փրկություն` սովորաբար սկսում է աշխատել մեկ այլ մեխանիզմ և հայտնվում է ինքը` հիվանդությունը: Ֆիզիկական պլանում սա կոչվում է հիվանդություն, հոգևոր մակարդակում` ինքնամաքրում:
Մարդիկ հիվանդ եղած ժամանակ, սովորաբար, վազում են դեղատուն, առնում այս կամ այն դեղահաբը և սկսում վրա-վրա կուլ տալ: Ես էլ եմ այդպես անում, բայց միայն այն ժամանակ, երբ հասկանում եմ, որ այլևս գլուխ չեմ հանում իմ օրգանիզմից` նրանից եկող ազդակներից: Բայց, քանի դեռ իրավիճակը վերահսկելի է, աշխատում եմ թողնել, որ օրգանիզմն ինքն իրենով մաքրվի` ինձ ու իրեն մաքրելով:
Մի բան էլ եմ նկատել: Երբ մարդու ուղեղը կպչուն կերպով կենտրոնանում է ցավող տեղի վրա, օրգանիզմը ստիպված անցնում է ինքնապաշտպանության՝ մարդու ուշադրությունը շեղելու համար նոր բան է մտածում, ավելի ցավոտ մի բան, որպեսզի կարողանա պաշտպանել ինքն իրեն: Բա, այ էսպիսի հոգատար օրգանիզմ…
Վերջում` երկու ոսկե կանոն ամերիկացի սրտաբան Ռոբերտ Էլիոտից, ով ինֆարկտների կանխարգելման և սրտային անբավարարվածության խնդիրներով զբաղվող ճանաչված մասնագետ է աշխարհում: Առաջին կանոն` մի՛ անհանգստացեք դատարկ բաների համար: Երկրորդ կանոն` ամենը դատարկ բաներ են:
Уведомление: Դարձ ի շրջանս յուր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)