Ի՞նչ ունի Երկիր մոլորակն այսօր: Ունի թագավարակից վախեցած՝ բաժան-բաժան եղած երկրներ, որոնք փակել են իրենց սահմանները. ամեն մեկը քաշվել է աշխարհի իր անկյունը, մեկուսացել է և փորձում է ինքն իրեն օգնել, ինքնամեկուսի իր դարդը լալ: Իսկ աղքատ երկրներն էլ ստիպված են իրենց գլխի ճարը մի կերպ տեսնել:
Երկիր մոլորակն այսօր ճիշտ և ճիշտ Երուսաղեմի Հարության տաճարին է նմանվել՝ մի տանիքի տակ, բայց բաժան-բաժան: Փաստորեն, Հարության տաճարը ճիշտ և ճիշտ Երկիր մոլորակի մանրակե՞րտն է…
Բոլորիս գլխի վերևում նույն տանիքն է, նույն հոգսերն են, նույն վիրուսը, բայց մենք միասին չենք, իրար չենք օգնում, բարկանում ենք իրար վրա, մրցակցում ենք և մեղադրում իրար. աշխարհը՝ Իրանին, Իրանը՝ Ամերիկային, Ամերիկան՝ Ռուսաստանին, Ռուսաստանը՝ աշխարհին, աշխարհը՝ Իրանին…:
Աշխարհն ամբողջությամբ կախարդական փակ շրջանի մեջ է ներքաշվել և չի էլ երևում, թե ոնց կարելի է դուրս պրծնել այս անսերությունից:
Աշխարհի երկրների ժողովուրդներն իրենց կառավարություններին են մեղադրում, կառավարությունները՝ սեփական ժողովրդին, իսկ կուսակցությունները, ինչպես բոլոր ժամանակներում, իրար միս են ուտում, բայց այդպես էլ չեն կշտանում:
Ամենուր և ամեն տեղ նույն պատկերն է՝ նույն անհետաքրքիր սև-սպիտակը, նույն դժգոհությունները, նույն մունաթը, նույնիսկ վիրուսն է նույնը…
Չկան միջազգային մակարդակով համաձայնեցված գործողություններ և ծրագրեր, տեսանելի չեն համաշխարհային առաջնորդների գործադրած միահամուռ ջանքերը, չեն երևում աշխարհի երկրների համագործակցության ծանրակշիռ փաստերը…
Կորոնավիրուսը, ցավոք, աշխարհին չփոխեց: Աշխարհը քննությունը չկարողացավ հանձնել…
Կարող եք ծանոթանալ նաև՝
Աշխարհ ջան, երանի էլ առաջվանը չլինեիր
Նունե Մովսիսյան