Հովհաննես Թումանյանը օժտված է եղել դեպքերը կանխազգալու պայծառատեսությամբ։
Նախազգացել է ոչ միայն իր և մերձավորների կյանքի դեպքերը, այլև հայ ժողովրդի կյանքում տեղի ունենալիք պատմական իրադարձությունները։ Դժվար է հավատալ, բայց Հովհաննես Թումանյանը այս երկու՝ «Ահա թե ինչու» և «Հայկական հարցն ու իր լուծումը» հոդվածները գրել է 1912-13 թթ-ին՝ նախապես կանխազգալով իր ժողովրդի գլխին կախված վտանգը: Հոգու ամենանուրբ թելերով կապված լինելով իր ժողովրդին՝ բանաստեղծն այն հազվագյուտ կանխատեսողներից էր, ով դառնորեն գուշակեց հային բաժին պահված եղերական այդ էջը:
«Ահա թե ինչու» հոդվածում Թումանյանը գրում է. «Այո՛, աշխարհքին հայտնի մի պարզ ճշմարտություն է, որ Տաճկաստանում կոտորում են հայերին։ Բայց պետք է գտնել սրա ետևը թաքնված մյուս ճշմարտությունը- պատճառը, որը կարող է շատ բարդ լինել։ Ինչո՞ւ է Տաճկաստանը, Համիդյան թե ժյոն թուրքական, բռնապետական թե սահմանադրական, հալածում ու կոտորում հայերին և թույլ տալիս կոտորելու նույնիսկ մկների ջգրու, ինչպես ասում է ժողովրդական երգը։ Էս մի հարցին մի քանի պատասխան են տալի։ Ասում են՝ որովհետև հայերը քրիստոնյա են… որովհետև տնտեսական խնդիր կա… որովհետև հեղափոխականներ կան… որովհետև վրեժ կա… որովհետև անկարգ կառավարություն է, խավար է… Էդ ամեն որովհետևներն էլ կարող են լինել և կան, սակայն մի որովհետև կա, որ ինձ թվում է, թե ամենալուրջ պատճառն է հայկական կոտորածների։ Վերցրեք Թուրքիայի քարտեզն ու մտիկ արեք։ Դա մի նոր պետություն է, որ դրսից եկել է ու կոպիտ ուժով նստել հին կուլտուրական ազգերի ու նրանց հայրենիքների վրա։ Եվ էդ երկիրներից մինը թե կա, որ նա համարում է ու դարձրել է իր հայրենիքը, ոչ Բալկանյան թերակղզին է, ոչ Աֆրիկայի հյուսիսը, այլ Անատոլիան, Փոքր Ասիան, էն երկիրը, ուր հայ ժողովուրդն էլ հնագույն ժամանակներից նստած պաշտում է իր Մեծ Հայաստանը, իր ազգային նվիրական վայրերն ու սրբությունները ու էն հողի վրա էլ հարուցանում ու զարգացնում է հայկական հարցը։ Էս տեսակետից էլ հայկական հարցը Տաճկաստանը հուզող ամենածանր ցավերից մինն է, և հետզհետե թերևս դառնա ավելի ու ավելի ծանր, քանի թուրքն ստիպված լինի սեղմվել դեպի էս կողմերը։ Եվ ահա էս հարցից ազատվելու հնարը էսպես է վճռել թուրքի պետական հանճարը-հայերին կոտորել կամ հալածել, քշել, գաղթեցնել։ Այո՛, վայրագ ու անօրեն է էս ճանապարհը, այլև խելագար, սակայն հաստատ»։
Իր մեկ այլ հոդվածում՝ «Հայկական հարցն ու իր լուծումը», Թումանյանը գրում է. «Հայկական հարցը վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է, հալածանքների ու գաղթականությունների հարց է. նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր է։ Ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակից է տաճկական գազանություններին ու հայկական սարսափներին։ Նա պատասխանատու է հայ ժողովրդի ծով արյան ու մարդկության պատմության առաջ։ Եվ տեղ չկա խուսափելու»։
«Եվ ահա տաճկահայ ժողովուրդն իր հարցով նույնպես եղել է եվրոպական պետությունների հակամարտության դժբախտ զոհերից մինը, և անպայման ամենադժբախտը։ Ամենադժբախտը, որովհետև գտնվում էր Թյուրքիայի սրտում, ամենադժվար ու ամենավտանգավոր տեղում, և Թյուրքիան նրան բաց պիտի թողներ միայն իր վերջին շնչի հետ։ Եվ նա՝ Թյուրքիան, դիմել է, դիմում է ու կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը միանգամ ընդմիշտ փակելու համար»։
Իսկ 1915-թ-ին Թումանյանը կգրի հզոր ու հուժկու երկու՝ «Հոգեհանգիստ» և «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունները, որոնք երեկ, այսօր, վաղը և՝ միշտ հնարավոր չէ կարդալ առանց հուզմունքի ու առանց փշաքաղվելու: Իսկ «Հայրենիքիս հետ»-ը կավարտի նույնքան թումանյանավարի՝ հոգեցունց ու շշմելու, բայց և՝ լուսաշող ու պայծառ…
Հոգեհանգիստ
Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով…
Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,
Հայոց աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև…
Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
— Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա…
Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան ծաղկանց սարերից, Հայկական պարից,
Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ…
— Հանգե՜ք, իմ որբեր… իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ…
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կըմնա..
Հայրենիքիս հետ
Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զըրկվա՜ծ հայրենիք։
Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,
Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
Ողբի՜ հայրենիք,
Որբի՜ հայրենիք։
Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․
1915 թ.
Լուսանկարը՝ Վարդան Պետրոսյանի
Խորին խոնարհումով՝ Նունե Մովսիսյան
Уведомление: Թումանյանական օրեր — Մաքս Սինհա, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ավագ դպրոց 9-7 դասարան