Ինձ քիչ, թե շատ ճանաչողները, հավանաբար, նկատած կլինեն, որ ես, որպես կանոն, խուսափում եմ քաղաքականությունից կամ քաղաքական թեմաների շուրջ մտքեր արտահայտելուց: Մտածում եմ՝ ես դրա մասնագետը չեմ, ոչ էլ քաղաքական վերլուծաբան եմ:
Այո՛, ես երբևէ չեմ էլ թաքցրել՝ հեղափոխությունների և պետական տոների նկատմամբ միշտ էլ վերապահում եմ ունեցել և ունեմ: Դրանք, իմ կարծիքով, ներանձնական իրողություններ են. կամ ծնվում են մարդու հոգում և ծլարձակում ներսից կամ` չեն լինում: Եթե դրանք ներսից չեն, եթե ներքին հեղաշրջում և տոնի գիտակցում չկա, ապա արտաքին աշխարհում ծավալվող ոչ մի հեղափոխություն և հրավառությամբ ուղեկցվող ոչ մի տոն էլ չի օգնի, չի փրկի մարդուն և նրա կյանքի որակը չի լավացնի: Իսկ արտաքին գործոնների ազդեցությամբ` դրսից «հրահրված» լինելու դեպքում, այն, ամենայն հավանականության, կամ չի դառնա մարդունը, կամ էլ արագորեն կլքի` ներսում տեղավորվելով որպես հիասթափություն, դժգոհություն և բողոք:
Միով բանիվ` մարդուց դուրս կայացվող որոշումներին թերահավատորեն եմ վերաբերում: Ինչևէ, փորձեմ ներկայացնել ՀՀ քաղաքացու իմ դիրքորոշումը:
Մերժել եմ, մերժում եմ և ինչքան ուժ ունեմ` մերժելու եմ թշնամանք, ատելություն, չարություն տարածողներին: Ընդ որում, կապ չունի` ովքեր են թիրախում. հայը, թե թուրքը, Նիկոլ Փաշինյանը, թե Սերժ Սարգսյանը, քրիստոնյան, թե աթերիստը, կաշառակերը, թե կաշառք չվերցնողը (շարքը` շարունակելի):
Ասել է թե` չեմ ընդունում սևի և սպիտակի, չարի և բարու, լավի և վատի տրամաբանությունը. մերժում եմ նման բևեռացումը և վերջ:
Ընդունել եմ, ընդունում եմ և ընդունելու եմ խաղաղություն, բարություն և լույս տարածողներին: Անկախ ցանկացած տարաձայնության` գլխիս վրա տեղ ունի նա, ով
- իր ներսում ուժ է գտնում մարդուն ներելու
- իր բարի գործն է անում` անկախ հանգամանքերից
- մարդուն հարգանքով է վերաբերում` անկախ ամեն ինչից
Եվ գլխավորը` ում համար Մարդը գերակա արժեք է անկախ՝
- ազգային պատկանելությունից
- քաղաքական հայացքներից
- կրոնական համոզմունքներից
Եվ վերջում՝ ես ուժեղ Հայաստանի կոմնակից եմ և պատրաստ եմ մի կողմ թողնելով բոլոր տեսակի վերապահումներս՝ կանգնել այն իշխանության կողքին, ով ոչ թե խոսքով, այլ գործով կկառուցի շատերիս երազած պետությունը:
Նունե Մովսիսյան