Ամերիկայում, Մեծ դեպրեսիայի տարիներին, մարդիկ սովամահ էին լինում: Շատ էին գործազուրկները և նրանք, ովքեր կոպեկներ էին ստանում ծանր աշխատանքի դիմաց: Եվ ահա, կազմակերպվում է անվճար ապուրի բաշխում: Պետք էր հերթ կանգնել և անվճար ստանալ մի աման ապուր: Ամեն դեպքում՝ սնունդ էր:
Սակայն ամերիկացիներից շատերը անվճար ապուրի համար հերթ չկանգնեցին: Այդ հանգամանքը մեկնաբանվեց հետևյալ կերպ՝ ամերիկացիներին խանգարում էր հպարտությունը: Ա՜յ քեզ մեծամիտներ: Կարող էին, չէ՞, իրենց ուժերն անվճար վերականգնել…
Բայց դա հպարտություն չէր: Դուք սիրո՞ւմ եք ինչ-որ բան խնդրել: Հազիվ թե: Կարող եք պահանջել արդար փոխհատուցում կամ պատշաճ օգնություն, սակայն նորմալ մարդը չի սիրում ինչ-որ բան մուրալ: Դա նվաստացնում է արժանապատվությունը: Անվճար բանից օգտվել, ինչը տալիս են որպես ողորմություն, նորմալ մարդը չի հանդուրժում: Նա բնազդաբար խուսափում է նման սնունդն ուտել կամ մի պատառ բան խնդրել: «Պատառի ետևից գնալ» նշանակում է մուրացիկություն անել, հասարակության շարքերից դուրս մղվել, կորցնել հարգանքը:
Ինքնասիրություն ունեցող արժանապատիվ մարդը չի սիրում ուրիշներից որևէ բան խնդրել և անվճար ինչ-որ բան վերցնել: Դա նրա կողմից ընկալվում է որպես ձախողում՝ վկայելով անկման մասին: Դու ընկել ես, ասել է թե՝ կորցրել ես ինքդ քեզ համար սնունդ ապահովելու կարողությունը: Դու հավասարվել ես թույլին, անապահովին և կորցրել ես քո ճակատագիրը: Լինել աղքատ՝ նշանակում է կորցնել «բաժնեմասը», իսկ քեզ հասանելիք բաժինը՝ դա հենց անձնական ճակատագիրն է: Այն տրվում է միայն անհատականություններին: Բաժինը և ճակատագիրը՝ սրանք նաև հաջողություններ են:
Երբ նման մեկը ստիպված է լինում խնդրել կամ ուտել ուրիշներից հետո, ողորմություն վերցնել, նա զգում է էներգիայի կորուստ և ունենում է նվաստացման զգացում: Դրանից հետո ոտքի կանգնելն անհամեմատ ավելի դժվար է լինում: Դա նման է, երբ գլորվելով հայտնվում ես փոսի հատակին: Միանալ անհաջողակներին և դժբախտներին՝ ենթագիտակցական մակարդակում նշանակում է մուրալ:
Դուք նկատե՞լ եք՝ նա, ով աղերսում և անընդհատ ինչ-որ բան է խնդրում, երբեք հաջողակ և հարուստ չի լինում: Այո՛, նրան տալիս են, օգնում են սրտանց: Կամ էլ՝ տհաճությամբ և մեծամտորեն պատառ են շպրտում: Մարդիկ տարբեր են…Նա, ով վերցնում է ողորմությունը՝ կորցնում է հաջողությունը:
Մարգարեն ասաց. «Երբ մարդն ինքն իր առաջ բացում է միջնորդության (մուրացկանության) դուռը, Ալլահն անպայման նրա համար բացում է աղքատության դուռը»: Սրանք իմաստուն խոսքեր են: Հավանաբար, դա է պատճառը, որ մարդիկ բնազդաբար փորձում են ամեն կերպ դիմանալ:
Կարելի է արդարություն պահանջել: Կարելի է պնդել, որ պարտավորությունները կատարվեն: Կարելի է վերցնել այն, ինչը ենթադրաբար անհրաժեշտ է: Բայց հերթ կանգնել մի բաժին անվճար տրվող ապուրի համար՝ վտանգավոր է ինքնագնահատական ունեցող անձանց համար: Իսկ, եթե, այնուամենայնիվ, պետք է դա անել, ապա ուժեղ մարդը նման դեպքերում ունենում է ուժի կորստյան և նվաստացման զգացողություն: Անգամ, եթե ջերմորեն շնորհակալ է լինում նրանց, ովքեր իրեն կերակրել են: Բայց և չի մոռանում նրանց, ովքեր իրեն մղել են այդ քայլին: Նվաստացումը երբեք չի մոռացվում: Դա ամենաուժեղ հոգեբանական տրավման է:
Քանի դեռ հնարավորություն ունեք ապավինել ձեր ունեցածին, պետք չէ ուրիշներից ինչ-որ բան խնդրել և անվճար օգտվել ինչ-որ բանից: Սա վերաբերում է ուժեղ մարդկանց, ովքեր սովոր են ապրել իրենց աշխատանքով: Կարող եք պահանջել, պնդել, բայց քանի դեռ ունեք նվազագույն հնարավորություն՝ պետք չէ նեղսրտած հերթ կանգնել մի աման ապուրի համար: Եվ սա խորհուրդ չէ, սա «հպարտության» բացատրությունն է: Իսկ երևույթն ամերիկացի հետազոտողները այդպես են բացատրում: Դա հպարտություն չէ, այլ սեփական Ճակատագիրը և Հաջողությունը պահպանելու ցանկություն: Ահա թե ինչու ուժեղ մարդիկ չեն սիրում խնդրել: Եվ երբեք չեն մոռանում նրանց, ովքեր իրենց ստիպել են մուրալ, որովհետև հենց սկսել է խնդրել, բացվել է աղքատության դուռը: Ահա թե ինչու էին հասարակ ամերիկացիները փորձում ապրել առանց ողորմություն խնդրելու: Այս կերպ վարվելով՝ նրանք պահպանեցին իրենց էներգիան և վերելքի ուժը:
Եթե հնարավոր է ուրիշներին չխնդրել՝ ավելի լավ է չխնդրել: Եթե հնարավոր է առանց օգնության՝ ավելի լավ է չդիմել: Օրենքով պահանջելը, անշուշտ, մուրացկանություն չէ: Դա արդարություն է:
Իսկ, եթե, այնուամենայնիվ, պարտադրված եք եղել խնդրել և անվճար ուտել, ապա հենց որ հնարավորություն ունենաք՝ փորձեք օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Որպեսզի կարողանաք վերականգնել ձեր ուժն ու ինքնագնահատականը: Որպեսզի Հաջողությունը վերադառնա ձեզ մոտ…
Աղբյուրը՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` «Աննա Կիրյանովա» կայքէջ