Կարո՞ղ է տունը հիվանդանալ: Այո՛, կարող է:
Մարդը կարող է հիվանդանալ և տառապել, եթե նա ապրում է հիվանդ տանը: Դա սնահավատություն է՝ այդպես են ասում «մասնագետները»՝ հիվանդ տան մասին խոսակցությունները համարելով էզոթերիկա:
Նրանք, հավանաբար, այդպես են կարծում, որովհետև քիչ բան գիտեն և ոչինչ չեն կարդում: Իրականում, տունը, իրոք, կարող է հիվանդանալ՝ խլելով իր ներսում ապրողների առողջությունն ու երջանկությունը:
1982 թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես ընդունեց «հիվանդ շինության համախտանիշ» (Sick Building Syndrome (SBS)) եզրույթը: Դա նշանակում է՝ այն մարդկանց մոտ, ովքեր ժամանակ են անցկացնում հիվանդ շինություններում, նկատվում է առողջության վատթարացում:
Ընդ որում, հիվանդության ախտանիշները սրվում են, երբ մարդը նման տան մեջ ապրում է երկար ժամանակ և ընդհակառակը՝ անհետանում են, երբ մարդը լքում է «հիվանդ կառոյցը»:
Պարզվում է ՝ աշխատող բնակչության 8 տոկոսն ունի SBS համախտանիշ: Սա շատ բարձր ցուցանիշ է, նշանակում է 100 մարդուց ութը…
Հետևաբար, սնահավատություն չկա: Վնասակար կարող են լինել հին տները, վատ օդափոխություն ունեցող շինությունները, աղքատ լուսավորությամբ տարածքները, չափազանց թաց կամ շատ չոր տեղանքում կառուցված շենքերը, բորբոսնած պատերը… Այնպես որ, շենք-շինությունների վնասակար և վտանգավոր դառնալու պատճառները շատ են:
Այս ամենն ինքնին հասկանալի է. պատճառներն առավել քան նյութական են և տեսանելի:
Սակայն նշվում է մեկ պատճառ ևս՝ հոգեբանական: Տունը կամ բնակարանը տեխնիկական խնդիրներ չունի: Լուսավորությունն այնտեղ նորմալ է, ջերմաստիճանը՝ նույնպես: Օդափոխության հետ կապված նույնպես հարց չկա: Բայց այդպիսի տանը կամ գրասենյակում երկար մնալը վտանգավոր է առողջության, հոգեբանության և հարաբերությունների, երբեմն՝ նույնիսկ կյանքի համար:
«Հիվանդ տան» մեջ թուլություն է առաջանում, սկսվում է տարօրինակ ալերգիա, գլուխն է ցավում, քունն էլ վատ է: Մարդը ֆիզիկապես վատ է զգում: Կարող են ի հայտ գալ այլ դրսևորումներ ևս՝ նյարդայնություն, դյուրագրգիռ հոգեվիճակ: Ոչնչից կարող է սկանդալ բռնկվել: Ուժի կորուստը և վատ տրամադրությունը կարող են վերածվել դեպրեսիայի: Կարող է զարգանալ նաև կախվածություն. մարդը ինչ-որ կերպ հանդարտվելու համար սկսում է խմել կամ ծխել: Ամեն ինչ գնալով ավելի ու ավելի է վատանում… Չկա հանգստություն և խաղաղություն, կա միայն տագնապի զգացողություն և վատի սպասում: Եվ չկա տեղ, ուր կարելի է թուլանալ…
Հնում մարդիկ գիտեին, որ տունը կարող է հիվանդանալ: Եվ դա միշտ չէ, որ կապ ուներ նյութական պատճառների հետ, ոչ էլ պայմանավորված էր տան ներսի բորբոսով և հեղձուկով: Շինությունը հոգեբանորեն ազդում է այն մարդկանց վրա, ովքեր երկար ժամանակ են անցկացնում այնտեղ: Այնպես որ, «անիծված տուն» արտահայտությունը միստիկա չէ, այլ փոխաբերություն:
Ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որպեսզի տունը հիվանդանա.
🔻սարսափելի իրադարձություն, որը տեղի է ունեցել այդ տանը: Բոլորովին էլ պատահական չէ, որ գնորդներին հետաքրքրում է տան կամ բնակարանի պատմությունը: Հանցագործությունը կամ ծանր հիվանդությունը կարող են «հիվանդ տան» նշաններ ևս լինել:
🔻երկարատև կոնֆլիկտները, սկանդալները, դժբախտությունները, որոնք հետապնդում են տանտերերին: Հնարավոր է, որ այդ վեճերի և ատելության պատճառը «հիվանդ տունն» է:
🔻անհանգստության զգացողություն: Թուլություն, գրգռվածություն, գլխացավ, բերանում չորություն, աչքերի հոգնություն՝ սրանք կարող են անբերանպաստ «հոգեբանական դաշտի» ձեր արձագանքները լինել:
🔻ինչ-որ մեկը անիծել է տունը: Օրինակ՝ բնակարանն անարդարացիորեն յուրացվել է՝ ինչ-որ մեկին զրկելով գույքից: Կամ ինչ-որ մեկը նախանձից դրդված չար բան է արել՝ իր ատելությունը պարփակելով տանը գտնվող խորհրդանշանական որոշակի առարկաների մեջ:
Այնպես որ, տան հիվանդության պատճառները շատ են: Պարզապես հոգեբանական պատճառները դեռևս բավարար չափով ուսումնասիրված չեն: Ահա և ամենը: Այնպես, ինչպես ուսումնասիրված չէ ուղեղի էներգետիկան. ուղեղն ինքնին առ այսօր մնում է առեղծված: Բայց վատ տներ իսկապես գոյություն ունեն և կարող են կենսահյութ քամել նրանցից, ովքեր ապրում են դրանց մեջ:
Երբեմն մարդիկ նույնիսկ հրաժարվում են այդպիսի տներից, բնակարաններից և գրասենյակներից, որովհետև գրեթե անհնար է փոխել «շինության էներգիան»: Եթե հնարավորություն կա տեղափոխվելու, ուրեմն՝ ավելի լավ է տեղափոխվել:
Հիմնական նշանը մեկն է. «հիվանդ տունը» լքելուց հետո ձեր վիճակը բարելավվում է: Իսկ անառողջ տարածքում երկար մնալուց՝ ինքնազգացողությունը վատանում է: Դուք կարող եք պատճառը գտնել, սակայն վերացնելը միշտ չէ, որ հնարավոր է:
Մտածել է պետք առողջության և կյանքի մասին…
Աղբյուրը՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ անձնական արխիվից. տունը գտնվում է Թուրքիայում՝ Էրզրում քաղաքում, պատկանել է հայերին: Երբ հետաքրքրվեցինք՝ ինչու չեն քանդում, տեղացիները պատասխանեցին, որ վախենում են՝ տունն անիծված է: