Մի անգամ, Աքբար թագավորը զրուցում էր իր լավագույն ինը ընկերների հետ: Ինն էլ շնորհալի, ստեղծագործ մարդիկ էին: Աքբարը խենթ երակ ուներ. անսպասելի կարող էր ինչ-որ բան անել… Դե, հո թագավորին չես հարցնի՝ ինչո՞ւ արեցիր:
Նա հանկարծ հարվածեց իր կողքը նստած մարդու երեսին: Վերջինս ամենախելացի մարդն էր պալատում: Նրան կոչում էին Բիրբալ: Նա մի պահ հապաղեց, հավանաբար, փորձելով հասկանալ՝ ինչ անել: Բայց ինչ-որ բան պետք էր անել: Բիրբալը շրջվեց և ապտակեց իր կողքի մարդուն: Նա նախարարներից մեկն էր: Այդ մարդը չկարողացավ հասկանալ. «Ի՞նչ է պատահել: Սա ի՞նչ կատակ է»:
Հիմա արդեն ոչինչ չկար անհանգստանալու: Ի վերջո, Բիրբալը առաջինն սկսեց: Առանց դույզն-ինչ մտածելու՝ նախարարը հարվածեց հաջորդի ականջին: Ասում են, որ այդ ապտակը շրջեց մայրաքաղաքով մեկ:
Երբ գիշեր էր, Աքբարին հանկարծակի ապտակեց նրա կինը:
Աքբարը հարցրեց.
-Ի՞նչ ես անում:
Կինը պատասխանեց.
-Ես չգիտեմ՝ բանն ինչումն է, բայց մայրաքաղաքում այդպես են վարվում: Այսօր ինձ հարվածեց քո ավագ կինը: Քանի որ նա մեծ է ինձանից, ես չկարողացա նույնությամբ պատասխանել: Քեզնից բացի, ես չեմ կարող ոչ մեկին հարվածել:
-Տե՜ս, է… ո՞ւմ մտքով կանցներ, -ասաց Աքբարը,- իմ սեփական ապտակը վերադարձավ ինձ:
Աղբյուր՝ Философия Счастья
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Ում մտքով կանցներ — Նանե Այնթաբյան