Հատված Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի «Խարխափումներ» գրքից
1920 թվականի առաջին շրջանում Հայաստանի Հանրապետության ընդհանուր դրությունը առնվազն գոհացուցիչ էր:
Կրթական գործ. 1918 թվին, թուրքերի հեռանալուց հետո, Հայաստանի կրթական գործը գրեթե հիմքից քայքայված էր կամ գործում էր մեջ ընդ մեջ: Ուսումնարանները կարճ կամ երկար ժամանակով հատկացվում էին որբանոցներին ու գաղթականներին, իբրև հանրակացարան: Որոշ տեղեր էլ սովն ու համաճարակը թույլ չէր տալիս կանոնավոր պարապմունքներ ունենալու:
Հայաստանի կառավարության կազմակերպումից հետո առաջին գործերից մեկը եղավ դպրոցական քանդված շեքերի վերանորոգությունը, որի համար հատկացվեց մեկ միլիոն ռուբլի, որ այն ժամանակ մեծ գումար էր: Հաստատվեց հանրային կրթության և արվեստի նախարարություն՝ կենտրոնական ուսումնական խորհրդով: Ամբողջ Հայաստանը բաժանվեց 11 կրթական շրջանների և նշանակվեցին շրջանային տեսուչներ: Մշակվեց և գործադրության դրվեց կրթական ծրագիր: Խորհրդարանի կողմից քվեարկվեցին խոշոր գումարներ կրթական գործի համար: Եվ ահա ստացված արդյունքը.
1918-19 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանը ուներ 133 տարրական դպրոց 383 ուսուցչով և 11,136 աշակերտով, իսկ 1919-20-ին 456 տարրական դպրոց (առանց Զանգեզուրի և Լոռիի) 1047 ուսուցչով և 41,188 աշակերտով:
Ըստ Լուսժողկոմի պաշտոնական տեղեկություների՝ 1922-23 ուս[ումնական] տարվա ընթացքում ամբողջ Հայաստանում, [ներառյալ] Զանգեզուրն ու Լոռին, կար 547 տարրական դպրոց, որից 467 հայկական, 41 թուրքական, 23 ռուսական , 7 եզդիտական, 4 հունական և 5 ասորական: Այդ դպրոցներում կար 47,870 աշակերտ- աշակերտուհի, որից 42,590 հայեր, մնացյալը՝ այլազգիներ և 1274 ուսուցիչ-ուսուցչուհի: Ուրիշ խոսքով՝ երեք տարվա աղմուկից ու ժխորից հետո Խորհրդային Հայաստանի այսօրվա վարիչները տարրական կրթությունը քանակի տեսակետից, դրել են մոտավորապես նույն վիճակի մեջ, ինչ որ 1919-20 ուս[ումնական] տարում էր: Կրթական-դաստիարակչական վիճակի մեջ, դժբախտաբար, թվեր չունենք:
1918-19-ին Հայաստանում կար 6 միջնակարգ (երկրորդական) դպրոց 177 ուսուցչով և 3,137 աշակերտով, 1919-20-ին՝ 20 միջնակարգ դպրոց 305 ուսուցչով և 5,162 աշակերտով:
Կրթական գործը տարվում էր պետական լեզվով, բայց կառավարությունը քաջալերում էր և այլազգիների կրթութիւնը: 1919-20-ին Կարսի շրջանում կար 16 թաթարական դպրոց: Մոլոկանների և եզդիների գյուղերում էլ բացված էին տարական դպրոցներ:
1920թ. հունվարի 31-ին, առաջին անգամ Հայաստանի հողի վրա, բացվեց բարձրագույն կրթարան-հայկական առաջին համալսարանը՝ Ալեքսանդրապոլում, որը հաջորդ տարի փոխադրվեց Երևան: Բացման օրը համալսարանը ուներ 8 ուսուցչապետ և 200 ուսանող: Երևանում, Ալեքսանդրապոլում, Ղարաքիլիսայում և այլուր հիմնվեցին հանրակրթական դասընթացներ, ժողովրդական համալսարաններ, մասնագիտական դպրոցներ: Ծրագրված էր բանալ մանկավարժական, տեխնիկական, կոոպերատիվ, արվեստագիտական, երաժշտական, զինվորական, երկրաչափական, դեղագործական վարժարաններ: Ալեքսանդրապոլում բացվեց երկրագործական դպրոց, մեկ ուրիշը հիմնվեց Նոր Բայազետում: Քաջալերվում էր ֆիզիկական կրթությունը. բոյ [boy]-սկաուտական կազմակերպությունը լայն ծավալ էր ստացել Հայաստանում:
Ես, դժբախտաբար, ձեռքիս տակ չունեմ 1919-20թ. պետական բյուջեն, բայց եթե հնարավոր լիներ հրատարակել Հայաստանի Հանրապետության 1919-20թ. ելևմուտքը, կերևար, թե կառավարությունը ի՜նչ մեծ կարևորություն էր տալիս կրթական գործին, որը դրված էր բոլորովին անկուսակցական՝ պետական հողի վրա, և դպրոցների դռները լայնորեն բացված էին քաղաքական ամեն դավանանքի տեր մանկավարժների ու կրթական գործիչների առջև:
1920 թվականին, դարձյալ առաջին անգամ Հայաստանի հողի վրա, տեղի ունեցավ հայ արվեստագետների պատկերահանդեսը: Կառավարությունը՝ պետական թանգարանի հիմքը դնելու և արվեստը քաջալերելու նպատակով հատկացրեց բավական պառակտելի մի գումար և գնեց նկարներ ու արձաններ: Նաև այն ժամանակվա համար բավական խոշոր գումար բաժանվեց, իբրև նպաստ, Թիֆլիսում ապրող հայ գրողներին:
Կառավարությունը զբաղված էր նաև պետական թատրոնի և երաժշտանոցի բացման նախապատրաստական աշխատանքներով: Մեծ գումարներ հատկացվեցին նաև դասագրքերի և այլ տեսակ գրքերի հրատարակության [համար]: 1920թ. նախահաշվի մեջ մտցված էր 3,220,000 ռուբլի հայ հեղինակների երկերը հրատարակելու և 3, 220,000 ռուբլի գիտական գրքեր թարգմանելու համար: Հնությունների պահպանման համար հիմնված էր հատուկ բաժին հմուտ մասնագետների ղեկավարությամբ և մեկ միլիոն ռուբլի բյուջեով: Դպրոցական շենքերի նորոգության և նորերը չլինելու համար 1920-ի նախահաշվի մեջ դրված էր 35,920,400 ռուբլի: Կառավարությունը պատրաստվում էր ընդհանուր և պարտադիր ուսում մտցնել և մշակում էր ծրագիր երկիրը հանրամատչելի գրադարան-ընթերցարանների ցանցով պատելու: Պետական գրադարանի համար արտասահմանում ստացվել կամ գնվել էին մի շարք մասնավոր գրադարաններ, որոնց մեջ հիշատակության արժանի է Իշխան Արղության-Երկայնաբազուկի մոտ 20,000 կտոր գրքից բաղկացած թանկարժեք գրադարանը՝ մի շարք հազվագյուտ հրատարակություններով:
Արդարադատություն. Դատական գործերի տեսակետից Հայաստանը 1918-ից առաջ ենթարկվում էր Թիֆլիսին: Հայաստանում կար միայն մի շրջանային դատարան և մի քանի հաշտարար դատարաններ: Վճռաբեկ ատյան գոյություն չուներ: Դատավարությունը կատարվում էր ռուսերեն լեզվով: Անկախությունից հետո կազմակերպվեց արդարադատության նախարարություն: 1918թ. դեկտեմբերի -5ի օրենքով հիմնվեց բարձրագույն դատարան քաղաքացիական, քրեական և վարչական բաժիններով: Ապա գործադրության մեջ մտցվեց երդվյալ ընթերակաների դրությունը (ժյուրի): Ամբողջ դատաստանական գործը ազգայնացվեց և վերածվեց հայերենի: Հիմնվեցին շրջանային դատարաններ Երևանում, Շիրակում և Կարսում և հաշտարար դատարաններ բոլոր գավառներում: Մշակվեց և հրատարակվեց իրավաբանական բառերի հայերեն բառարան, որ մինչև այսօր էլ գործադրության մեջ է և նմանը չունի: Հայկական օրենսդրության հիմքը դրվեց, մշակվեցին օրենքների նախագծեր ու սկսեցին թարգմանվել արևմտյան օրենսգրքերը:
Ֆինանս, առևտուր, արդյունաբերություն. 1918-ի աշնանը Հայաստանում առևտրա-արդյունաբերական կյանքը մեռած էր, իսկ պետական ֆինանսներ էին կազմում այն բաները, որ կառավարությունը բերել էր հետ Թիֆլիսից: Ֆինանսների նախարարությունը բառիս բուն նշանակությամբ ստեղծվեց, անդրկովկասյան բոներից զատ, պետականացված բամբակը և տուրքը անշարժ կալվածքների, կոնյակի, գինու և մի քանի այլ նյութերի վրա: Բայց թողնվեցին հայկական դրամներ: Արտասահմանում պատրաստվեց 300 միլիոնի թղթադրամ: Երևանում և երկրի զանազան վայրերում հիմնվեցին պետական գանձարաններ: Կազմակերպվեց մաքսային գործը: Որոշ դրություն ստեղծվեց առևտրի և ապրանքափոխութեան համար: Մշակվեց և խորհրդարանից անցավ 1919-ի պետական բյուջեն: Մշակվեց և խորհրդարան մտցվեց 1920-ի պետական բյուջեն: Հիմք դրվեց ոսկու ֆոնդի և ձեռնարկվեց 20 միլիոն դոլարի փոխառություն: 1919-ի երկրորդ կեսից սկսած Հայաստանում առևտուրն արդեն կենդանացել էր: Արտասահմանից սկսվեցին ներածվել ապրանքներ, Բաքուից՝ նավթ: Երկրից արտահանում էին հում նյութեր՝ բամբակ, կոնյակ, բուրդ, կաշի, մորթի, գինի, աղ: Բացվեցին արհեստանոցներ ու գործարաններ՝ օճառի, կաշու, կոնյակի, ծխախոտի և այլն:1919-ի վերջը Հայաստանում արդեն բանում էր 5 ծխախոտի գործարան: Լայն վարկեր բաց թողնվեցին կոոպերատիվներին՝ Հայկոոպ, Երկաթկոոպ: Հրավիրվեց կոոպերատիվ միությունների համագումար: Հիմնվեցին մանր վարկի հաստատություններ: 1920-ին Հայաստանում գործում էին 280 կոոպերատիվներ 111,957 անդամներով, որ ասել է՝ մոտ կեսը, մտնում էր կոոպերատիվ շարժման ցանցի մեջ: Ընդունվեց հառաջատվական տուրքի սկզբունքը: Պետականացվեց Շուստովի կոնյակի գործարանը («Արարատ» պետական գործարան) և կոնյակի պետական տնտեսության հիմք դրվեց: Երևանում և գավառում հաստատվեցին պետական պահեստներ, Թիֆլիսում և Բաթումում՝ ֆինանսական և առևտրական ներկայացուցիչներ:
Աղբյուր` aniarc.am
Սիմոն Վրացյանը պատմում է Առաջին հանրապետության հռչակման մասին: Վարչապետ Սիմոն Վրացյանն այս բացառիկ հարցազրույցը տվել է «Ազատություն» ռադիոկայանին, 1960-ականներին:
Պատմական բացառիկ լուսանկարը և կից տեղեկությունը՝ Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից
Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության պաշտոնական պատվիրակությունը ԱՄՆ-ում 1919 թվականին:
Ներքևի շարքում ձախից՝ աջ. ՀՀ ֆինանսների նախարար Արտաշես Էնֆիաջյան, իշխան, գեներալ, հետագայում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Հակոբ Բագրատունի, ՀՀ վարչապետ Հովհաննես Քաջազնունի, զորավար Անդրանիկ Օզանյան, ՀՀ խորհրդարանի պատգամավոր, պրոֆեսոր Աբրահամ Տեր-Հակոբյան:
Վերևի շարքում ձախից՝ աջ. գյուղատնտեսական հարցերով պատվիրակության անդամ Հարություն (Արտեմ) Պիրալյան, ռազմական պատվիրակության անդամ Միքայել Տեր-Պողոսյան, կապիտան Սուրեն Մելիքյան, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարո Փաստրմաճյան, ռազմական պատվիրակության ղեկավար, գնդապետ Հայկ Բոնապարտյան:
Փախստականներով լի նորանկախ Հայաստանի համար այդ դժվարագույն ժամանակաշրջանում ՀՀ պատվիրակությունը կարողացավ լուծել երկրի պարենավորման հարցը՝ ԱՄՆ-ից մեկ միլիոն 300 հազար փութ ալյուր, մեծ քանակությամբ հացահատիկ և պահածո բերելով Հայաստան:
Կարող եք ծանոթանալ նաև`
Բաշ-Ապարանի ճակատամարտ կամ տոնդ շնորհավոր, Հայաստան ջան
Հայաստանը ձեր ճառերին ու խորհուրդներին կարոտ չէ…
Սիմոն Վրացյան.
1920 թ.
— Ստանձնելով գյուղատնտեսության և պետական գույքի նախարարի պաշտոնը և կամենալով անմիջապես հայացնել հիմնարկությունները՝ ես թե՛ Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, և թե՛ մամուլի միջոցով դիմեցի արտասահմանի հայ մասնագետներին՝ հրավիրելով նրանց Հայաստանում պաշտոն ստանձնելու։
Դրսից նոր եկողների համար ես խոստացա ավելի բարձր վարձատրություն և դյուրություններ տալ, քան արդեն պաշտոնավարողներին։
Երեք ամիս անցել է ահա և մինչև այսօր ՈՉ ՄԻ դիմում չունեմ արտասահմանի հայ մասնագետներից, որոնց թիվը հարյուրներով է հաշվվում։
Նորից և վերջին անգամ հրապարակավ դիմում եմ ձեզ հայ գյուղատնտեսներ, անասնաբույծներ, անտառագետներ, հանքագետներ, ջրագետներ, այգեպաններ, կաթնատնտեսներ և ուրիշ մասնագետներ՝ եկե՛ք Հայաստան, ուր ձեզ համար կա առատ գործ և հարմար պաշտոններ։
Ճիշտ է, Հայաստանում աշխատելն այժմ դժվար է և կապված է զոհողությունների հետ, բայց եթե դուք չեք գալու դժվարին օրերին, եթե չեք կամենում զոհողություն անել այսօր, վաղը, երբ հասնեն լայն ու հեշտ օրեր՝ դուք այլևս ավելորդ եք Հայաստանի համար։
Ինչու՞ ռուսը, լեհը կարող են հիմա էլ ծառայել Հայաստանում, իսկ դուք չեք կարող. ո՞ր օրվա համար է ձեր հայրենասիրությունը։
Թե՞ կարծում եք, որ Թիֆլիսում, Պոլսում և Ամերիկայում նստած, գեղեցիկ ճառեր արտասանելով ու լավ-լավ խորհուրդներ տալով մեզ՝ արդեն իսկ կատարած եք լինում ձեր ազգասիրական պարտականությունները։
Եթե դուք Հայաստանի հետ եք ու Հայաստանի բարեկամ՝ եկե՛ք Հայաստան, եթե չեք գալիս, թողե՛ք Հայաստանը հանգիստ։
Հայաստանը ձեր ճառերին ու խորհուրդներին կարոտ չէ. Հայաստանին ձեր գործն է հարկավոր, ձեր հմտությունը, ձեր մասնագիտությունը, ձեր հայագիտությունը։
Եկե՛ք։
Սիմոն Վրացյան
1920 թ. հունիսի 12
Երևան
НравитсяНравится
Սիմոն Վրացյանը գրում է.
«Ես հիշում եմ Երևան բերված մի քանի տասնյակ վրացի սպաների և բարձրաստիճան զինվորականների պատվին տրված մի ճաշկերույթ Հայաստանի սպարապետության կողմից:
Իրենց բարքերին հատուկ՝ վրացի գերիների լեզուները արագ բացվեցին և գինու հետ միասին սկսեցին հոսել նաև բաժակաճառեր:
Պերճախոս զինվորականներից մեկը բաժակ պարզեց.
-Ես առաջարկում եմ խմել տաղանդավոր ու վեհանձն զորահրամանատար Դրոյի կենացը: Ես առաջարկում եմ խմել հայ և վրացի եղբայրական ժողովուրդների կենացը: Ուռռա՜…»
НравитсяНравится