Եթե դուք կարծում եք «բարի» նշանակում է «միամիտ», ապա սխալվում եք:
Մասնագետները պնդում են, որ բարությունն ինտելեկտի հիմնական հատկանիշներից մեկն է: Ասել է թե՝ բարի մարդիկ ամենախելացի մարդիկ են:
Ըստ նյարդաբան Ռիչարդ Դեվիդսոնի՝ «առողջ ուղեղի հիմքը բարությունն է»: Նա բացատրում է, որ բարությունը պահանջում է մտածել ոչ միայն իր, այլև ուրիշների մասին: Ի վերջո, ինտելեկտը սահմանվում է որպես «գիտելիք և հմտություններ ձեռք բերելու և կիրառելու ունակություն»:
Այսինքն՝ խելացի լինելը պարզապես պատահական փաստեր հիշելը չէ, այլ առօրյա կյանքում սեփական գիտելիքները կիրառել կարողանալն է:
Եսասիրության, չարության և ուրիշների հանդեպ արհամարհանքի համար շատ խելք պետք չէ: Անել այն, ինչ ուզում ես՝ առանց մտածելու հետևանքների մասին, հեշտ է: Այդպես են գործում բակտերիաները և վիրուսները, որոնք ուղեղ չունեն. տարածվում են, երբ ուզում են, նույնիսկ եթե դա սպանում է իրենց կրողին:
Բարի մարդիկ հաճախ լավ գործեր են կատարում անձնական զոհողությունների հաշվին: Նրանք ծախսում են իրենց ժամանակը, փողը և ռեսուրսները, որպեսզի ուրիշներին տան այն, ինչը նրանց անհրաժեշտ է: Նրանք ի վիճակի են մտածել և գիտակցել, որ բարի գործերը բարելավում են ամբողջ աշխարհը, ոչ թե միայն իրենց փոքրիկ անկյունը:
Դեվիդսոնը միակ փորձագետը չէ, ով պնդում է, որ բարի մարդիկ խելացի են: Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստում են՝ չար մարդկանց ինտելեկտը միջինից ցածր է:
Օրինակ՝ Կանադայում արված մի ուսումնասիրությամբ հայտնաբերվել էր, որ այն մարդիկ, ովքեր հակված են ռասիզմի և նախապաշարմունքների, ավելի ցածր IQ- ներ ունեն, քան ավելի հանդուրժող մարդիկ: Չնայած այս ուսումնասիրությունն ի սկզբանե արվել էր որպես քաղաքական հայացքների պատճառների ուսումնասիրություն, բայց և այնպես, ուսումնասիրության արդյունքները լույս են սփռում հարցի երկու կողմերի վրա:
Բանն այն է, որ ռասիզմի և նախապաշարմունքների հակումը հաճախ թելադրված է փոփոխություններին հարմարվելու անկարողությամբ, որը ցածր ինտելեկտի ևս մեկ նշան է: Սթիվեն Հոքինգը հաճախ էր ասում. «Ինտելեկտը փոփոխություններին հարմարվելու կարողությունն է»: Իրականում այս մեջբերումը հայտնի է առնվազն 1905 թվականից, բայց դա չէ էականը. գլխավորն այն է, որ դա մաքուր ճշմարտություն է:
Եվ սա միանգամայն տրամաբանական է: Փոփոխությունն ընդունելու ունակությունը պահանջում է մտավոր ջանք:
Նախ պետք է հասկանալ, թե ինչու է փոփոխությունն անհրաժեշտ: Հետո պետք է հրաժարվել աշխարհի մասին հնացած գաղափարներից: Սա բավականին դժվար է նույնիսկ շատ խելոքների համար: Եվ վերջապես, պետք է գիտակցել՝ որքան էլ մեզ վախեցնեն այդ փոփոխությունները, դրանք մեր կյանքը և շրջապատող աշխարհը մի քիչ ավելի լավ են դարձնում: Փոփոխություններից վախենալը միանգամայն նորմալ է. դա ամենևին էլ «հիմարության» նշան չէ: Անհայտի նկատմամբ վախը մեր գեներում է: Խելոքները հիմարներից առանձնանում են անհրաժեշտ փոփոխություններն ընդունելու կարողությամբ:
Հանուն արդարության հարկ է նշել հետևյալը՝ որոշ ուսումնասիրություններ բացահայտել են, որ չափազանց բարձր IQ ունեցող մարդիկ ունեն որոշ՝ ոչ այնքան գրավիչ հատկություններ: Նման մարդիկ ավելի ինքնավստահ են և հակված են չնկատել իրենց թերությունները: Սա, իհարկե, դժվար է կապել բարության հետ:
Սակայն IQ միակ հատկանիշը չէ և հեռու է ճշմարիտ ինտելեկտի լավագույն ցուցանիշը լինելուց: Գիտնականների գերակշիռ մասը հակված է այն կարծիքին, որ գոյություն ունեն ինտելեկտի երեք տեսակ ՝ ներառյալ սոցիալական և հուզական:
Էմպաթիան հուզական ինտելեկտի կարևոր բաղադրիչն է, այնքան կարևոր, որ դանիական դպրոցներում նույնիսկ սովորեցնում են մաթեմատիկայի և ընթերցանության հետ միասին: Շաբաթը մեկ ժամ երեխաներին սովորեցնում են ավելի բարի և կարեկից լինել:
Եվ դա նույնպես հասկանալի է: Չէ՞ որ էմպաթիան առաջին հերթին ուրիշների զգացմունքները հասկանալու կարողությունն է: Մեկ այլ մարդու զգացմունքները հասկանալու համար պահանջվում է շատ ավելի զարգացած միտք, քան ինչ-ինչ փաստեր հիշելը և հրամայելը:
Իհարկե, բացառություններ էլ են լինում. բարձր IQ ունեցող որոշ մարդիկ բարի չեն, իսկ ցածր IQ- ով որոշ մարդիկ ցուցաբերում են կարեկցանք:
Ամեն դեպքում՝ ինտելեկտը թեստով չի որոշվում: Բարությունը, հարգանքն ուրիշների զգացմունքների հանդեպ և փոփոխություններին (եթե անգամ դրանք ձեզ վախեցնում են), հարմարվելը` սրանք են երևելի մտքի իրական ցուցանիշները:
Աղբյուրը՝ binokl.cc
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի