Այն, ինչ հիմա կատարվում է մեր՝ իմ ու քո Հայաստանում, իսկական ողբերգություն է:
Ողբերգություն է բոլոր առումներով՝ վարակի աննախադեպ տարածման, մահերի թվի աճի, տնտեսության փլուզման և այլն: Բայց այս ամեն ինչի մեջ վտանգավոր մի բան կա, որի մասին համառորեն լռում ենք: Մի բան, որի հետ, ուղղակի համոզված եմ, անմիջական կապ ունի այս ամենը: Դա հայ մարդու հոգեկան առողջության հարցն է: Մինչև այս մասին խորապես չանհանգստանք և անհապաղ քայլեր չձեռնարկենք, ցավում եմ, բայց ոչ մի բան էլ չի օգնի մեզ՝ ո՛չ ախտահանիչ նյութերը, ո՛չ դեղորայքային բուժումը, ո՛չ դիմակն ու ձեռնոցը, ո՛չ էլ արտակարգ իրավիճակով պայմանավորված հետագա սահմանափակումները:
Ակնհայտ է, որ մենք գործ ունենք հասարակության մեծ թվով մարդկանց իմունիտետի թուլացման հետ: Պատճառնե՞րը՝ ինչքան ուզեք. սթրեսը, վախը, բացասական հույզերը, հուսահատությունը, վաղվա օրվա հանդեպ հուսալքությունը և այլն:
Ո՞րն է ելքը: ԶԼՄ-ներ, գրողը տանի, դադարեցրե՛ք բացասական տեղեկատվություն մատակարարելու ձեր մոլուցքը (միայն չասեք՝ դրական թեմաներ չկան, չեմ հավատա այդ սուտին): Մի վատացե՜լ են, մի ամաչո՜ւմ են, որ վրացիներն ուզում են օգնել հայերիս: Եվ այս մեծամտությամբ ուզում ենք առո՞ղջ լինել:
Եթե այդ օգնությունից գեթ մեկի կյանքը կփրկվի կամ մի քանիսի առողջական վիճակը դույզն-ինչ կթեթևանա, ապա ես պատրաստ եմ հենց հիմա գլուխ խոնարհել մեր վրաց հարևանների առաջ: Այդ օգնությունը, որպես հայի, ինձ ոչ միայն չի վիրավորում, այլև ոգևորում է: Հա՛, հենց էդպես: Ես շա՛տ էլ լավ եմ զգում այդ փաստից: Թասիբի ձեր պատկերացումները չեն տեղավորվում իմ աղքատիկ երևակայության մեջ, ներո՛ղ, տղերք:
Չեմ ուզում հավատալ, որ մենք այնքան տգետ ենք, որ չենք հասկանում հետևյալը՝ որպեսզի կարողանանք դիմակայել բոլոր տեսակի թագապատ վիրուսներին և համաճարակներին, հարկ է, որ ուրախանանք կյանքով, որքան էլ որ այն դժվար լինի…
Առո՛ղջ եղեք:
Ցավով՝ Նունե Մովսիսյան
Լուսանկարը՝ անձնական արխիվից