Մհերի դուռ և Արամի Մուրու

mheri-dur2

Սասնալանջ-Մհերի դուռ (Քանդակագործության-ճարտարապետության փառատոն)

Հայ իրականության մեջ, ըստ իս, անգերազանցելի են երկու գործ՝ Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» և «Սասնա ծռեր» էպոսը: Երկուսի նկատմամբ էլ իմ սերը միանգամայն գիտակցված է և առավել քան խորքային: Երկուսն էլ հանճարեղ են, երկուսն էլ գլուխգործոցներ են: Երկուսին էլ, եթե մեկ բառով բնորոշելու լինեմ՝ ասելու եմ Բացառիկ:

«Սասնա ծռերը» իր մեջ խտացնում է հայ ժողովրդի և առհասարակ հայ մարդու բարոյական արժեհամակարգը: Իսկ աշխարհի և առհասարակ մարդու մասին բարոյական արժեհամակարգ, ըստ իս, ունի մեկ էլ քրիստոնեությունը: Հետևությունները թողնում եմ Ձեզ: Մեր էպոսի ենթաշերտերում ամեն ինչ կա: Կա նաև այլ՝ շատ ավելի խորքային և նուրբ, թաքնագիտական անորսալի գիտելիքներ…

Պստիկ Մհեր գուսաններուն ասաց.
-Էդոնց ձեն կտրեք, էդ իմ ցեղի ձենն էր էկավ…

Ինձ համար հավասար արժեք ունեն «Սասնա ծռերի» բոլոր չորս ճյուղներն էլ: Դրանք լրացնում են իրար՝  ասելիքի առումով կազմելով ամբողջություն: Եվ, եթե առաջին երեքը՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» ճյուղերը, քիչ թե շատ, հասանելի-մատչելի են հայ մարդուն, ապա նույնը չենք կարող ասել էպոսի վերջին՝ «Փոքր Մհեր» ճյուղի մասին: Այն եղել և առ այսօր մնում է չբացահայտված…

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։

Հատվածները «Սասնա ծռեր» էպոսի վերջին՝ «Փոքր Մհեր» ճյուղից է: Փոքր Մհերն իր հոր` դյուցազուն Դավթի անեծքի պատճառով փակվել է Մհերի դուռ ժայռ-քարանձավի մեջ: Տարին մեկ անգամ բացվում են ժայռի դռները, երկնքից իջնող մանանայով սնվում են Մհերն ու իր ձին, այնուհետև նորից փակվում են:

Ըստ Արամ Ղանալանյանի «Ավանդապատումի», Մհերն իր ձիու հետ այդտեղ պետք է մնա այնքան ժամանակ, մինչև որ աշխարհում թագավորի մարդասիրությունը, արդարությունը, ազնվությունը, խաղաղությունը և գաղափարական‎‎‎‎‎ կյանքը:

Այս պատմությունը, ոնց էլ լինի, լսած կլինեք: Հնարավոր է՝  իմանաք նաև, որ Մհերի դուռը մեկ այլ անվանում ունի՝  Խալդիի կամ Աստծո դարպասներ: Ըստ Գ.  Ղափանցյանի, Խալդիի կացարանը պատկերացվել է քարե «դռան» հետևում՝  լեռնային քարայրի մեջ,  որտեղից նա դուրս է գալիս  հատուկ դեպքերում՝  որոշ տոների ժամանակ, մասնավորապես  Համբարձման և Վարդավառի գիշերը: Ըստ ավանդության, ամեն տարի Համբարձման գիշերը երկինքն ու գետինը համբուրվում են: Հենց այդ ժամանակ էլ բացվում են Աստծո դարպասները:

Տեղ հասանք, այ այստեղ պիտի կանգ առնենք:

Հիմա բարձրանանք Վանի «Մհերի դուռ» անվանումը ստացած ժայռախորշը, այն գտնվում է ավելի քան 30-40 մետր բարձրության վրա: Աստիճանները տանում են դեպի խորշի մուտքր, ժայռի ստորոտում ստորգետնյա մեկ այլ շինություն կա: Չարխի ֆալակը լեռան գագաթից մինչև նրա խորքերն իջնող անցք է: Միևնույն ժայռի երկարաձիգ շարունակության վրա՝ արևմտյան կողմում, քարի ճակատը տաշված է շրջանակի մեջ առնված քառանկյունի մուտքի ձևով: Ժողովուրդը դրան կոչում է Մհերի դուռ: Խուլ մուտքի ամբողջ մակերեսը ծածկված է բևեռագրերով, որոնք պաշտամունքային բովանդակություն ունեն: Վանում Մհերի դուռը տեսածները կհաստատեն վերևում նկարագրվածը:

Բայց… մենք խոսելու ենք ոչ թե այս, այլ աշխարհի մեկ այլ վայրում գտնվող նմանօրինակ դռան մասին: Զարմացա՞ք, ես էլ: Պատրաստվեք, գնում ենք… Պերու:

Պատմությունը սկսվել է այսպես: 1996 թ.-ի սեպտեմբերին լեռնագնաց Խոսե Լուիս Դելգատո Մամանին Տիտիկակա լճի (աշխարհի ամենաշատ քաղցրահամ ջրերի պաշար ունեցող լեռնային լիճն է, երկրորդը՝  Սևանա լիճն էշրջակայքում (Պերու) փնտրում-գտնում է երազում տեսածը: Երազում նա տեսել էր քարաժայռ, որը ներսում ուներ դուռ: Դուռը բաց էր, իսկ ներսից հորդում էր կապույտ, փայլուն լույս: Երազն այդ նա պատմել էր տնեցիներին և ընկերներին, բայց ոչ մեկն էլ ուշադրություն չէր դարձրել Խոսեի պատմածին: Էս մեր Խոսեն էլ որոշել էր գնալ իր երազի հետքերով և ահա, գտել էր իր փնտրածը: «Ես փնտրեցի և, երբ գտա, միանգամից զանգահարեցի հնէաբաններին: Երկու օր անց տարածքը լիքն էր հնէաբաններով և տարբեր տեսակի սարքավորումներով»,-պատմում է Խոսե Լուիս Դելգատո Մամանին:

Պարզվում է, որ այդ ժայռը տեղաբնիկներն անվանում են Արամի Մուրու, իսկ խորշը՝  Հայու Մարկա, տեղացիների լեզվով՝ Աստվածների շքամուտք:

Այժմ բացենք Վիքիպեդիան.«Արամու Մուրու (իսպ.՝ Aramu Muru), կամ Հայու Մարկա (կեչուա՝ Hayumarka), հայտնի է նաև Աստվածների դարպասներ անվանմամբ, ինկերի քաղաքակրթությունից մնացած Պերուի Չուկուիտո նահանգում գտնվող Խուլի քաղաքի հարևանությամբ՝  Տիտիկակա լճի մոտակայքում գտնվող պատմադիցաբանական նշանակություն ունեցող քարաժայռ: Համաձայն ավանդության, Արամու Մուրու անունով քուրմը Դռան միջով մտել է Երկիր մոլորակի խորքը՝ այնտեղ Կորիկանչա անունով ոսկե սկավառակը թաքցնելու համար»:

Ինկերի լեգենդի համաձայն՝  Պերուի Հայու Մարկայի դռով ներս մտնում են մեծ հերոսները, մյուս կողմում՝ հավերժական կյանքն է: Հազվադեպ, բայց լինում են նաև դեպքեր, երբ այդ հերոսները աստվածացած վերադառնում են, որպեսզի ստուգեն տարածքները:

Հղում անենք մեր էպոսին. Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր տեղը:

Ըստ ինկերի լեգենդի, Աստվածների դռան բանալին գտնվում է Արամա Մուրու անունով քահանայի մոտ: Արամա Մուրուն «Աստվածների բոլոր յոթ դաշտավայրերի բանալու» կամ «Աստծո յոթ ճառագայթների բանալու» պահապանն է, թաքնվում է Հայու Մարկայի լեռներում:

Ըստ պատմաբան Արտակ Մովսիսյանի՝ «Միջագետքում տարածված հավատալիքների համաձայն՝ Հայա (Էնկի) աստծո գլխավոր կացարանում (այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում) էին բնակվում յոթ իմաստունները, որոնց նա ուղարկում էր քաղաքակրթություն տարածելու մարդկանց մեջ: Սա Հայաստանից քաղաքակրթական արժեքների տարածման մասին փաստի արձանագրումն է դիցաբանության լեզվով: Շումերական բնագրերից մեկում նույն միտքն ասվում է առանց դիցաբանական երանգավորման՝  «Իմաստությունն ու արվեստը ցած բերվեց Արատտայից: Ավելորդ չէ նաև հիշատակելը, որ մարդկության արարման մասին շումերական ասքերում հենց Հայա (Էնկի) աստվածն է մարդկության ստեղծողը, որի համար էլ մեծարվում էր Նուդիմմուդ (շումերերեն՝ «Արարիչ, արարչագործ»): Նա էր, որ արարեց առաջին մարդկանց՝ «կավից», «Աստծո պատկերով ու նմանությամբ». այս սյուժեն մեզ քաջ ծանոթ է նաև Ծննդոց գրքից…»:

Կրկին վերադառնանք մեր ինկերի լեգենդին: Մի անգամ, Արամա Մուրուն շամանի օգնությամբ բացում է Հայու Մարկան, մտնում ներս ու այլևս դուրս չի գալիս այնտեղից: Հնագետները այդ դռան վրա հայտնաբերել են փոքր ձեռքի չափ ունեցող մի կլոր օբյեկտ՝  սկավառակի չափ: Դա էլ հենց դռան բանալու անցքն է: Որոշ մարդիկ պատմում են, որ երբ դիպչում են դարպասներին, տեսիլքներ են ունենում. տեսնում են կրակներ տիեզերքում, լուսավոր  թունել և լսում անսովոր երաժշտության ռիթմեր: Տեղացիները դրանք անվանում են աստղային տեսիլքներ: Պատմում են նաև կլոր ու լուսավոր օբյեկտների մասին, որտեղից ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս աստվածները և ուղղորդում մարդկանց:

Ըստ լեգենդի, աստվածների դուռը մի օր կբացվի՝  «շատ ավելի մեծ, քան իրականում է» և աստվածները կկարողանան վերադառնալ իրենց «Արևի նավերով…»:

Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
Որ էլնենք էդտեղեն։

Այսպիսի զամանալի Մհերի դուռ և Հայու Մարկա…

Mheri durՕգտագործված ռեսուրսներ

Առաջին լուսանկարում՝ Մհերի դուռ (անձնական արխիվ)

Երկրորդ լուսանկարում՝  Հայու Մարկա

Մհերի դուռ կամ Աստծո դարպասներ

Արտակ Մովսիսյան «Հայկական պետականությունները»

Արամու Մուրու

Անգլերենից ազատ փոխադրությունը՝  Արեգ Գալոյանի

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Հա, էս էլ ինկերի զարմանահրաշ Մաչու Պիկչու քաղաքը

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Մհերի դուռ և Արամի Մուրու

  1. Уведомление: Հունիսյան իմ պլեները — Սեբաստացիական մեդիադարակ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s