Հունիսի 29-ին ծնվել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին:
«Ճշմարտությունն այն է, ինչ աշխարհն ավելի պարզ է դարձնում, այլ ոչ թե այն, ինչ աշխարհը քաոսի է վերածում: Ճշմարտությունն այն չէ, ինչն ապացուցման կարիք ունի։ Ճշմարտությունը պարզություն է» : Էքզյուպերի
Հատված Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Ռազմական օդաչու» գրքից
Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ մերձավորի հանդեպ սերը Մարդու մեջ վերածում է պարգևի: Ես անհատից պահանջվող Հնազանդության իմաստը հասկանում եմ խորությամբ: Հնազանդությունը չի նսեմացնում մարդուն: Այն բարձրացնում է մարդուն: Այն բացահայտում է Սուրհանդակի ինքնությունը:
Հնազանդության միջոցով իրականացվում է հարգանք առ Աստված ոչ միայն մերձավորի, այլև Սուրհանդակի՝ ինքն իր նկատմամբ: Նրա, ով գիտակցում է իր՝ Աստծո նախանշած ուղիով ընթանալու առաքելությունն ու Աստծո մունետիկ լինելու փաստը:
Հնազանդությունն ինքն իրեն մոռանալու՝ միաժամանակ ինքն իրեն բարձրացնելու ցուցում է: Հենց անհատը սկսում է սեփական կարևորությունը գերագնահատել, նրա ուղին անմիջապես դեմ է առնում պատի:
Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ պատգամում է հարգանք ինքն իր նկատմամբ, այսինքն՝ հարգանք Մարդու նկատմամբ ինքն իր միջոցով:
Ես հասկանում եմ վերջապես, ինչու առ Աստված սերը մարդկանց պարտավորեցնում է մեկը մյուսի հանդեպ պատասխանատվություն ունենալ և նրանց՝ որպես բարի գործ կատարողների, Հույս ներշնչել: Չէ՞ որ յուրաքանչյուր մեկն Աստծո կողմից ուղարկված Սուրհանդակ է, և ամեն մեկին տրված է բոլորի փրկությունը: Եվ ոչ մեկն էլ իրավունք չունի հուսահատվելու, որովհետև յուրաքաչյուր մարդն որպես մունետիկ առավել կարևոր է, քան հենց ինքը՝ մարդը:
Հուսահատությունը հավասարազոր է ինքն իր ներսում Աստծուն մերժելուն: Հույսի պատգամը կարելի է փոխանցել հետևյալ կերպ. «Նշանակում է, դու քեզ վերագրում ես այդպիսի մեծ կարևորությո՞ւն: Որքան ինքնագոհություն կա քո հուսահատության մեջ»:
Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ ասում է՝ յուրաքանչյուր մեկը պատասխանատու է բոլորի համար և բոլոր մարդիկ պատասխանատու են յուրաքանչուր մեկի համար: Անհատը պետք է ինքնազոհողության գնա ընդհանուրի փրկության համար, սակայն այս իրողությունը տարրական թվաբանության հետ կապ չունի:
Ամբողջ հարցը առ Մարդ հարգանքն է անհատի միջոցով: Այո՜, իմ հոգևոր մշակույթի վեհությունն այն է, որ հարյուր հանքագործներ կարող են վտանգել իրենց կյանքը՝ հանուն փորձանքի մեջ հայտնված իրենց ընկերոջ: Քանի որ նրանք փրկում են Մարդու:
Հաշվի առնելով այս ամենը՝ ես հասկանում եմ՝ ինչ ասել է ազատություն: Դա ուժային տիրույթում սերմից աճող ծառի ազատությունն է: Այն գործադրած ջանքերի շնորհիվ Մարդու աճն է: Այն նման է հանդիպակաց փչող քամու: Միայն այդ քամու շնորհիվ է առագաստանավը բաց ծովում ազատ տեղաշարժվում:
Մարդը, ով դաստիարակվել է այս օրենքներով, ի վիճակի է տիրապետել ուժը զորավոր ծառի: Նա ունակ է իր արմատները տարածել՝ ընդրգելով ինչպիսի՜ տարածքներ: Եվ մարդկային ինչպիսի՜ արժեքավոր որակներ նա կարող է կլանել՝ արևի տակ ծաղկելու համար…
Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ ընդունում է մարդկանց հավասարությունը Մարդու ներսում:
Ես հասկանում եմ՝ որտեղից կարող է սկիզբ առնել մեկը մյուսի նկատմամբ հարգանքը: Գիտնականը պետք է հարգի բեռնակիրին, որովհետև այդ բեռնակիրի հանդեպ ունեցած վերաբերմունքով պատվում է Աստծոն: Այդ Սուրհանդակ-բեռնակիրը հավասար է գիտնականին: Ինչքան էլ մեկը արժանավոր լինի, իսկ մյուսը՝ միջականություն, ոչ մեկը բարոյական ոչ մի իրավունք չունի իր նման մեկ ուրիշի նկատմամբ ստրկաբարո վերաբերմունք ցուցաբերել, քանի որ չի կարելի Սուրհանդակին նվաստացնել:
Բայց հարգանքը մարդու նկատմամբ չպիտի հանգեցնի քծնանքի, պիտի տեղի չտա միջակության առաջ, հիմարության և տգիտության առաջ, որովհետև մարդու մեջ նախ և առաջ պիտի հարգել արժանապատվությունը Աստծո Սուրհանդակի: Աստծո Սերն անկախ է մարդկանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից, որովհետև կախում չունի Սուրհանդակների անհատական որակներից:
Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ մարդուն հարգում է անկախ նրա ունեցած անձնային որակների:
Ես հասկանում եմ՝ որտեղից է եղբայրությունը սկսվում մարդկանց միջև: Մարդիկ Աստծո եղբայրներն են: Եթե միասին ապրող մարդկանց մեջ չկա որևէ կապող բան, նրանք ընդամենը կողք կողքի ապրողներ կլինեն, ու կապված չեն լինի մեկը մյուսին: Հենց էնպես, պարզապես եղբայրներ չեն լինում: Իմ ընկերներն ու ես՝ եղբայրներ ենք 2/33 խմբում: Ֆրասիայում ապրող ֆրանսիացիներն եղբայրներ են:
Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ ընդունում է մարդկանց եղբայրությունը Մարդու մեջ:
Ես հասկանում եմ մերձավորի նկատմամբ սիրո նշանակությունը, որն ինձ սովորեցրել են: Սերը մերձավորի հանդեպ՝ Աստծուն մատուցած ծառայություն է անձի միջոցով: Դա տուրք է առ Աստված, անկախ անհատի՝ միջակություն լինելու փաստից: Այդ սերը չի նվաստացնում նրան, ում որ ուղղված է, այն չի կապում երախտագիտության շղթաներով, որովհետև դա, ըստ էության, հարգանքի տուրք է ոչ թե այս կամ այն անհատին, այլ հենց իրեն՝ Աստծուն: Ահա թե ինչու այդպիսի սերը երբեք չի կարող մարել միջակության, հիմարության կամ տգիտության առաջ: Բժշկի պարտականությունը սեփական կյանքը վտանգելով բուժելն է ժանտախտով հիվանդին, ով էլ որ նա լինի: Բժիշկը ծառայում է Աստծուն: Նրան չի նսեմացնում այն հանգամանքը, որ անքուն գիշեր է անցկացրել, որպեսզի հոգ տանի ոմն խարդախ ղեկավարի:
Աղբյուրը՝ Антуан де Сент Экзюпери, Военный летчик
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև նախորդ տարիների թարգմանություններին՝
Հատվածներ «Նամակ պատանդին» (Письмо заложнику). գրքից
Հատվածներ «Միջնաբերդ» (Цитадель) գրքից
Հատվածներ «Ռազմական օդաչու» (Военный летчик) գրքից
Կոնսուելո Սանդովալ՝ Էքզյուպերիի վարդի նախատիպը